Մարդիկ չեն ապրում չոր թվերով, այլապես Հայաստանից արտագաղթի տեմպերը կլինեին զգալիորեն նվազ

- in Տնտեսական
356
karavarutyan

Հայաստանի կառավարությունը շեփորում է 2017 թվականի առաջին ամիսների ավելի քան 6 տոկոս տնտեսական աճը՝ ներկայացննելով դա որպես արդյունավետության վկայություն:

Մեծ է հավանականությունը, որ 2017 թվականի ավարտին կառավարությունը կազդարարի, որ ոչ միայն կատարել, այլև գերակատարել է սահմանված 3,2 տոկոս տնտեսական աճը, հետևաբար կառավարության գործունեության արդյունավետության վերաբերյալ հարցերը հանված են: Չոր թվերի լեզվով դա անհերքելի իրողություն կլինի:

Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ չեն ապրում չոր թվերով, այլապես Հայաստանից արտագաղթի տեմպերը կլինեին զգալիորեն նվազ, որովհետև չոր թվերով Հայաստանում կյանքը երբեք էլ վատ չի եղել, գրեթե բոլոր կառավարությունների ժամանակ, իսկ ինչ-որ ժամանակ եղել է նույնիսկ թռիչքաձև զարգացող, եթե հավատանք չոր թվերին: Իրականում ամենավերջում միշտ պարզվել է, որ գործ ենք ունեցել ընդամենը փչվող փուչիկի հետ, որը ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ: Ընդ որում, այստեղ, մեղմ ասած, թույլ մխիթարություն է այն, որ հետո վարչապետները հեռացել են: Փորձը ցույց է տվել, որ բացի քավության նոխազի էֆեկտից՝ հանրությունը որևէ այլ կերպ չի զգացել հեռացող վարչապետների էֆեկտը:

Այդպիսով, Հայաստանում Առաջին դեմքի կարգավիճակ է ստանում մի ինստիտուտ, որը ղեկավարողների թե՛ աշխատանքի արդյունքը չի զգացել հասարակությունը տարիներ շարունակ, թե՛ չի զգացել հեռանալու արդյունքը: Տեսարաններ այդ ամենն ապահովել են, իսկ ահա հաց՝ այդ բառի, այսպես ասած, տարողունակ, այսինքն՝ կյանքի հնարավորությունների իմաստով, հանրությունն այդպես էլ չի տեսնում:

Ակնառու է, որ բանը համակարգն է, և այստեղ վարչապետները նշանակվում են, որպեսզի անհրաժեշտ պահին հեռացվեն:

Վարչապետների պաշտոնը Հայաստանի իշխող համակարգում եղել է, կա և թերևս մնալու է լիցքաթափող պաշտոն, անհրաժեշտ պահին զոհաբերվող պաշտոն: Եվ այդ լիցքաթափման տրամաբանության մեջ է թերևս նաև Սերժ Սարգսյանի վարչապետության խնդիրը, որը գեներացվում է իբրև հավանական զարգացում, այդպիսով հասունացվում է հանրային ինչ-որ սպասում՝ թեկուզ բացասական սպասում, իսկ հետո հանկարծ Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, մնում է Կարեն Կարապետյանը, կամ եթե նա էլ հեռանում է, ապա նշանակվում է մեկ այլ գործիչ, և հանրությունը «թեթևացած շունչ է քաշում»՝ Սերժ Սարգսյանը վարչապետ չեղավ:

Ու տևական ժամանակ դա կատարում է լիցքաթափող էֆեկտ համակարգի համար: Ոչինչ, որ շարունակվում է նաև «մարդաթափ» լինել Հայաստանը, կարևորը, որ իշխող համակարգին կհաջողվի հերթական անգամ հմտորեն գեներացնել հանրային բացասական անվնաս սպասումներ և ՀՀԿ ԳՄ մի որոշումով լիցքաթափել այն առնվազն մի քանի ամիսների համար:

Ամենատարօրինակն ու ցավալին այն է, որ հասարակությունը չունի այդ խաղի դեմ հակախաղ, որովհետև հակախաղը պետք է կազմակերպի քաղաքական դաշտը, իսկ այդ դաշտի ճնշող մեծամասնությունը կամ պարզապես հիմնական կազմը կամա թե ակամա մտել է այդ խաղի մեջ՝ այն էլ որպես երկրպագու՝ կա՛մ այս, կա՛մ այն կողմի:

Այդ իսկ պատճառով տեխնոլոգիան աշխատում է գրեթե անվրեպ, իսկ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում այն ըստ էության գրեթե մոտեցվել է հավերժական շարժիչի մակարդակի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20