Մոսկվայում մեծանալու է ԼՂ խնդիրը Սառը պատերազմի տրամաբանությանը ենթարկելու գայթակղությունը

- in Կեղտոտ լվացք
paterazm

Ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր ճգնաժամն անխուսափելիորեն ազդելու է նաև ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա, որովհետև այս երկու երկրները Մինսկի խմբի համանախագահության անդամ են, ու հակամարտության շուրջ ստատուս քվոն կամ դրա փոփոխությունը մեծապես պայմանավորված են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններով:

Տեսականորեն հնարավոր է, որ Ռուսաստանի և ԱՄՆ իշխանությունները որոշեն պահպանել այն «պատուհանները», որոնց միջոցով երկու երկրները քիչ թե շատ արդյունավետ համագործակցում են: Այդպիսի արդյունավետ հարթակներից մեկը Մինսկի խմբի համանախագահությունն է, որտեղ Մոսկվան ու Վաշինգտոնը, համենայնդեպս, չունեն անհաղթահարելի հակասություններ:

Մյուս կողմից՝ ԼՂ խնդրում, այլ լոկալ հարցեում ռուս-ամերիկյան հաջողված համագործակցությունը կարող է հեռանկարում ճանապարհ բացել երկու երկրների միջև առկա գլոբալ ճգնաժամը հաղթահարելու համար: Սա լավատեսական, սակայն, անկեղծ լինենք, քիչ հավանական տարբերակ է, եթե նկատի ունենանք այս օրերին Վաշինգտոնից ու Մոսկվայից հնչող փոխադարձ անհանդուրժողական ելույթները:

Շատ ավելի հավանական է, որ ռուս-ամերիկյան ճգնաժամը հանգեցնելու է նրանց փոխգործակցության թուլացմանը նաև ԼՂ խնդրում, մի բան, որի ականատեսն այս օրերին լինում ենք Ուկրաինայի արևելյան շրջաններում, Սիրիայում, Բալկաններում: Նման վիճակի կրկնությունը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում հանգեցնելու է համանախագահության ինստիտուտի ճգնաժամին, մեծացնելու է ստատուս քվոյի փոփոխության ռիսկերը նոր պատերազմի սանձազերծման կամ Մոսկվայի միակողմանի քայլերի հետևանքով:

Բանն այն է, որ Հարավային Կովկասում օբյեկտիվորեն ավելի մեծ է Մոսկվայի ազդեցությունը և հատկապես Ղարաբաղյան գործընթացում, եթե հաշվի առնենք նաև Հայաստանի և Ադրբեջանի ռեժիմների բովանդակությունը, որոնք անհամեմատ խոցելի են Ռուսաստանի համար:

Մեծ է հավանականությունը, որ Մոսկվայում մեծանալու է ԼՂ խնդիրը, այսպես կոչված, Սառը պատերազմի տրամաբանությանը ենթարկելու գայթակղությունը, այլ խոսքով՝ հակամարտությունը մոնոպոլ կառավարելու ցանկությունը: Սա հայկական կողմի համար հղի է անցանկալի հետևանքներով, որովհետև կարող է կրկնվել 2015-2016թթ. սցենարը, երբ Մոսկվան, ըստ էության, հրաժարվել էր Մինսկի խմբի ձևաչափից և գործընթացը տեղափոխել էր հայ-ռուս-ադրբեջանական ֆորմատ, որը ենթադրում էր հայկական կողմի միակողմանի զիջումներ՝ Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունն ուժեղացնելու, հակամարտության գոտում ռուսական ռազմական ներկայություն ապահովելու նպատակով: Դրան էին միտված, այսպես կոչված, «Լավրովի պլանը» և ռուսական քարտ-բլանշով Ադրբեջանի սանձազերծած պատերազմը:

2016-ի ապրիլին հայկական բանակն իր հերոսականությամբ կանխեց այս վտանգավոր ծրագիրը, որին իր անողնաշարությամբ տրվել էր նաև հայկական դիվանագիտությունը: Հիմա պատմությունը կարող է կրկնվել. միջազգային ոչ բարենպաստ համատեքստը մեծացնում է ղարաբաղյան նոր պատերազմի կամ Ղարաբաղի ռուսականացման վտանգը:

Հայկական դիվանագիտությունը պետք է հավատարիմ մնա բացառապես կարգավորման Մինսկի եռանախագահության ձևաչափին և հետևողականորեն դիվերսիֆիկացնի երկրի արտաքին քաղաքականությանությունը՝ Մոսկվայի հնարավոր ճնշումներին դիմակայելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20