ՀՀ Անկախության հռչակագրի օրը Սերժ Սարգսյանը մեկնում է Մոսկվա՝ ինչո՞ւ

- in Հասարակություն
54
Anahit Baxshyan

Այսօր, ցավոք, Հայաստանի անկախությունը լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի  դիտվում հավասար գործընկեր: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «27 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, որին հայ ժողովուրդը սպասել էր 7 դար:

Այդքան երկա՜ր սպասված, թանկ, միակ, մեր ազգային արժանապատվության մասին վկայող պատմական փաստն այսօր, ցավոք, լիարժեք պաշտպանված չէ ՀՀ իշխանության կողմից, մեր աչքի առաջ այն թուլանում է, դառնալով ԵՏՄ-ի մաս, որի անդամ պետությունների մեջ ինքը չի  դիտվում հավասար գործընկեր, ով ասես, ոնց ասես խփում է Հայաստանի շահերին ու այդ միությունը  ոչնչով  չի նպաստում մեր պետականության ամրությանն ու երբեմն ինձ թվում է, թե ամեն ինչ արվում է, որ կորցնենք մեր անկախությունը:

Հենց այսօր՝  օգոստոսի 23-ին, մեր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կարծես դիտավորյալ Սոչի է հրավիրել ՌԴ նախագահ Պուտինը, տեսնես ինչո՞ւ: Ի՞նչ հերթական նվաստացնող քայլն է պատրաստվում անել ՌԴ-ն մեր պետականության նկատմամբ, որովհետև ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կառույցը՝ ՀՀ ԱԳՆ-ն, ակնհայտորեն տանուլ է տալիս դիվանագիտական հարթակներում:

Խնդրում եմ, սիրելիներս ազգովի սթափվենք, գիտակցենք  վերջապես, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր պետության անկախությունը պաշտպանելու և զորացնելու իսկապես սուրբ  գործը, յուրաքանչյուրս իմաստություն ունենանք գտնելու մեր այս նվիրական պարտականությունն իրականացնելու բանալին:

Այս արժանապատիվ օրով շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի ու աշխարհասփյուռ հայությանը և Աստծուց խնդրում, որ արժանի անի մեզ այդքան սպասված պետության մեջ հավերժ  արարել ու ապրել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20