«Խոպանչի ղարաբաղցու» կերպարը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր այնտեղ են, որտեղ պաշտոն ու փող կա

- in Ով ով է ..., Պնակալեզներ
139
Robert Qocharyan

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը չի դադարում արդարացնել Արցախի իշխանությունների արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վրա կատարած ճոխ ծախսերը։

Անցյալ շաբաթ նա 1in.am լրատվամիջոցի հարցին հարցով էր պատասխանել, թե բա էշով չեն շրջել (բառացի)։ Երեկ Իսագուլյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում էշը դարձրել է ժիգուլի ու նույն ոճով շարունակել պաշտպանել Արցախի իշխանության ամբարտավան ծախսերը։

«Արցախում քաղաքացիները պետք է շատ ավելի լավ ապրեն, քան Հայաստանում։ Շարքային քաղաքացին էլ, իշխանություններն էլ պետք է այնտեղ շատ ավելի լավ մեքենայով շրջեն, քան Հայաստանի շատ օլիգարխներ. ազատագրված հողեր են պահում»,- ասել է Իսագուլյանը:

Արցախում կոռուպցիոն դրսևորման և պետական փողերի վատնման փաստն արդարացնելու համար Իսագուլյանը դիմել է անտաղանդ հնարքի` վտանգավոր սեպ խրելով հայաստանցիների ու ղարաբաղցիների միջև, այսինքն՝ բորբոքել է այն կրակը, որ կենցաղային մակարդակում կա 1998-ից սկսած, երբ Ռոբերտ Քոչարյանը տգեղ ձևով զավթեց իշխանությունը Հայաստանում, ապա անորակ կառավարման հետևանքով ձևավորեց հանրային կարծիք, թե ղարաբաղյան կլանը Հայաստան եկել է խոպանի:

Արցախյան ծագմամբ մյուս նախագահը՝ Սերժ Սարգսյանը, հանրային այս տրամադրությունները չփոխեց: Իհարկե, մենք այնքան պրիմիտիվ չենք, որ կոռուպցիան պայմանավորենք էթնիկ և աշխարհագրական հատկանիշներով, որովհետև ղարաբաղցի չեն, օրինակ, քրեաօլիգարխիայի այնպիսի կարկառուններ, ինչպիսիք են Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանը:

Մյուս կողմից՝ հայաստանցի-ղարաբաղցի հակադրությունը բորբոքում է հենց ղարաբաղյան էլիտան, որը եթե ունենար պետական տարրական մտածողություն, երբեք չէր լքի Արցախը՝ անուղղակիորեն նպաստելով արտագաղթին և ԼՂՀ-ում եղած սահմանափակ կապիտալի արտահոսքին:

Իսագուլյանին թերևս հարկ կա հիշեցնելու, որ ազատագրված հողերը պահում են ոչ թե ԼՂՀ իշխանությունները, որոնք մատը մատին չեն խփել դրանք վերաբնակեցնելու ուղղությամբ, այլ հայկական զինուժի զինվորները, որոնց մեջ մեծ թիվ են կազմում հայաստանցիները: Ազատագրված հող պահող զինվորներից շատերը մատնվում են անտարբերության, երբ ունենում են պետության ֆինանսական աջակցության կարիք: Նրանց համար փող չկա, բայց փողը միշտ հերիքում է, որպեսզի այդ հերոս տղաների արյան գնով հարստանան Հայաստանի ու Արցախի իշխանավորները, օլիգարխները:

Իսագուլյանն այնպիսի տոնայնությամբ է հակադրում Հայաստանի ու Արցախի օլիգարխիաներին, կարծես դրանք նույն մարդիկ ու թիմը չեն: Իսկ եթե ավելի անկեղծ, ապա նույնիսկ «Ժիգուլին» շռայլություն է Արցախի իշխանավորների պարագայում, որովհետև նրանց սեփական հողին կապում է միայն պաշտոնը, որը կորցնելուց հետո նրանք ազգուտակով հեռանում են Արցախից:

«Խոպանչի ղարաբաղցու» կերպարը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը՝ Արցախի երկու նախկին նախագահները, ովքեր այնտեղ են, որտեղ պաշտոն ու փող կա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20