Հայտարարության էֆեկտը տարածվում է Պուտին-Սարգսյան հանդիպման հանրային ընկալումների վրա

- in Հրապարակ
334
usa-spitak-tun

Նախօրեին, երբ Հայաստանի հանրությունը փորձում էր «կոդազերծել» Սոչիում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, ինչպես ասում են՝ «համացանցը պայթեցրեց» ԱՄՆ-ից ստացված տեղեկությունը, որ տարածել էլ «Ամերիկայի ձայն»-ը: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մասին էր, որը վերաբերում էր Ղարաբաղյան կարգավորման կետերին:

Դրանք տարիներ ի վեր բոլորիս հայտնի Մադրիդյան սկզբունքներն էին, որոնք հետո նաև ըստ էության դրվել էին Կազանյան փաստաթղթի հիմքում: Այսինքն՝ ամերիկացի համանախագահ Հոգլանդը գործնականում չէր ասել «համացանցը պայթեցնելու» ոչ մի նոր բան: Ավելին, նա այդ մասին խոսել էր ընդամենը Վաշինգտոնի արտերկրի լրագրողների ակումբի հետ հանդիպմանը, որը գործնականում նաև նրա հրաժեշտի հանդիպումն է որպես համանախագահ:

Հոգլանդին փոխարինում է Թնդրու Շեֆերը, որը, ի տարբերություն նրա, լինելու է մշտական համանախագահ: Հոգլանդը ժամանակավոր էր և նշանակվեց ԱՄՆ վարչակազմի, այսպես ասած, փոփոխության շրջանում: Թե ով է նոր համանախագահն ու ինչ է պետք սպասել նրա գործունեությունից՝ թերևս պատասխանի համար որոշակի ժամանակ պահանջող հարց է: Տվյալ պարագայում հետաքրքիր է Հոգլանդի հայտարարությունը երկու ասպեկտով՝ նախ հայաստանյան «պայթեցնող» էֆեկտի, ու նաև՝ Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպմանը զուգադիպելու մասով:

Պատահակա՞ն էր այդ զուգադիպությունը, թե՞ ոչ: Ինչ խոսք, եթե Սոչիում հանդիպում են Պուտինն ու Սարգսյանը, կյանքը անգամ Հայաստանում կանգ չի առնում, ուր մնաց՝ Միացյալ Նահանգներում: Եվ Հոգլանդը իր հանդիպումներն ու հայտարարությունները հազիվ թե պլանավորեր Սարգսյանի կամ Պուտինի ժամանակացույցի հաշվարկով: Առավել ևս, որ նա ամենևին չէր պատրաստվում ասել մի բան, որը անակնկալ էր:

Ավելին, այն, ինչ ասել է Հոգլանդը, առնվազն մայիսի 18-ին իր խորհրդարանական ուղերձում ասել էր Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ բանակցային սեղանին Կազանյան պլանն է, այն շարունակում է մնալ, քանի դեռ հանձնված չէ ԵԱՀԿ քարտուղարությանն ի պահ: Իսկ Կազանյան պլանը հենց այն է, ինչ ներկայացրել էր Հոգլանդը: Եվ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ու նաև դրանից առաջ հայտարարել է, որ հավանություն է տվել այդ պլանին: Թե ինչ տակտիկական նկատառումներով՝ դա այլ հարց է, բայց ամերիկացի համանախագահը գործնականում ոչ միայն խոսել է դեռևս տարիներ առաջ բացահայտված Մադրիդյան սկզբունքների մասին, որոնք դեռևս 2007 թվականից Երևանը պաշտոնապես ընդունել է որպես բանակցային հիմք, այլև խոսել է մի բանի մասին, որին Երևանը համաձայնություն է տվել Կազանյան պլանի տեսքով՝ ինչպես խոստովանել էր Սերժ Սարգսյանը դեռևս նախորդ տարի ապրիլին «Բլումբերգ» գործակալությանը տված հարցազրույցում:

Բայց, այդ ամենով հանդերձ, ուշագրավ է համընկնումը Պուտին-Սարգսյան հանդիպմանը, և եթե անգամ դա պլանավորված կամ կանխամտածված զուգադիպություն չէ, ապա միևնույն է՝ հայտարարության էֆեկտը տարածվում է Պուտին-Սարգսյան հանդիպման հանրային ընկալումների վրա:

Եվ այստեղ ուշագրավ հանգամանք կա: Բանն այն է, որ այդօրինակ հայտարարությունները, որ արել է Հոգլանդը, սրում են, այսպես ասած, ներքին ինքնապաշտպանական բնազդը, անգամ լուրին անհամարժեք թվացող «պայթեցման» տարբերակով: Այսինքն՝ որպես կանոն, այդօրինակ տարբերակների հրապարակումները ավելի խոչընդոտում են այդ տարբերակների իրականացմանը, քան նպաստում: Փորձառու դիվանագետ Հոգլանդը չի կարող դա չիմանալ:

Եվ եթե լինում է այդպիսի հրապարակային հայտարարություն, ապա այստեղ բանն այն է, որ կա՛մ այդ տարբերակը ընդհանրապես զուտ ֆորմալ առումով է դեռևս սեղանին, իսկ իրականացման խնդիրներ չկան, կա՛մ պարզապես առաջացել են իրականացման ռիսկեր, և ամերիկացի համանախագահը, հրապարակելով, ըստ այդմ՝ «պայթեցնելով» և սրելով հանրային ինքնապաշտպանության բնազդը Հայաստանում, խանգարում է Հայաստանի համար վտանգավոր այդ պլանի իրականացման հնարավոր զարգացումներին:

Եվ այստեղ է, որ հետաքրքիր է Պուտին-Սարգսյան հանդիպման հետ զուգադիպելը: Արդյո՞ք ԱՄՆ-ն ունեցել է այդ հանդիպմանը Կազանյան պլանն առաջ մղելու Ռուսաստանի փորձի մասին որևէ կոնֆիդենցիալ տեղեկատվություն, որին էլ փորձել է հակազդել Հոգլանդի հայտարարությամբ՝ առաջացնելով բավական մեծ աղմուկ: Մյուս հանգամանքն այն է, որ Ռիչարդ Հոգլանդը օրեր առաջ արել էր շատ ավելի կարևոր և թերևս հանրային շատ ավելի մեծ ուշադրության արժանի հայտարարություն արդեն պրակտիկ անվտանգության խնդիրների վերաբերյալ՝ մասնավորապես ասելով, որ ժամանակն է կատարել քայլեր հրադադարի պահպանումն ամրապնդելու ուղղությամբ, և առաջիկայում կարող են այդպիսի քայլեր լինել:

Այլ կերպ ասած՝ դա հայտարարություն է հրադադարի պահպանման և խախտման համար պատասխանատվություն կրելու միջազգային մեխանիզմների ներդրման մասին, որը պետք է լինի հայկական թե՛ պետական, թե՛ հանրային օրակարգի նվազագույն շեմը:

Բայց, չգիտես ինչու, Հոգլանդի այդ հայտարարությունը Հայաստանում չի գտնում բուռն արձագանք: Արդյո՞ք այն պատճառով, որ այդ բուռն արձագանքը այդքան էլ նպաստավոր չէ Ռուսաստանի ռազմավարության համար, քանի որ հրադադարի մեխանիզմի հարցում երեք համանախագահներից ակնհայտ առավել պասիվը հենց Ռուսաստանն է, բավականին հասկանալի պատճառներով՝ նա կորցնում է հակամարտության թեժացման վրա կառուցված մենեջմենթի իր մոնոպոլ դիրքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20