Իշխանությունը հավաքական իմաստով, ցավոք, չի գնա այդ քայլին

- in Հրապարակ
HAPK

ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու խնդիրը, որ ակտիվացել է «Ելք» դաշինքի երկու առաջնորդների մի շարք հայտարարությունների արդյունքում՝ Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի, հանրային, լրատվական և փորձագիտական տիրույթում առավելապես քննարկվում է այն կոնտեքստում, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը դուրս գալ ԵՏՄ-ից:

Նույն կոնտեքստում էլ դիտարկվում է հարցը, թե կգնա՞ արդյոք իշխանությունն այդպիսի քայլի: Իշխանության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ չեն գնա և այդ քայլը չունի որևէ հիմք, ԵՏՄ-ն չունի այլընտրանք: Իհարկե, անգամ առանց այդ հավաստիացումների ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը չի գնա ԵՏՄ-ից դուրս գալու որևէ գործընթաց նախաձեռնելու, մի շարք պատճառներով: Ընդ որում, այդ հարցում իշխանության պատճառներն անգամ չեն կարող միատարր լինել:

Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ունի այդպիսի քայլի չգնալու իր պատճառները, Կարեն Կարապետյանն ունի այդպիսի քայլի չգնալու իր պատճառները, իշխանության մեծամասնության տարբեր մեծ ու փոքր թևեր ունեն երկու այդ առանցքային պատճառահետևանքային թևերի տակ ծվարելու իրենց պատճառները: Բայց բոլորի հանրագումարն անշուշտ կազմում է այն, որ իշխանությունը հավաքական իմաստով չի գնա այդ քայլին: Բայց դա արդյո՞ք իմաստազրկում է ընդդիմադիր դաշտում խնդրի նախաձեռնումը, օրակարգայնացումը, դրա շուրջ բանավեճերի, քննարկումների ակտիվացումը, գեներացիան:

Ամենևին: Եվ հակառակը՝ Հայաստանի պարագայում ներկայումս գուցե առավել կարևոր է, թե արդյո՞ք Հայաստանի հասարակությունն ինքը կարող է գտնել իր համար անհրաժեշտ կոմունիկացիաներ, եռանդ, ուժ, լրացնելու համար այն բացը, որը կար Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալիս կամ դրա մասին հայտարարելիս՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև այսօր: Խոսքը Հայաստանում պետական քաղաքական կուրսի և ինքնիշխանության կարևորագույն այդ հարցում սկզբունքային և ծանրակշիռ ընդդիմության բացակայության մասին է: Այդ տեսանկյունից, իմաստն ամենևին չի չափվում նրանով, թե ինչքանով է իշխանությունն ունակ գնալու անդամությունը չեղարկելու քայլի, կամ ընդդիմությունն ինչքանով է ունակ իշխանությանը պարտադրելու այդպիսի քայլ: Խնդիրն այն է, թե Հայաստանն ընդհանրապես իբրև պետական հասարակական օրգանիզմ ինչքանով է ունակ իր ներսում ձևակերպել փաստարկված, հիմնավորված այլընտրանքային հայեցակարգ և նույնիսկ հայեցակարգեր, տվյալ դեպքում այդ կարևորագույն, հիմնարար խնդրի շուրջ: Ինչքանով է Հայաստանն ունակ ունենալ այլ կարծիք, գոնե երկրորդ կարծիք, գոնե երկրորդ սցենար՝ պետության պլան Բ, որպիսին ընդդիմությունն է, բայց ոչ թե տիտղոսային կամ հռչակագրային, այլ միանգամայն իրավագիտակից և քաղաքականապես գրագետ, հասուն, գաղափարական սոցիալական բազա ունեցող ընդդիմությունը:

Հայաստանը, գլոբալ առումով, որպես պետություն, որպես գլոբալ աշխարհի զարգացումների սուբյեկտ կամ սուբյեկտության հավակնորդ, ԵՏՄ-ից դուրս գալու գործընթացը կարող է սկսել հենց այդտեղից, միայն ու միայն այդտեղից: Այդ գործընթացում որակյալ և հանրայնորեն լեգիտիմ ընդդիմություն և համապատասխան հանրային կարծիք ու պահանջարկ ձևավորելով է, որ կարող է մեկնարկել Հայաստանի ԵՏՄ անդամությունը դադարեցնելու գործընթացը: Ըստ էության, Հայաստանն արդեն իսկ առկա քննարկումներով նույնիսկ սկսել է գործընթացը, որպես պետական օրգանիզմ, և ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսին կլինի դրա շարունակությունն ու ամբողջականացումը, կամ սաղմնային վիճակից քաղաքական  միս ու արյուն ստանալը։ Հենց այդ դիտանկյունից, հենց այդ պրիզմայով պետք է նայել նախաձեռնությանը, որի մասին խոսում է «Ելք»-ը: Այսինքն՝ այն պետք է չափել ոչ թե իշխանության վրա ազդեցության, այլ հանրության հետ երկխոսության տեսանկյունից: Միայն այդ ճանապարհով է, որ ԵՏՄ-ում կարող են մտածել Հայաստանին պահելու անհրաժեշտության մասին, և այդ դեպքում միայն շանտաժի և սպառնալիքի գործիքակազմի փոխարեն, Հայաստանի հետ ստիպված կլինեն կիրառել առաջարկների գործիքակազմ, եթե, իհարկե, կա այդպիսին ԵՏՄ-ում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20