Իշխանությունը գործնականում լինելու է բազմաբևեռ, ապակենտրոնացված

- in Հրապարակ
71
eshelon ishxanutyun

Գործնականում վաղուց երևի թե ակնհայտ է, որ բացառությամբ այն դեպքի, երբ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, մնացյալ բոլոր դեպքերում վարչապետի որևէ այլ թեկնածուի պարագայում իշխանությունը գտնվելու է ոչ թե Հանրապետության հրապարակին նայող պատուհաններից այն կողմ, այլ այդ շենքի այսպես ասած հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակում, որտեղ նախագահի կարգավիճակում կլինի Սերժ Սարգսյանը:

Եթե չլինի ուժեղ վարչապետի ֆիգուր, ապա Հայաստանի իշխանությունը գործնականում լինելու է բազմաբևեռ, ապակենտրոնացված՝ իհարկե ապակենտրոնացված իշխանության դե յուրե համակարգի շրջանակում, քանի որ իշխող կուսակցության շրջանակում կգործի բավական հստակ հիերարխիկ բուրգ:

Այդպիսով, ըստ էության ստացվում է մի վիճակ, երբ Հայաստանը կանգնում է երկընտրանքի առաջ, գոնե իրերի այս պահի դասավորության պայմաններում. կամ Սերժ Սարգսյան վարչապետի գլխավորությամբ անմիջական և կոնկրետ պատասխանատվությամբ դե յուրե իշխանություն, կամ որևէ այլ վարչապետի գլխավորությամբ դե յուրե իշխանություն, իսկ դե ֆակտո՝ ստվերային անպատասխանատու իշխանություն Մելիք-Ադամյան փողոցում: Որն է հոգեպես ավելի ազնիվ, կասեր թերևս դասականը: Ըստ էության՝ ոչ մեկը, քանի որ հոգեպես ազնիվ լինելու համար Հայաստանում իշխող կուսակցությունը պետք է չլիներ ՀՀԿ-ն: Սակայն իրական քաղաքականության ռեժիմում Հայաստանը կանգնած է հենց վերը բերված երկընտրանքի առաջ, որի պարագայում սակայն ամենաէականն այն է, որ ընտրողը Հայաստանը չէ, որ լինելու է, այլ ընտրությունը կատարվելու է իշխող համակարգի ներսում, խիստ փակ և սահմանափակ թվով մարդկանց շրջանակում:

Այդ շրջանակի վրա կարող է ազդել միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, որոնց հետ այս կամ այն հարցում՝ իսկ հիմնականում ղարաբաղյան խնդրում որևէ աստիճանի հարաբերություն ունի Հայաստանի իշխանությունը, հետևաբար, որևէ աստիճանի կարևորություն և կախվածություն միաժամանակ: Իսկ ահա Հայաստանի հանրությունը չունի ազդեցության որևէ լծակ, թեև այստեղ խնդիրը միայն վարչապետի կամ իշխանության հարցը չէ, քանի որ Հայաստանի հանրությունը չունի իշխանության գործողությունների վրա որևէ առումով ազդելու լծակ: Այդ լծակը, որ կոչվում է ընդդիմություն, Հայաստանում դեֆորմացված է վաղուց, իսկ նորի ձևավորումը դարձել է «սիզիփոսյան աշխատանքի» կամ «դանայան տակառի» մի յուրօրինակ տարբերակ, չի երևում դրա վերջը կամ քիչ թե շատ կայուն և հաստատուն արդյունքը, որ կարող է հանրությանն օժտել քաղաքական և քաղաքացիական ազդեցության նոր գործիքակազմով:

Այդ իմաստով, 2018 թվականի ապրիլից Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելին լիարժեք անցման փոխարեն ոչ պակաս հավանական է դառնում ստվերային կառավարման մոդելին լիարժեք անցումը, երբ արդեն ոչ թե անձերը, այլ ամբողջապես դե յուրե իշխանությունը դե ֆակտո իշխանության համար կծառայի որպես ամբողջական քավության նոխազ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20