Մեզ նորից մնում է երազել մեգածրագրերի մասին, որոնք ՀՀ տարածքով Իրանին կկապեն Եվրոպայի կամ ՌԴ-ի հետ

- in Տնտեսական
117
Gaz

Այս օրերին շատ ակտիվ քննարկվում են հայ-իրանական հարաբերություններին և այն էլ ավելի զարգացնելուն վերաբերող հարցերը:

Պատճառը իրանական լրատվամիջոցներին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցն էր, որում նա անդրադառնում է մեր երկու երկրների անվտանգային, տնտեսական ու անգամ մշակութային հարաբերություններին: Ս. Սարգսյանը խոսել էր նաև մեզ համար ցավոտ՝ Հայաստանը Իրանի համար դեպի Եվրոպա կամ Ռուսաստան տարանցիկ երկիր դարձնելու թեմայից:

Այնուհետև տնտեսական հարթությունում Իրանի հետ հարաբերությունները շոշափվեցին նաև հինգշաբթի օրը կառավարության նիստում, որտեղ հաստատվեց ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության զարգացման շրջանակներում նշվող թիրախային երկրների ցանկը, որոնց շարքում էր նաև Իրանը:

Իրանը Հայաստանին սահմանակից չորս երկրներից մեկն է, որի հետ մեր երկիրն ունի բարեկամական հարաբերություններ: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեր սահմանները փակ են, և այդպիսով արտաքին աշխարհի հետ հարաբերությունները՝ սահմանափակ: Շատ է քննարկվել Իրանի տարածքով Եվրոպա հասնելու հարցը, բայց այն բավականին երկար և ոչ ձեռնտու ճանապարհ է համարվել: Եվ հակառակը՝ երկար տարիներ տարածաշրջանային աշխարհաքաղաքական քննարկումների թիվ մեկ խնդիրն է եղել Հայաստանը Իրանի համար տարանցիկ երկիր դարձնելու հարցը և իրանական գազը մեր երկրով Եվրոպա հասցնելու, Իրան-Հայաստան երկաթգիծ, ավտոտրանսպորտային ճանապարհ կառուցելու ծրագրերը: Բայց այդ բոլոր մեգանախագծերն այդպես էլ իրականություն չեն դարձել: Հիմա այդ խնդիրները նոր թափով են դրվել քննարկումների սեղանին:

Բայց Իրանի հետ ոչ միայն այդ գլոբալ ծրագրերը իրականություն չեն դառնում, այլ նաև սահմանակից մեր երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները բավարար մակարդակի չեն հասնում: 2017թ. առաջին կիսամյակում Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 114 մլն դոլար՝ այն դեպքում, երբ հեռավոր եվրոպական Շվեյցարիայի կամ Գերմանիայի հետ այն կազմել է 170 և 150 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը գրեթե եռակի զիջում է ներմուծմանը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունենալով մոտ 10 տոկոս անկում: Եթե արտահանվել է 34,6 մլն դոլարի ապրանք, ապա ներմուծվել է 80,8 մլն դոլարի ապրանք՝ գրանցելով 6,9 տոկոս աճ: Եվ սահմանակից բարեկամական երկրների համար նման չափի առևտրաշրջանառությունը շատ ցածր մակարդակ է՝ հատկապես, որ դրա գերակշիռ մասը էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց փոխանակության ծրագրով է ձևավորվել:

Բայց մենք ի՞նչ ունենք Իրանին առաջարկելու, Իրան արտահանելու, որ կարողանանք մեր առևտրաշրջանառությունն ավելացնել և արտահանման-ներմուծման չափերը հավասարակշռել: Երբ լարվեցին Արևմուտք-ՌԴ կամ Թուրքիա-ՌԴ հարաբերությունները, մեր պաշտոնյաները ոգևորվեցին, թե մենք նման իրավիճակից անգամ կարող ենք օգուտ քաղել՝ ավելացնելով դեպի ՌԴ արտահանումը: Բայց դա տեղի չունեցավ: Նույնն էլ կարող է Իրանի դեպքում լինել:

Իրանագետ Ահարոն Վարդանյանն ընդամենը հիշեց, որ այդ երկիր ենք արտահանում ոչխար, ջուր և էլեկտրաէներգիա, և որ այժմ կառուցվում է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, որի շահագործումը թույլ կտա մեծացնել էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց փոխանակման ծրագրի ծավալները:

«Ես չէի ասի, որ մեր առևտրաշրջանառությունը շատ ցածր մակարդակի վրա է: Իհարկե, երկու կողմից էլ դժգոհություններ կան, պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկվեն, օգտագործվի ողջ պոտենցիալը: Բայց հիմա կարևորը ցանկությունն է, որն առկա է երկու կողմերում էլ: Մեղրի-Նորադուզ անցակետի օգտագործման՝ կառավարության նիստի այդ քննարկումները քայլեր են, որ էլ ավելի զարգացնեն մեր տնտեսական հարաբերությունները: Սյունիքում ստեղծվող ազատ առևտրի գոտու ստեղծումը, Ջուղայում ստեղծված ազատ առևտրի գոտին, որը ՀՀ-ին սահմանակից է, այս ամենը բերում են նրան, որ հայ-իրանական հարաբերությունները մոտ ապագայում թռիչքաձև զարգացում ունենան, չեմ վախենում օգտագործել այդ բառը»,- ասում է Ա. Վարդանյանը:

