Հայաստանի այսօրվա գաղութային վիճակի նկատմամբ անհանդուրժողականությունից

- in Սոցիալական
Yerevan old

Երևանի այն դպրոցները և փողոցները, որոնք անվանակոչված են հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պետք է վերանայվեն: Կայքերից մեկի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Կարծում եմ՝ սա պետք է լինի մի մեծ փոփոխությունների մեջ ներառված փաթեթ, որն իր հետ բերելու է ոչ թե զուտ անվան փոփոխություն, այլ բերելու է պատմության վերաարժևորում»,- նշել է նա:

Միանգամայն տրամաբանական մոտեցում է, մանավանդ, «Ելքն», օրինակ, առաջարկում է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանակոչել արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով:

Աբսուրդ է Երևանում նման անունով փողոց ունենալ, երբ վաղուց Լենինգրադն անցյալ է անգամ Ռուսաստանի կյանքում: Սակայն միանգամայն համաձայն ենք Դավիթ Խաժակյանի հետ, որ խնդիրն ավելի գլոբալ է և հարկ է ձևավորվել հանրային մշակույթ, որը մերժելի համարի այն ամենն, ինչը կապված է օկուպացիայի խորհրդանիշների, կարկառուն անունների հետ: Այս ճանապարհով գնացել են Վրաստանն, Ուկրաինան և հասել են նրան, որ հասարակություններն իրենց պետությունները համարում են ոչ թե հետխորհրդային, այլ` արևելաեվրոպական երկրներ: Սակայն նոր մտածողությունը, ապագայի տեսլականը չեն ձևավորվում միայն պատմության դեմ կռիվ տալով, մանավանդ, երբ այդ պատմությունը, մեծ հաշվով, նաև ներկադ է:

Ինչքան ուզում ես փոխիր փողոցի Լենինգրադյան անվանումը, դրանից այսօրվա փաստացի օկուպացիադ չի վերանում, որովհետև չունես կայսրությանը հրաժեշտ տալու քաղաքական կամք: Վաղուց Լենինականը դարձել է Գյումրի, բայց շարունակում է մնալ Հայաստանի ռուսական օկուպացիայի խորհրդանիշ ռազմաբազայի ստվերում:

Կայսրության դեմ պայքարը պետք է սկսել ոչ թե կամ ոչ այնքան պատմության վերաարժևորումից, որքան` Հայաստանի այսօրվա գաղութային վիճակի նկատմամբ անհանդուրժողականությունից: Այլապես անիմաստ է ջնջել նվաստացուցիչ հետագիծը, եթե այն ձգվում է մինչև այսօր և հավակնում է լինել մեր վաղը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20