Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները, ավելին են մի քանի անգամ, քան պարզապես սոված ու ծարավ, մերկ չմնալը

- in Սոցիալական
79
Karter 1

2013 թվականից ի վեր Հայաստանի պաշտոնյաները, միջազգային տարբեր ամբիոններում խոսելով Հայաստանի տնտեսական գրավչության մասին, մի բան են ասում՝ մենք ԵՏՄ անդամ ենք և 170 միլիոնանոց շուկան բացում ենք աշխարհի առաջ, կամուրջ ենք ԵՏՄ-ի և աշխարհի միջև, եկեք և ներդրումներ արեք Հայաստանում: Այդ ընթացքում Հայաստանում ներդրումների ծավալները ոչ միայն չեն ավելանում, այլև նվազում են աղետալիորեն:

Հիմա Հայաստանի կառավարությունը որոշում է, որ դեսպանատները պետք է ավելի ակտիվ աշխատեն ներդրումների ներգրավման ուղղությամբ: Դրանով փաստորեն խոստովանվում է, որ Հայաստանի նախագահի, վարչապետի, տարբեր նախարարների, ԱԺ նախագահի միջազգային ամբիոններից ելույթները, արտասահմանյան մամուլին հարցազրույցները, գործարար համաժողովներին մասնակցությունները առ ոչինչ են, որովհետև եթե դրանք ունենային որևէ քաղաքական նշանակություն և կշիռ, ապա ներդրողները իրենք պետք է վաղուց թակեին Հայաստանի դեսպանատների, իսկ ավելի շուտ՝ հենց կառավարության դռները: Բայց չկա այդպիսի իրավիճակ, և կառավարության որոշումն ու դեսպանների հետ կապված մտադրությունը գործնականում խոստովանություն են, որ իշխանության ամենաբարձր մակարդակով առաջ մղվող «կամուրջի» տեսությունը պարզապես քանդվել է, տապալվել:

Այժմ ասում են, թե կա ներդրումային աճ, և խոստացված 850 միլիոնի մի մասը արդեն կատարվել է: Գուցե, բայց խնդիրն այն է, որ դրա առյուծի բաժինը միայն ավելի վաղ պլանավորված Ամուլսարի ոսկու հանքի ներդրումն է, և բացի այդ էլ՝ մնացյալ ներդրումները ըստ էության չունեն այն աշխարհագրությունը, որը թույլ կտա խոսել միջազգային ներդրումային հարթակներում Հայաստանի հեղինակության և վստահության գործնական աճի մասին:

Հայաստանում ներդրումներ կատարվում են կա՛մ, այսպես ասած, սեփական գրպանից, կա՛մ բյուջեից, կա՛մ վարկային միջոցներով, կա՛մ, լավագույն դեպքում, Ռուսաստանի հայ գործարարների ներուժով: Իհարկե, այդ ամենն էլ վատ չէ, նույնիսկ ողջունելի է, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի խորքային և կայուն զարգացման համար պետությունն իր ներդրումային դաշտով պետք է առավելագույնս ինտեգրվի համաշխարհային տնտեսական գործընթացներին, որովհետև պոստինդուստրիալ աշխարհում, որտեղ շուտով երևի թե դեսպանների փոխարեն էլ անգամ կարող են նշանակվել ռոբոտներ, և դիվանագիտական աշխատանքն էլ կարող է տեղի ունենալ արհեստական ինտելեկտի գործուն միջամտությամբ, Հայաստանը չի կարող զարգանալ լոկ հանք փորելով կամ տոնավաճառ-մոլ կառուցելով, կամ հյուրանոց ու սրճարան բացելով:

Այդպես Հայաստանը միգուցե կարող է սոված չմնալ, բայց Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները, մեղմ ասած, ավելին են մի քանի անգամ, քան պարզապես սոված ու ծարավ, մերկ չմնալը:

Հայաստանն ունի Արցախի հարց, ունի անվտանգության գլոբալ հարցեր, և դրա համար կայուն ու դինամիկ զարգացումը կենսական անհրաժեշտություն է, որը հնարավոր է միայն համաշխարհային տնտեսական միտումների հետ ներդաշնակ լինելու դեպքում՝ թե՛ տեմպի, թե՛ բովանդակության առումով: Իսկ դա էլ հնարավոր է, եթե պետությունը բարձր և վստահելի հեղինակություն ունենա միջազգային տնտեսական ներդրումային հարթակներում, այսպես ասած՝ խոշոր խաղացողների շրջանում, որովհետև ներկայումս համաշխարհային տնտեսաքաղաքական գործընթացները տեղափոխվել են առավել խոշոր խաղադրույքների փուլ: Իսկ այդօրինակ ինտեգրացիան չի կարող կատարվել լոկ դեսպանների մակարդակով, եթե մինչ այդ պարզ չէ, թե պետական ինչպիսի գաղափարախոսության և փիլիսոփայության ուղենիշներով և հենքով է առաջնորդվում Հայաստանն աշխարհում:

Օրինակ՝ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդել է, և, մեղմ ասած, անհեթեթ է պատկերացնել խորհրդարանի մեծամասնության ներկայիս կազմը և այդ կազմով կառավարվող պետության միջազգային բարձր հեղինակությունն ու վստահելիությունը խոշոր տնտեսաքաղաքական խաղային հարթակներում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20