Մեկ այլ իրանագետ՝ Էմմա Բեգիջանյանն էլ համարում է, որ Հայաստանն Իրանին կարող է առաջարկել ցանկացած որակյալ ապրանք՝ սկսած գյուղատնտեսական ոլորտից: Նրա խոսքով՝ Իրանում ամենուր են Թուրքիայից, Չինաստանից ու Եվրոպայից ներկրված ապրանքները: Իրանն ունի ջրի լուրջ խնդիր, ինչի պատճառով այդ երկրի հողերի մի մասը մնացել է անմշակ: Եվ ՀՀ-ն Իրանին անգամ գյուղատնտեսական ապրանք կարող է առաջարկել: Ի դեպ, անմշակ է նաև ՀՀ հողերի մի զգալի մասը, և մշակելու դեպքում կարելի է ոչ միայն Իրան, այլև ՌԴ արտահանման ծավալներն ավելացնել:

Կառավարությունը ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուց առաջ հավանաբար մեր ներքին պոտենցիալն օգտագործելու և արտադրությունը զարգացնելու քաղաքականություն պետք է մշակի: Եվ ճիշտ է, տարիներ առաջ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո այդ երկիրն անցավ սեփական արտադրությունը խրախուսելու և ինքնաբավ լինելու քաղաքականությանը, բայց դա չի նշանակում, որ ներմուծումն իսպառ դադարեցրել է: Եվ հիմա, երբ նման տնտեսական նախաձեռնություններ են արվում, դա միգուցե նշանակում է, որ Իրանի կողմից ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների չափը մեծացնելու ցանկություն կա:

Բայց միաժամանակ վտանգ կա, որ այդ հարաբերություններն ավելի սերտացնելու դեպքում էլ ՀՀ-ից ոչ թե արտահանման, այլ Իրանից ներմուծման ծավալներն են ավելանալու: Եվ ինչպես 90-ական թվականներին էր, Իրանը մեր փոքր երկիրը կողողի իր ապրանքներով՝ խեղդելով քիչ թե շատ գոյություն ունեցող արտադրությունը: Այնպես որ, կառավարությունը պետք է ավելի խորքային ծրագրերին անդրադառնա: Իսկ մինչ դա կհաջողվի կառավարությանն ու վարչապետ Կարեն Կարապետյանին, մեզ նորից մնում է երազել մեգածրագրերի մասին, որոնք ՀՀ տարածքով Իրանին կկապեն Եվրոպայի կամ ՌԴ-ի հետ: Բայց այս դեպքում էլ ՌԴ-ն միշտ արգելակող ուժ է եղել:

Շատ հեռուն չգնալով՝ հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ կառուցվում էր Իրան-Հայաստան գազատարը, ՌԴ-ի ճնշմամբ դրա տրամաչափն այնքան փոքրացվեց, որ ներկրվող գազը հնարավոր լինի օգտագործել միայն ներքին սպառման և ոչ թե այլ ուղղություններով արտահանելու համար: Հիմա նույն կերպ այդ երկիրը կարող է խոչընդոտել տարանցիկ այլ ծրագրերի իրականացմանը: Իսկ միայն երկու երկրների համար երկաթգիծ, ավտոճանապարհ կամ այլ ծրագրեր իրականացնելը շահավետ չի լինի, և նման դեպքում ներդրողներ չեն էլ լինի: Կհամարձակվի՞ Կ. Կարապետյանը ՌԴ-ին կամ իր հարազատ «Գազպրոմին» շրջանցող ծրագրեր քննարկել: «Օրինակ՝ գազի տարանցման հարցը մեզանից չի կախված, «Գազպրոմից» է կախված: Իսկ «Գազպրոմն» ինչո՞ւ պտի թույլ տա: Գլոբալ շահեր են, որոնք վարչապետով չեն լուծվում»,- ասում է Է. Բեգիջանյանը:

«Մեզ համար կարևորը մեր երկրի շահն է, իսկ Իրանն էլ այն երկիրը չի, որ վախենա և ետ քաշվի: Ուշ թե շուտ, բայց նա իր գազն արտահանելու է Եվրոպա՝ լինի դա ՀՀ տարածքով, թե այլ ուղղությամբ: Ինչքան լավ կլինի, որ ռուսական կողմը ևս միանա այդ ծրագրին, և գազը հենց մեր երկրի տարածքով արտահանվի: Եվ լավ կլինի, որ ՌԴ-ի հետ քննարկումներն այս ուղղությամբ տարվեն, որ այդ երկիրը ոչ թե ժխտողական քաղաքականություն վարի, այլ մասնակցի այդ ծրագրերին, ինչպես, օրինակ, հաճախ անում է ԱՄՆ-ը»,- հավելում է Ա. Վարդանյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20