Մոսկվայի դեսանտ խոպանչին և «ապուշ, դեմագոգ, պրովոկատոր» հայ պաշտոնյաները

- in Պնակալեզներ
Eraguyn

Ռուսաստանցի քաղաքագետ, Կրեմլի արտահաստիքային քարոզիչ Անդրանիկ Միհրանյանը գռեհիկ որակումներ է տվել հայաստանցի այն գործիչներին, ովքեր հանդես են գալիս ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնությամբ:

Երբ Միհրանյանը հայաստանցի գործիչներին անվանում է «ապուշ», «դեմագոգ», «պրովակատոր», նա, մի կողմից՝ բացահայտում է, որ չունի Հայաստանի եվրասիականությունը հիմնավորող փաստարկներ, մյուս կողմից` գռեհիկ կերպով միջամտում է Հայաստանի ներքաղաքական անցուդարձին: Ռուսական քաղաքականության և փորձագիտական մտքի սնանկության մասին է խոսում նաև այն փաստարկը, որ Հայաստանը ԵՏՄ-ում պահելու համար Մոսկվայից դարձյալ մեր հասարակությանն ահաբեկում են թուրքական կամ ադրբեջանական սպառնալիքով:

«Դա էլ մի հանգամանք է, որը հաշվի առնելով պետք է ընտրենք մեր տնտեսության զարգացման ուղին: Հայաստանը չի գտնվում Մերձբալթյան երկրների տարածքում կամ Հյուսիսային Եվրոպայի երկրների տարածքում, չունի բարիդրացիական հարաբերություններ իր հարևանների հետ: Այդ հանգամանքները, երևի թե, շատ քաղաքական գործիչների կողմից անտեսվում են»,- ասել է Միհրանյանը: Սա ակնհայտ սպառնալիք է, մանավանդ, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս առավել, քան գործընկերային հարաբերություններ ունեն:

Մոսկվան, առայժմ փորձագետների բերանով, Հայաստանին սպառնում է, որ ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Անկարային կամ Բաքվին կսադրի Հայաստանի դեմ: Սակայն «միհրանյանյանների» վրա պետք չէ զարմանալ. նրանց համար Հայաստանը միշտ եղել է խոպան, որտեղ ահռելի գումարներ են վաստակել` մանր ու մեծ ծառայություններ մատուցելով Հայաստանի կամ Ռուսաստանի իշխանություններին:

Ավելի զավեշտական է այն, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին նվաստացուցիչ և դիլետանտ հայտարարություներ են անում Հայաստանի պաշտոնյաները: Ըստ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ Հայաստանի մուտքը ՀԱՊԿ այլընտրանք չունի, քանի որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիայի հետ նույն բլոկում հայտնվելն է. «Եթե ռուսական ռազմաբազան չպետք է այստեղ լինի, ապա ո՞ր բազան, թուրքակա՞ն բազան պետք է լինի: Ես թուրքական բազային կողմ չեմ»: Այս հայտարարությունը, որն իր վրա կրում է ռուսական քաղաքականության կնիքը, պարզապես աչքի է զարնում իր պարզունակությամբ և պրիմիտիվությամբ: Նախ` ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում հետևանք է ոչ թե ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության, այլ` հայ-ռուսական երկկողմ պայմանագրերի:

Կարծում եմ` Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պետք է իմանար այս մասին: Երկրորդը` Շարմազանովը, որպես պատմաբան, պարտավոր է իմանալ, որ նույնիսկ Սառը պատերազմի տարիներին մի շարք երկրներ ունեցել են ոչ բլոկային կարգավիճակ: «Կամ-կամ»-ի պարտադրանքը վաղուց չի գործում միջազգային հարաբերություններում: Եվ վերջապես` Թուրքիան վաղուց չի նույնանում արևմտյան քաղաքականության, ՆԱՏՕ-ի հետ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական էլիտան «արձակուրդում» է` անկախ եղանակից, և չի հետևում միջազգային անցուդարձին: Երբեմն լռությունն ավելի գնահատելի է, քան չմտածված խոսքը:

Картинки по запросу Andranik Mihranyan

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20