Միտումնավոր ներկայացվում են կեղծ տվյալներ

- in Տնտեսական
296
karavarutyan

Ցանկացած երկրում տնտեսության ակտիվացմանը զուգահեռ՝ մեծանում է փողի շրջանառությունը, փոխադարձաբար տնտեսության մեջ փողի շրջանառության մեծացումը բերում է տնտեսության աշխուժացման:

Սրանք փոխկապակցված են: Բայց տնտեսության մեջ փողի քանակի ավելացումը ստեղծում է անհավասարակշիռ վիճակ, անհամարժեքության, որին հետևում է փողի արժեզրկումը՝ ինֆլյացիան: Որպեսզի դա տեղի չունենա, տվյալ երկրի Կենտրոնական բանկը, որի կարևորագույն գործառույթներից է ինֆլյացիայի սանձումը, գների կայունության ապահովումը, շուկայից հանում է այնտեղ եղած ավելի փողը:

Նման դեպքերի համար աշխարհում մշակվել են մեխանիզմներ ու գործիքներ, որոնց կիրառմամբ կարգավորվում է իրավիճակը: Որպեսզի շրջանառությունից հանվի շուկայում եղած ավելի փողը և կասեցվի գնաճը, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկավորում է առևտրային բանկերին: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխության միջոցով ԿԲ-ն ազդում է բանկային տոկոսադրույքների ընդհանուր մակարդակի վրա՝ դրանով իսկ կառավարելի դարձնելով գնաճը: Բարձրացնելով բանկային տոկոսադրույքները՝ մարդկանց մղում են իրենց մոտ եղած փողի «ավելորդ» մասը տեղադրելու բանկերում ավելի բարձր տոկոսներով: Դրանով իսկ շուկայից հանվում է ավելի փողը:

ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի որոշումը սուբյեկտիվ է՝ պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակով և գնաճի մակարդակով: Սկզբունքորեն վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցածր լինելը բերում է էժան փողերի առկայության, ինչն էլ իր հերթին բերում է տնտեսության աշխուժացման, սպառման ծավալների ավելացման: Հակառակ դեպքում ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, թանկացնում փողը, ինչը խոչընդոտում է տնտեսության ակտիվացմանը:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում, իջեցումը՝ էժան փողերի քաղաքականություն: Այդքանով հանդերձ՝ այն պետք է համահունչ լինի երկրում տոկոսադրույքների ընդհանուր միտմանը, այլապես այն արհեստականորեն խոչընդոտում է տնտեսական բնականոն զարգացմանը:

Այս տոկոսադրույքը ՀՀ-ում՝ սկսած 2011թ.-ի սեպտեմբերից, եղել է ավելի քան 8%, 2015թ. օգոստոսին՝ անգամ 10,5%, և միայն 2016թ. փետրվարից ԿԲ խորհուրդը նվազեցրել է այն՝ հնարավորություն տալով «տնտեսությանը շնչելու»:

Հասկանալու համար մեր տնտեսության ռեալ վիճակը՝ նշենք, որ ԱՄՆ-ում այն կազմում է 1-1,25%, Եվրոպայում 0.25% էր, իջեցվել է 0%-ի:

Վերոնշյալ զարգացումները դրսևորվում են տնտեսության անցումային՝ ակտիվացման կամ հակառակը՝ անկումային փուլերում, որ ուղեկցվում են ինֆլյացիայի վտանգի առաջացմամբ կամ ինֆլյացիոն դրսևորումների զարգացմամբ: Նման դեպքերում շրջանառության մեջ եղած ավելի փողի դուրսբերմամբ կամ էժան փողերի ներմուծմամբ շուկայում ստեղծվում է հավասարակշիռ վիճակ: Փաստորեն տնտեսությունում գործում է, ֆիզիկայի լեզվով ասած, հաղորդակից անոթների սկզբունքը, չորս գործոնների (տնտեսական աճ, գնաճ, վերաֆինանսավորման տոկոսադրույք, գործազրկություն)՝ խիստ կապակցված դրսևորումներով:

Այդ առումով ինչ է տեղի ունենում Հայաստանում: Այս տարվա 7-8 ամիսներին ունենք ավելի քան 6%-անոց կայուն տնտեսական աճ: Այս ընթացքում չի արձանագրվել տնտեսական աճի նույնիսկ չնչին նվազում: Նույն ժամանակահատվածում գնաճը եղել է գրեթե կայուն՝ 1%-ի շրջանակներում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նույնպես կայուն՝ 6%, գործազրկության մակարդակը՝ բոլորովին անկախ նշված գործոններից կայունորեն աճում է: Ստացվում է, որ տնտեսական բավականին լուրջ աճի պայմաններում, երբ տրամաբանորեն շուկայում ավելացել է փողի զանգվածը, բայց դա ոչ մի կերպ չի ազդում գների վրա, ինֆլյացիոն երևույթներ չեն դրսևորվում, հետևաբար վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման անհրաժեշտություն չի առաջանում, գործազրկությունն էլ կայունորեն աճում է:

Փոքրիշատե նորմալ տնտեսության պարագայում նման վերոնշյալ չորս կարևորագույն գործոնների նման բոլորովին անկապ գոյակցությունը գործնականում հնարավոր չէ: Մեկի փոփոխությունը հաղորդակից անոթների սկզբունքով պետք է բերի մյուսների շարժին: Մինչդեռ մեր տնտեսության մեջ սրանցից յուրաքանչյուրը գործում է մյուսից անկախ, ինչից էլ հետևում է, որ պաշտոնական մակարդակով միտումնավոր ներկայացվում են կեղծ տվյալներ, կամ տնտեսական զարգացումներն ընթանում են տնտեսագիտության ոչ դասական օրենքներով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20