Danakaharutyun

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Բագրատ Ա.-ի գործի դատական քննությունը:

Բագրատ Ա.-ին մեղադրանք է առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսին Բագրատը դիմել է իր քավոր Արտյոմ Բ.-ի կնոջը՝ առաջարկելով ապառիկ կարգով ձեռք բերել բջջային հեռախոս, հանձնել իրեն՝ վաճառելու, ստացված գումարով առկա խնդիրները լուծելու համար:

Քավորի տիկինն ընդառաջել է Բագրատին, իր անունով ապառիկով  բջջային հեռախոս է գնել ու հանձնել է Բագրատին:

Վերջինս ստանձնել է ապառիկի տոկոսագումարները ամսեամիս վճարելու պարտավորությունը: Հետագայում Բագրատը պատշաճ չի կատարել վճարումները: Արդյունքում Բագրատի ու քավորի հարաբերությունները լարվել են:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, գիշերվա ժամը  1-ն անց 15-ի սահմաններում Խորենացու 2-րդ նրբանցքի 38 տան դիմաց Բագրատ Ա.-ն հանդիպել է Արտյոմ Բ.-ին, նրանք  վիճել են և վեճի ընթացքում Արտյոմին կյանքից զրկելու դիտավորությամբ Բագրատը իր մոտ եղած դանակով 7 անգամ հարվածել է Արտյոմ Բ.-ի մարմնի տարբեր մասերին՝ կրծքավանդակին, որովայնին ու ձեռքին՝ պատճառելով կրծքավանդակի առաջնային մակերեսի աջ կեսի, որովայնի աջ կեսի թափանցող, գոտկային շրջանի ձախ կեսի, ձախ բազկի, ձախ նախաբազկի ծակած-կտրած վերքեր՝ կրծոսկրի, առպատային թերթիկի, որովայնամզի վնասումով, հեմոթորաքսով, հետորովայնամզային արյունահավաքով, խորանիստ մկանների վնասումով:

Արտյոմ Բ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Բ.-ին  կյանքից զրկելու դիտավորությունը Բագրատն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ տուժողի օգնության կանչերը լսելով՝ այդ տեղանքում ծառայություն իրականացնող ոստիկանները մոտեցել ու Արտյոմ Բ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ տուժողի կյանքը փրկվել է:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ արձանագրված է, որ Արտյոմ Բ.-ի մարմնին առկա են ծակած-կտրած 6 վերքեր:

Սկզբում քրեական գործը հարուցվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, այնուհետև մեղադրանքը խստացվել է, Բագրատ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104 հոդվածի 1-ին մասով:

Գործի նախաքննության ընթացքում կատարվել է տուժողի ու մեղադրյալի առերես հարցաքննություն, որի ժամանակ տուժող Արտյոմ Բ.-ն հայտարարել է, թե հաշտվել է Բագրատի հետ, իրականում Բագրատն իրեն սպանելու սպառնալիքներ չի տվել, չի ցանկացել իրեն զրկել կյանքից, նա իրեն դանակահարել է փոխադարձ վեճ ու կռվի ժամանակ:

Բագրատ Ա.-ի շահերի պաշտպան, փաստաբան Ալվարդ Մնացականյանը նախաքննության ընթացքում միջնորդել է վերաորակել մեղադրանքը, նորից մեղադրանք առաջադրել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, սակայն քննիչը մերժել է պաշտպանի միջնորդությունը:

Պաշտպանը ևս մեկ անգամ է միջնորդել վերաորակել իր պաշտպանյալի արարքը՝ պնդելով, որ նրա դիտավորությունը Արտյոմ Բ.-ին սպանելը չի եղել, նման դիտավորություն Բագրատը չի ունեցել: Տուժողն էլ է նշել, որ Բագրատը մինչև ոստիկանների մոտենալը հնարավորություն ուներ իրեն դանակի նոր հարվածներ հասցնելու, սակայն չի հասցրել…

Դատարանում հրապարակվեց վկա Է.-ի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ նա ծանոթացել է Բագրատի հետ, ընկերություն է արել հետը, շփվել են սոցիալական ցանցերի միջոցով ու հանդիպումների ընթացքում: Մասնավորապես՝ Բագրատը Է.-ի հետ հանդիպել է 2016 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 20-ի սահմաններում:

