Հոգլանդին կամ համանման դեպքերում որևէ մեկին «շշպռելու» վրա ծախսելու փոխարեն …

- in Հրապարակ
309
AGN

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը փոթորկեց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը:

Հնչեցին ամենատարբեր վարկածներ, թե ինչ էր ուզում ասել Հոգլանդը թվարկելով կարգավորման այն վեց կետերը, որոնք բոլորը միաբերան ընդունում էին, որ ամենևին նորություն չեն: Ուրեմն, եթե դրանք նորություն չեն՝ ինչո՞ւ փոթորկվել դրանց հնչեցումից: Այս հարցին ուշադրություն քիչ է դարձվում, մինչդեռ այստեղ երևի թե ղարաբաղյան խնդրի և ընդհանրապես հայկական պետականության համար ամենաառանցքային հանգամանքներից մեկն է թաքնված: Բանն այն է, որ այդ փոթորիկը վախի յուրօրինակ դրսևորում է, եթե անգամ տեղի է ունենում քաջարի արձագանքների և հակադարձումների հսկա ալիքի տեսքով:

Եթե մենք փոթորկվում ենք հազար անգամ լսածից հետո, աղմկում, բարձրագոչ պատասխանում և այլն, ապա դա ոչ թե խիզախության, այլ վախի նշան է: Խոսքը թշնամուց կամ հակառակորդից վախի մասին չէ, այլ ապագայի հանդեպ վախից, ապագայի մասին պատկերացում չունենալու, տեսլական չունենալու վախից: Որովհետև, մեզ համար անցանկալի կարգավորման տարբերակների վերաբերյալ լռությունը մենք թյուրիմացաբար կամ ինքնախաբեությամբ ընկալում ենք իբրև բարենպաստ ապագայի երաշխիք, նույնականացնում ենք հերոսական ապագայի հեռանկարի հետ: Բայց հանկարծ ինչ որ մեկը՝ լինի դա ամերիկացի, ֆրանսիացի, ռուսաստանցի համանախագահ, դիվանագետ, պաշտոնյա, թե այլ կառույցի ներկայացուցիչ, մեզ հիշեցնում է կարգավորման իքս տարբերակների մասին, այսինքն՝ ցրում է ապագայի վերաբերյալ մեր պատրանքը և գործնականում ի ցույց դնում ապագայի մասին պատկերացումների, ռազմավարության, հայեցակարգի, տեսլականի բացակայությունը: Եվ դրանից առաջանում է վախը, թեև դրա մասին լսել ենք արդեն հազար անգամ և թվում է ոչ միայն պետք է վարժված լինեինք, այլ պետք է մտածած լինեինք պատասխաններ, որոնք ի վերջո ավելորդ էին դարձնելու այդ կետերի կրկնությունը:

Բայց քանի որ չենք մտածել պատասխանների մասին, առաջին հերթին ինքներս մեզ պատասխանների մասին, այլընտրանք չի մնում, քան աղմկել վախից: Հետո ինքներս մեզ հուսադրում ենք, թե դրանք անիրականանալի տարբերակներ են: Իհարկե անիրականանալի են, նախ և առաջ հայկական զինված ուժերի շնորհիվ, որոնք թույլ չեն տալիս Բաքվին հավակնել ռազմական հաջողության: Բայց այդ անիրականանալիությունը հարց չի լուծում և դրա վրա հանգստանալը հազար վախ է, որն ի վերջո մի մահ է:

Հետևաբար, էներգիան Հոգլանդի առիթով աղմկելու վրա, Հոգլանդին կամ համանման դեպքերում որևէ մեկին «շշպռելու» վրա ծախսելու փոխարեն, ծախսենք ամենօրյա այն աշխատանքի վրա, որի միջոցով կկարողանանք ձևակերպել հայկական պետականության արդիական, համաշխարհային զարգացումներին համահունչ, հայ ժողովրդի ստեղծագործական ներուժին համարժեք ներկան ու պատկերացնելի և հասկանալի ապագան՝ թե՛ մեր, թե՛ աշխարհի համար: Այդ դեպքում իքս կետերը կամ տարբերակները ոչ միայն չեն լինի վախենալու կամ տագնապալի, այլ չեն լինի ընդհանրապես: Դրանք այն են, ինչ հանգամանքների և դեպքերի բերումով լցնում են ապագայի այն դատարկ տեղը, որ բաց ենք թողել մենք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20