Հաղարծինցիներին դուրս է բերել պայքարի հենց բիզնեսով զբաղվող անձնավորությունը

- in Սոցիալական
Merdzavan gyux

Նախօրեին Հաղարծին համայնքի գյուղացիները փակել էին գյուղ տանող ճանապարհը և պահանջում էին թույլատրել անտառից ծառահատում իրականացնել, քանի որ դա իրենց ապրուստի միակ միջոցն է:

Թե որքանով է գյուղացիները պահանջն արդարացված՝ շատ վիճելի է, քանի որ ապրուստի միակ միջոցը չի կարող արդարացնել անտառ հատելը, որը բոլոր դեպքերում անօրինական քայլ է:

Բնապահպան Գալուստ Նանյանը Հաղարծինում ստեղծված վիճակը համեմատում է տարիներ առաջ Վրաստանում ստեղծված վիճակի հետ. «Հաղարծինում տեղի ունեցած միջադեպը ինձ մտովի հասցրեց 2000-ական թվականների սկիզբը, երբ 2002 թվականին հարևան Վրաստանում սկսեցին կազմավորել և ստեղծել Բորժով-Խարագաուլի ազգային պարկը և ազգային պարկի տարածքի մեծ ու հարակից տարածքներում գոյություն ունեցող բնակավայրերի բնակիչներին արգելել էին օգտվել անտառից ՝ փայտ դուրս բերել, անգամ հատապտուղ, դեղաբույս և սունկ հավաքել, և մարդիկ բողոքի ակցիաներով հանդես եկան ու պահանջեցին այլընտրանքային միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք գտնեն իրենց ապրուստի միջոցները:

Նրա խոսքով՝ «Դիլիջան» ազգային պարկի դեպքում մի փոքր ուրիշ է: Նախ՝ «Դիլիջան» ազգային պարկը նոր կազմավորված պահպանվող տարածք չէ: Այն երկու անգամ փոխել է իր կարգավիճակը՝ նախ որպես արգելոց, այնուհետև՝ ազգային պարկ: «Նախ՝ Ազգային պարկի տարածքում մեծ է բնակավայրերի և այնտեղ ապրող բնակչության թիվը, երկրորդ՝ դա նոր որոշում չէ, և անգամ համապատասխան օրենքն է արգելում պահպանվող տարածքներում հատումներ իրականացնել, այդ թվում նաև՝ ազգային պարկերում, երրորդ՝ քանի մեր երկրում դեգերում է սոցիալական խնդիրը, և այն լուրջ տեմպերի է հասնում, ապա մենք կունենանք էլ ավելի բնապահպանական խնդիրներ»,- նկատեց մեր զրուցակիցը:

Բնապահպանի կարծիքով՝ հաղարծինցիների դժգոհությունը այնքան էլ միանշանակ չէ: «Չեմ կարծում, որ բոլոր հաղարծինցիները փայտի գործ են անում… Դա այդպես չի. կա պարզ հաշվարկ: Յուրաքանչյուր բիզնեսի գլխին նստած է մեկ կամ երկու-երեք հոգի, այդ թվում նաև՝ փայտի բիզնեսի առումով: Ես ինքս համոզված եմ, որ հաղարծինցիներին դուրս է բերել պայքարի հենց բիզնեսով զբաղվող անձնավորությունը, ովքեր հարյուր հազարավոր դրամների, միլիոնավոր դրամների օգուտներ են ունենում այդ բիզնեսից: Իսկ հաղարծինցիները այս առումով նրանց աշխատողներն են, որ, օրինակ, կարող են վարձատրվելիս լինել 5000-7000 կամ 10000 դրամ»:

Ինչ վերաբերում է նրանց դժգոհությանը, որ մինչ օրս գազիֆիկացված չէ իրենց համայնքը, ապա, բնապահպանի խոսքով, եթե անգամ գազիֆիկացված լինեին, այդ դեպքում նույնպես անտառը հանգիստ չէր մնա իր տեղում: Նորից հատումներ կլինեն, նորից հարակից գյուղական բնակավայրերի տներում կդրվեն փայտի վառարանները. «Խորհուրդ եմ տալիս որոշում կայացնողներին, որ հատուկ անկախ խմբեր գործուղեն անտառներ՝ մի քանի գիշեր գիշերելու համար, չգաղտնազերծելով իրենց, միանգամից փայտահատ բիզնեսմենները իրենց ոտքով կգան և կփորձեն իրենց գաղտնազերծել, թե ինչքան օգուտ են ունեցել անտառից այս կամ նախորդ տարիներին: Եվ ընդհանրապես՝ անտառ հատողներին ևս մեկ անգամ կրկնում եմ՝ պետք է բռնել գլխից… Քանի որ անտառահատների թիկունքը պինդ է, և, ըստ իրենց, ոչ մեկից չեն խուսափում և ոչ էլ վախենում են»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20