Հայաստանի տնտեսության հրդեհածին պատճառներն ամեն օր ավելանում են

- in Տնտեսական
260
Tatron

«Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է 50 տոննա լաք-էթինոլ նյութ: Հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է: Սանկտ Պետերբուրգում նավերի կառուցման ժամանակ այս նյութն օգտագործում են որպես լաք` ջրի ներթափանցման դեմ:

Այրվել է տաս տարվա նյութ, որը ռուսները պետք է տանեին, բայց ինչ-որ պատճառով թողել են Հայաստանում: Աստված գիտի, թե դեռևս ինչքան չտարված նյութ կա ու քանի հրդեհի առիթ:

Երեկվա պայթյունն ու հրդեհը վերագրվեցին տեխնիկականի շարքին, բարեբախտաբար` զոհեր և տուժածներ չկան ու, դժբախտաբար, գրեթե վստահ ենք` չի լինելու նաև լուրջ ուսումնասիրություն, թե ինչի հետևանք է այս ֆորս-մաժորը: «Նաիրիտը», անկախ երեկվա հրդեհից, արդեն իսկ լուրջ պրոբլեմ էր երկրի համար` տնտեսական հեռանկարի, սոցիալական լարվածության առումով:

«Նաիրիտը» այն խորհրդանշական փակուղիներից մեկն է, որն իշխանություններից ելք է պահանջում, այն խաչմերուկն է, որտեղ իշխանությունները պետք է հրաժեշտ տային խորհրդային տնտեսությանը` ճանապարը նոր տնտեսության հետ շարունակելու նպատակով:

Փոխվեցին նախագահներ, կառավարություններ, սակայն նրանցից ոչ ոք համարձակություն չունեցավ բարձրաձայնելու, որ «Նաիրիտի» վերագործարկումն իրատեսական չէ ու նաև ոչ մի կառավարություն չունեցավ քիմկոմբինատում ներդրումներ ապահովելո տաղանդ: «Նաիրիտը» դարձավ մեր պետության, տնտեսության խտացումն` ասոցացվելով անորոշության ու անհեռանկարայնության, թալանի ու կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման և անտարբերության հետ: Դավադրությունների տեսությունը չենք քաջալերում և ոչ էլ միտում կամ մարդկային գործոն ենք տեսնում երեկվա հրդեհի ստվերում, բայց այն խորհրդանշական էր և, անկախ տեխնիկական պատճառներից, բացահայտեց մեր կառավարման համակարգի, մտածողության ճգնաժամն` այն առումով, որ եթե որևէ համակարգում` մեծ կամ փոքր, լուծումներ չեն գտնվում, ապա ֆորս-մաժորն անխուսափելի է:

Երեկվա հրդեհն, ըստ էության, այրեց «Նաիրիտի» վերագործարկման հնարավորությունը, որովհետև որևէ լուրջ գործարար իր փողերը «կրակի բերան» չի տա: «Նաիրիտը» մեր տնտեսության մանրակերտն է. հրդեհը վաղուց իր երախի մեջ է առել Հայաստանի ողջ տնտեսությունը` զրոյացնելով ներդրումների և զարգացման հնարավորությունը:

«Նաիրիտի» հրդեհը տեսանելի էր, այն լոկալացվեց և կմարվի, սակայն սա ընդամենը մեկ մասնավոր դրվագում հետևանքի վերացման դրսևորում էր, մինչդեռ` Հայաստանի տնտեսության հրդեհածին պատճառներն ամեն օր ավելանում են` այրելով երկրի զարգացման հեռանկարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20