Հայաստանի տնտեսության գլխին հերթական սպառնալիքն է կախվել

- in Տնտեսական
151
us-russia

Հայաստանի տնտեսության գլխին հերթական սպառնալիքն է կախվել՝ պայմանավորված Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ սահմանած նոր պատժամիջոցներով: Ճիշտ է, դրանք այս անգամ հիմնականում ազդելու են նավթագազային այն ընկերությունների վրա, որոնցում ՌԴ-ն բաժնեմաս ունի:

Եվ քանի որ այդ ընկերություններն արդեն միայն ՌԴ-ին չեն վերաբերում, այդ երկիրը բաժին ունի միջազգային մի շարք նավթագազային համակարգերում, պատժամիջոցների հարվածը հասնելու է նաև ԵՄ երկրներին: Եվ Եվրահանձնաժողովը գնահատել է, որ ռիսկի տակ են հետևյալ նախագծերը՝ «Բալթյան ՍԲԳ» (Shell և «Գազպրոմ»), «Կապույտ հոսք» (Eni և «Գազպրոմ»), Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի խողովակաշար (Shell, Eni և «Ռոսնեֆտ»), «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» («Գազպրոմ» և եվրոպական մի շարք ընկերություններ), «Սախալին-2» ՍԲԳ (սեղմած բնական գազ) գործարանի ընդլայնում (Shell և «Գազպրոմ»), Հարավկովկասյան գազամուղ և Շահ-Դենիզ հանքավայր (BP և «Լուկօյլ»), Զոհր հանքավայրը Միջերկրական ծովում (BP, Eni և «Ռոսնեֆտ»):

Այս ընկերություններից «Ռոսնեֆտն» ու «Գազպրոմը» մեծ չափով ներկայացված են նաև Հայաստանում, առաջինը նավթամթերք է ներկրում, երկրորդը մեր գազային համակարգի մոնոպոլիստն է ՀՀ անկախությունից ի վեր: Հնարավո՞ր է ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ազդեն այս ընկերությունների հայաստանյան գործունեության վրա՝ մասնավորապես թանկանան գազը և նավթամթերքը: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի ներկայացմամբ՝ կոնկրետ այդ դեպքում, դրանք այդ ընկերությունների ներքին քաղաքականությամբ են պայմանավորված: Այսինքն՝ կարող են թանկացնել, կարող են անգամ էժանացնել:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Հայաստանի վրա այդ պատժամիջոցների բացասական ազդեցությանը, ապա դա անխուսափելի է: ՌԴ-ն Հայաստանի տնտեսական թիվ մեկ գործընկերն է: Եվ որպես երկիր, ՀՀ-ն ամենաշատն արտահանում է ՌԴ, և ամենաշատը ներմուծում է ՌԴ-ից: ՌԴ-ի տնտեսությունը զարգացած չէ և մեծապես կախված է նավթագազային հումքից: Օրինակ՝ վերջին տարիներին նավթի գների էական անկումը ճգնաժամի է հասցրել ՌԴ տնտեսությանը: Եվ հիմա, երբ ԱՄՆ-ը թիրախավորված հենց այդ ոլորտին է հարվածում, ուրեմն այդ երկրում տնտեսական ճգնաժամն էլ ավելի կխորանա: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն անդրադառնալով այդ թեմային՝ շատ նուրբ ձևով գնահատել էր, թե ՀՀ-ն պարզապես կկորցնի այն հնարավոր աճը, որը կարող էր ունենա: Իսկ Վ. Խաչատրյանը գտնում է, որ այդ պատժամիջոցներն առաջին հերթին կազդեն հենց ներմուծման-արտահանման վրա: Եթե ՌԴ-ի տնտեսական վիճակը վատանա, դա կազդի այդ երկրի բնակչության գնողունակության վրա, հետևաբար նաև ներմուծված, տվյալ դեպքում ՀՀ-ից դեպի այդ երկիր արտահանվող ապրանքի իրացման ծավալների վրա: Մեր տնտեսության հաջորդ ոլորտը, որի վրա կարող է ազդել ՌԴ-ի դեմ սահմանված այդ պատժամիջոցները՝ տրանսֆերտներն են: «Առանց այդ էլ վերջին տարիներին տրանսֆերտների հոսքը նվազել էր, թեև 2017թ. մի փոքր վերականգնվել էր: Բայց եթե ժամանակին 2 մլրդ դոլարից էլ ավելի տրանսֆերտ էր գալիս, հիմա դարձել է 1․3-1․4 դոլար: Կրճատված 700 մլն դոլարը քիչ չէ մեր տնտեսության համար, 7 տոկոս տնտեսական աճ է: Բացի այդ, ցանկացած երկիր, երբ ունենում է պատժամիջոցների բացասական ազդեցություն և դրա հետևանքով տնտեսական խնդիրներ, դիմում է մեկ այլ գործիքի ազդեցության՝ աշխատանքից ազատում է միգրանտներին: Իսկ Հայաստանից ամենաշատը նախընտրում են մեկնել ՌԴ: Իսկ նման ճգնաժամերի ժամանակ աշխատանքից ազատում են նախ միգրանտին և ոչ թե իրենց քաղաքացուն: Դա էլ բերելու է միգրանտների հետհոսք Հայաստան և լրացուցիչ ճնշում աշխատաշուկայի վրա»,- հավելում է Վ. Խաչատրյանը:

