Մոսկվայում տրվել է Արցախի «ռուսականացման» ծրագրի մեկնարկը

- in Հրապարակ
235
Jirinovsky Zhirinovski

Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը տեղեկացնում է, որ Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, Ռուսաստանի Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը մտադիր է մոտ ապագայում Մոսկվայում նախաձեռնել չճանաչված հանրապետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների համագումար:

Ադրբեջանական կայքերի տեղեկատվությանը մենք վերաբերում ենք խիստ վերապահումով, որովհետև դրանք, առանց բացառության, վերահսկվում են Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից: Սակայն այս անգամ տեղեկատվությունը մի քանի պատճառով արժանահավատ է թվում: Կայքը հղում է անում Ժիրինովսկու կուսակցության լրատվական ծառայությանը` վերջինիս տեղեկատվությունը մատուցելով առանց սեփական մեկնաբանության և հավելումների: Այսինքն, մենք, ըստ էության, գործ ունենք ՌԼԴԿ-ի տեղեկատվության հետ, որը տարածվել է ադրբեջանական կայքով:

Մյուս կողմից` տարածված տեղեկատվությունը միանգամայն տեղավորվում է Մոսկվայի քաղաքականության շրջանակում: Նախ` նկատենք, որ Չեռնիշովն իր նախաձեռնությունը մոտիվացրել է խիստ կասկածելի մի հիմնավորմամբ, թե իբր վերջերս Երևանում տեղեկացվել է, որ Արցախի չճանաչված հանրապետությունում կոպտորեն ոտնահարվում են քաղաքացիների քաղաքական, սոցիալական իրավունքները, այդ թվում` ռուսական անձնագրեր ստանալու հարցում:

Տեսեք, թե ռուսական քարոզչությունն, ադրբեջանցիների հետ միասին, ինչպիսի մտացածին լեգենդ է հորինում Արցախի «բռնապետության» մասին: Սակայն սա չէ ամենաէականն ու վտանգավորն, այլ այն, որ տրվում է Արցախի «ռուսականացման» քաղաքականության մեկնարկը:

Ինչպես հայտնի է` Ժիրինովսկին և նրա կուսակցությունը Կրեմլի կայսերական ծրագիրը սպասարկող գործիքներից են: Սովորաբար` Ժիրինովսկու միջոցով փորձարկվում, հղկվում են գաղափարներ, նախաձեռնություններ, որոնք հետո դառնում են պետական քաղաքականություն: Վերջերս Մոսկվայում շրջանառության մեջ է մտել ԼՂ կարգավորման գործընթացը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով շարունակելու գաղափարը: Կրեմլամերձ կայքերից մեկը զբաղված է այս վտանգավոր գաղափարի տիրաժավորմամբ:

Գրեթե համոզված ենք, որ Չեռնիշովի նախաձեռնությունը այս գաղափարի առաջին դրսևորումներից մեկն է և չի բացառվում, որ ՀԿ ներկայացուցիչներից հետո Մոսկվա հրավիրվեն Արցախի պետական իշխանության ներկայացուցիչները:

Մոսկվայում, ըստ ամենայնի, տրվել է Արցախի «ռուսականացման» ծրագրի մեկնարկը: Թերևս Մոսկվայում հաշվարկել են, որ ռուսական զինուժը հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ավելի հեշտ կարելի է մտցնել Արցախի իշխանությունների միջոցով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20