Մեկ ամսից ի՞նչ են ամփոփելու ՀՀ կառավարությունում. Այսօրվա նիստը …

- in Տնտեսական
286
karen-karapetyan

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մեկ ամսից լրանում է կառավարության գործունեության մեկ տարին. «Հաշվի առնելով կառավարության՝ հանրության հետ հետադարձ կապի եւ հաշվետվողականության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարներին մեկամսյա ժամկետում ամփոփել ըստ ոլորտների նախաձեռնված բարեփոխումների միջոցառումների և գերակա ուղղությունների աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ»:

Ըստ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, այն գերակա խնդիրները, որոնք դեռևս ընթացքի մեջ են, ևս պետք է հստակ ներկայացվեն՝ մանրամասնելով, թե կոնկրետ ինչ փուլում են և ինչ ժամկետներում են հասցվելու ավարտին:

Այնուհետև՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ առողջապահության ոլորտում պետպատվերի խնդրին՝ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներից առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխազնիմների վերանայմանը՝ ապահովելով մատուցվող բժշկական ծառայությունների հասցեականությունը. «Բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով երեք ամսյա ժամկետում պետք է վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրությունների չափանիշները՝ առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պատկերացմամբ, պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում 2017 թ.-ից պետք է ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելու համապատասխան իրավական մեխանիզմներ: Իսկ երեք շաբաթյա ժամկետում պետք է կատարել թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Հաջորդը՝ քննարկվեց ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Ներկայացնող՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը զարմացած հարցով դիմեց. «Պարոն Լոքյան, փաստորեն դուք ոչ միայն տարածքային համաչափությամբ եք զբաղվում, այլ նաև միգրացիայո՞վ»: «Դե, կառավարությունն է զբաղվում, պարոն վարչապետ, ձեզ հետ միասին»,- եղավ Լոքյանի դիվանագիտական պատասխանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հանձնարարեց պատրաստ լինել, որ հարկ եղած դեպքում դարձյալ հայ հրշեջների խումբ մեկնի Վրաստան՝ աջակցություն ցուցաբերելու. «Պարոն Տոնոյան, մեր երկրորդ աձնակազմը մեկնե՞լ է արդեն, երկրորդ անգամ որ դիմել էին մեզ»: Ի պատասխան ԱԻՆ նախարարն ասաց, որ երեկ երեկոյան խոսել են Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ. «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել: Բարձր պատրաստության մեր ստորաբաժանումները կանգնած են, հարկ եղած դեպքում կգնան»: «Շատ լավ, ուշադիր եղեք»,- հրահանգեց ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նաև իրենց և Ճապոնիայի կառավարության միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը: Ըստ այդմ՝ Հայաստանը հրշեջ նոր մեքենաներ կստանա: Դավիթ Տոնոյանն ասաց, որ մեքենաների մատակարարումը նախատեսվում է  սկսել, այն էլ՝ 2019 թ.-ի առաջին եռամսյակում:

Կարեն Կարապետյանը նաև հանձնարարականներ տվեց դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման և դատական գործերի քննության տևողության կրճատման վերաբերյալ. «Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս հունիսի 29-ին, և տրվել էր հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փաթեթի մշակման ընթացքի մասին, հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Միաժամանակ, դատական գործերի քննության հետաձգման կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխվածության առկա իրավիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ»:

Խնդիրն այն է, որ մի կողմից դատական գործերի բաշխման գործող կարգավորումները թույլ են տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորների ծանրաբեռնել բավական անհամաչափ, իսկ մյուս կողմից դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում, շատ դեպքերում՝ չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանություն. «Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ Արդարադատության նախարարին երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգման պատճառաբանության ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ»:

Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20