ՌԴ-ի վրա ԱՄՆ նախորդ պատժամիջոցների հետևանքով այդ երկրի արժույթը՝ ռուբլին, կրկնակի արժեզրկվեց, նույնը չի բացառվում նաև այս անգամ: Վ. Արամյանը, օրինակ, ՀՀ տնտեսության վրա այդ պատժամիջոցների բացասական ազդեցության հիմնական խնդիրներից է համարում նաև այդ գործոնը: Իսկ ՀՀ-ն հակազդելու կամ այդ վնասները փոխհատուցելու ի՞նչ հնարավորություններ ունի: ԵՏՄ անդամ լինելով՝ կարո՞ղ է այլ ուղղությամբ զարգացնել իր տնտեսական հարաբերությունները, որ կարողանա թեթևացնել ՌԴ-ից եկող այդ ռիսկերը: Վ. Խաչատրյանը թեև ոչ համարժեք, բայց որոշ ելք տեսնում է տուրիստական հոսքերն ավելացնելու միջոցով: Բայց նման դեպքերում, թե ընդհանրապես տնտեսության համար շատ կարևոր ներդրումները ներգրավելու ապագա չի կանխատեսում: Ինչո՞ւ պիտի ԱՄՆ-ը կամ Իրանը ՀՀ-ում ներդրում անեն, մեր տնտեսությունն ինչո՞վ կարող է գրավել ներդրողին: Հարց է բարձրացնում տնտեսագետը: Չէ որ նման հարաբերությունների ակնկալիք ունեն ՀՀ իշխանությունները: Վ. Խաչատրյանի ներկայացմամբ՝ նույն ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուն զուգահեռ այդ երկրի ֆոնդային բորսայում մեծաքանակ ակտիվներ է գնել: Կամ ԵՏՄ անդամ Ղազախստանում մեքենաշինության ոլորտում է ներդրումներ անում: Եվ ոչ լարված հարաբերությունները, ոչ էլ ԵՏՄ-ն չեն խանգարում բիզնեսի շահին: Նույնը կարող էր լինել նաև ՀՀ պարագայում: Եթե, իհարկե, մեր երկիրն ունենար ներդրումների համար համապատասխան միջավայր: ՀՀ շուկայի փակ և փոքր լինելը վանում է ներդրողին: «Ներդրողը միանգամից հարց է տալու, թե այդ դեպքում մրցակցային ինչ առավելություններ կարող ենք առաջարկել: Օրինակ՝ Վրաստանում ներդրում անելու պարագայում, նախ, ԵՏՄ-ի խնդիրը չկա, հետո շատ ավելի հեշտ է արտաքին աշխարհի հետ կապը, ծով դուրս գալու հնարավորություն ունի: Ասում են՝ ՀՀ-ում ներդրումներ անեն և ՌԴ-ն կամ ԵՏՄ-ն որպես շուկա օգտագործեն: Բայց ով է խանգարում այդ ներդրողին հենց ՌԴ-ում ներդրում անել: Կամ նորից Վրաստանում ներդնել և դուրս գալ ՌԴ շուկա: Վրաստանը doing bussines-ով էլ Հայաստանից առավել է։ Մենք էական մեծ առավելություն չենք առաջարկում: Հակառակը՝ մեր տնտեսությունը հանքարդյունաբերության միջոցով է աճ ապահովում: Այս տարի 60-70 մլն դոլար ավելի հանքանյութ ենք արտահանել: Մենք խելացի աճ չունենք, որ ներդրում ներգրավենք»,- եզրափակում է Վ. Խաչատրյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20