Ըստ վկա Է.-ի՝ ինքն ու Բագրատը գնացել են Պարոնյան փողոցում գործող «սննդի կետ», հաց են կերել, երկուսով խմել են մեկ շիշ օղի: Այնուհետև կեսգիշերին դուրս են եկել «սննդի կետից»: Է.-ն իր մեքենայով ցանկացել է Բագրատին տուն տանել, բայց հետո որոշել են, որ կգնան Է.-ի տան մոտակայքը, որտեղից Բագրատը տուն կգնա տաքսիով:

Երբ հասել են Խորենացի փողոցի նրբանցք ու մեքենայի մեջ զրուցելիս են եղել, մոտեցել է Արտյոմ Բ.-ի մեքենան: Ըստ վկա Է.-ի՝ Արտյոմը պատուհանից Բագրատին ասել է՝ իջի նստի իմ մեքենան: Բագրատը Է.-ին ասել է, թե կզանգի, իջել ու նստել է Արտյոմի մեքենան, իսկ Է.-ն իր մեքենայով հեռացել է: Ավելի ուշ նա իմացել է, որ Բագրատի ու Արտյոմի միջև վեճ է եղել, որն ավարտվել է դանակի հարվածներով…

Դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները, փաստաթղթերը, ինչպես նաև իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ հանցագործության գործիք ճանաչված ծալովի դանակը:

Այնուհետև ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Ալվարդ Մնացականյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը գտնի, որ կալանավորումը վերացնելու հիմքեր չկան, ապա կալանքը փոխարինի գրավով՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն ունի մշտական բնակության վայր, նրա խնամքին է մանկահասակ երեխան: Պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալի հարազատները պատրաստ են ցանկացած գումար մուծել որպես գրավ:

Պաշտպանը հիմնավորեց իր միջնորդությունը՝ ասելով, թե Բագրատ Ա.-ն կալանքի տակ է 2016 թվականի նոյեմբերից: Ներկայումս դատարանը հարցաքննել է բոլոր վկաներին, հետազոտել է ապացույցները: Բագրատ Ա.-ն այլևս չի կարող ազդել որևէ վկայի վրա, բոլոր ապացույցներն արդեն հավաքագրված են, Բագրատին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է:

Պաշտպանն անդրադարձավ նաև իր պաշտպանյալին առաջադրված ծանր մեղադրանքի՝ հիմնավորված չլինելու հանգամանքին: Պաշտպանն ընդգծեց, որ սկզբում մեղադրանքը առաջադրվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքով: Այնուհետև, չնայած տուժողի վիրահատությունից հետո  բժիշկը նրա վիճակը գնահատել է ծանր, նշել է, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու, բայց քննիչը հարցաքննել է նրան, բացատրություն է վերցրել ու քննիչի տված հուշող հարցին ի պատասխան նոր վիրահատված տուժողն ասել է, թե Բագրատը ցանկանում էր կյանքից զրկել իրեն: Միաժամանակ տուժողն ասել է նաև, որ Բագրատը հնարավորություն ունեցել է էլի հարվածներ հասցնելու դանակով, բայց չի հարվածել… Տուժողն ասել է, թե ինքն ու Բագրատը անձնական հարցերով խոսակցության ժամանակ սկսել են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց, ու ինքը հանկարծ զգացել է, որ կողքը տաքացավ… Ներկայումս տուժողն իրեն լավ է զգում, նա աշխատում է:

Պաշտպանը վերստին պնդեց իր դիրքորոշումը՝ Բագրատ Ա.-ի արարքը վերաորակելու անհրաժեշտության մասին:

Ըստ պաշտպանի՝ Բագրատի արարքը  սպանության փորձ չի եղել, իսկ ներկայումս նրա արարքի վտանգավորության աստիճանը նվազել է, քանի որ Բագրատն ու Արտյոմը հաշտվել են, նրանց միջև հարաբերությունները լարված չեն, բուժման ամբողջ ընթացքում Բագրատի ընտանիքը տուժողի կողքին է եղել…

Մեղադրողն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, որ չեն վերացել Բագրատ Ա.-ին կալանքի տակ պահելու հիմքերը:

Դատարանը հեռացավ խորհրդակացական սենյակ, ապա ամբողջությամբ մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ Բագրատ Ա.-ի կալանքը վերացնելու կամ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Դատարանը հասավ ամբաստանյալի հարցաքննության փուլին:

Բագրատ Ա.-ն ժամանակ խնդրեց ցուցմունքին պատրաստվելու համար:

Նա ցուցմունք կտա հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 4-ին:

Spread the love