Հայաստանի քաղաքական կյանքը սահմանափակվում է պալատական ինտրիգներով

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Խորհրդարանական ընտրություններից անցել է չորս ամիս: Նախորդ գումարման ԱԺ վեց խմբակցություններից երեքը չհայտնվեցին նոր խորհրդարանում՝ խոստանալով ակտիվ գործունեություն ծավալել դրա պատերից դուրս:

Հարաբերական ակտիվություն ցուցաբերել է «Ժառանգություն» կուսակցությունը, որի անցկացրած հետընտրական համագումարը, սակայն, փաստեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը գտնվում է քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ: Կուսակցությունների խոշորացման և «թավշյա հեղափոխության» ծրագրերը, մեծ հաշվով, նորություն չեն, սակայն դրանց թարմացումն առանց քաղաքական օրակարգի չի կարող որևէ արդյունավետություն ունենալ՝ մանավանդ, որ «Ժառանգությունը» չունի ռեսուրսներ անգամ սեփական ինստիտուցիոնալ ճգնաժամը հաղթահարելու համար:

Մեր քաղաքական ուժերն առայժմ չեն գիտակցել, որ մեխանիկական միավորումները՝ առանց հասարակական համաձայնության, դատապարտված են ֆիասկոյի, եթե անգամ խիստ հավակնոտ նշաձող են սահմանում: Ասվածի լավագույն ապացույցը եղավ ՕՐՕ դաշինքի անփառունակ պարտությունը խորհրդարանական ընտրություններում:

Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը միակն էր, որ ընտրություններին մասնակցում էր կոնկրետ և տարբերվող օրակարգով՝ առաջ քաշելով խաղաղության ծրագիրը: Քարոզարշավի ժամանակ քաղաքական դիսկուրս տեղի չունեցավ, եթե մի կողմ թողնենք Լևոն Տեր-Պետրոսյանի զույգ հարցազրույցներին հաջորդած, ըստ էության, անբովանդակ և ագրեսիվ քննադատությունը: Ընտրություններով Ղարաբաղի հարցը չվերացավ, սակայն դադարեց այս խնդրում ՀԱԿ ակտիվությունը՝ չնայած պատերազմի և խաղաղության երկընտրանքը շարունակում է ակտուալ մնալ՝ գուցե ավելի, քան նախընտրական փուլում: Այնպիսի տպավորություն է, որ առաջին նախագահը ԼՂ խնդրի նախընտրական շեշտադրումով ձևակերպում էր իր քաղաքական կենսագրության ֆինալը, իսկ Տեր-Պետրոսյանի սպասվող պաշտոնական հրաժեշտը քաղաքականությանը վերջնականապես կմարգինալացնի նրա թիմը՝ ՀԱԿ-ին ըստ էության թողնելով քաղաքական կյանքի լուսանցքում:

Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունն առայժմ չի ադապտացվել արտախորհրդարանական կարգավիճակին և, ըստ ամենայնի, վերակենդանացման գոնե տեսական հեռանկար կունենա, եթե իշխանություններն ինչ-որ պարագայում ՀՎԿ-ի ծառայության անհրաժեշտությունն ունենան: Համենայնդեպս, ՀՎԿ-ն չունի ռեստավրացիայի ավտոնոմ քաղաքական ռեսուրս, ինչի վկայությունն է նաև այն հանգամանքը, որ Արթուր Բաղդասարյանն իր թիմի առանցքային անդամներին, ըստ էության, դուրս է դնում քաղաքականությունից՝ աշխատանքի տեղավորելով իր բիզնես կառույցներում:

Թե՛ խորհրդարանի ներսում, թե՛ դրա պատերից դուրս վերջին չորս ամիսներին չի ցուցաբերվել որևէ նախաձեռնություն, որը թեկուզ աղոտ հույսեր կծներ, թե երկրում հնարավոր է քաղաքական այլընտրանքի ձևավորման հեռանկար:

Հայաստանի քաղաքական կյանքը սահմանափակվելու է պալատական ինտրիգներով, իսկ 2018-ի ապրիլից հետո Հայաստանին սպասվում է քաղաքական ստագնացիայի տևական փուլ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20