Իշխանությունները Արտաշատում լուռ են, նաև՝ իրենց թեկնածուի հարցում են փոշմանե՞լ

- in Ընտրություններ
Yntrutyun

Երկու ամսից՝ նոյեմբերի 5-ին, Արտաշատում կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ, բայց որքան էլ ուշագրավ է, քաղաքում բացարձակ նախընտրական շարժ չկա: Կողմերը լուռ են ու ոչ մի քայլ չեն անում:

Սա, ըստ էության, անսովոր իրավիճակ է, քանի որ Հայաստանում՝ լինի ՏԻՄ, թե համապետական ընտրություն, կրքերը բորբոքվում են մի քանի ամիս առաջ: Մինչ օրենքով սահմանված ժամկետները շտաբներ են բացում, սկսում ընտրողների հետ աշխատանք, ընտրակաշառքի ցուցակներ են կազմում: Այս գործընթացից և ոչ մեկը Արտաշատում տեղի չի ունենում այս օրերին:

Որոշ տեղեկություններով՝ այս լռությունը պայմանավորված է նրանով, որ Արտաշատի երբեմնի տիրակալներ Աբրահամյանները որոշել են առհասարակ չմասնակցել քաղաքապետի ընտրություններին: Թեև ավելի վաղ խոսվում էր, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ոչ մի կերպ Արտաշատը չի հանձնի իշխանություններին, սակայն, մեր տեղեկություններով, երկարատև քննարկումներից հետո Հովիկ Աբրահամյանը համաձայնել է հետ քաշվել, չխառնվել ընտրություններին և առհասարակ քաղաքական զարգացումենրին: Դրա մասին է վկայում նաև այն, որ Հովիկ Աբրահամյանը սկսել է վաճառել մարզում և Արտաշատում ունեցած իր բիզնեսները՝ գործարանները, արտադրամասերը:

Մամուլում գրվեց, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը վաճառել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում ունեցած իր 50 տոկոս բաժնետոմսը: Նշենք, որ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:

Ավելի վաղ գրվեց նաև, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող մի քանի բիզնեսներ էլ գնել է ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, իսկ Արարատի մարզում Աբրահամյաններին պատկանող գազալցակայանները գնում է նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն:

Հովիկ Աբրահամյանը վերջերս անդրադարձել էր իր բիզնեսները փակելու, վաճառելու մասին հրապարակումներին, սակայն ցավ էր հայտնել, որ «օպտիմալացմանն ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում»։ «Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»,- ասել էր Աբրահամյանը՝ ըստ էության հաստատելով, որ կրճատում է, օպտիմալացնում է իր բիզնեսները:

Ասում են, Հովիկ Աբրահամյանը այս որոշմանն է հանգել իշխանություններից չստանալով որևէ ազդակ, պաշտոնի առաջարկ: Նախկին վարչապետի նեղացվածությունը իշխանություններից, որը կարճատև ժամանակով մեղմացել էր ամիսներ առաջ, կրկին խորացել է: Դրա համար էլ նա որոշել է իր հիմնական կապիտալը տեղափոխել արտերկիր և այնտեղ զբաղվել նրանով, ինչն իր մոտ լավագույնն է ստացվում:

Ինչ վերաբերում է Արտաշատի քաղաքապետի նոր թեկնածուին, ապա դրա ընտրությունը արդեն միայն իշխանությանն է պատկանում, որն էլ այդ գործը թողել է խորհրդարանական ընտրություններին մարզում առավելագույն ձայներ հավաքած Արայիկ Գրիգորյանին: Արտաշատի քաղաքապետի թեկնածուն կլինի հենց Գրիգորյանի շրջապատից:

Գրեթե նվազագույնի է հասել նաև իշխանությունների կողմից որպես թեկնածու Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի կամ նրա որդիների առաջադրումը: Նրանց պայքարը Հովիկ Աբրահամյանի դեմ էր, և իշխանությունները մտադրվել էին միայն Հովիկ Աբրահամյանի կողմից առաջադրված թեկնածուի պարագայում Ղազարյաններին հանել նրանց դեմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20