Մոսկվան վաղուց չի հավատում արցունքներին

- in Կեղտոտ լվացք
102
Karen Karapetyan

Մի կողմից՝ քաղաքականության ֆիասկոն, մյուս կողմից՝ հավակնությունները Կարեն Կարապետյանին դրել են ցայտնոտի մեջ, և նրա քայլերը դարձել են տարերային՝ սխալի մեծ ռիսկայնությամբ: Արմավիրի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ նրա քրեական լեքսիկոնն ասվածի վկայությունն է և հաստատում է այն կարծիքը, որ Կարեն Կարապետյանը չի վերահսկում ոչ միայն իրավիճակը, այլ նաև իր վարքագիծը:

2018-ի ապրիլը, երբ հանգուցալուծվելու է իշխանության հարցը, սարերի հետևում չէ, սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը չունի գեթ մեկ ձեռքբերում: Էլ չխոսենք այն մասին, որ Կարապետյանը այդպես էլ չի դարձել քաղաքական գործոն, և նրա վարչապետության պահանջն, ըստ էության, չի ձևակերպվում ոչ ՀՀԿ-ում, ոչ էլ քաղաքական կշիռ ունեցող որևէ կուսակցության կողմից:

Հայկական «Գելափը», որը վերահսկվում է Բաղրամյան 26-ի կողմից, օրերս հրապարակեց սոցհարցման թվեր, որոնք վկայում են Կարապետյանի վարկանիշի 10%-անոց անկման մասին: Հարցն այն չէ՝ իրակա՞ն, թե՞ մտացածին է այդ թիվը, որովհետև սոցիոլոգիան Հայաստանում ոչ թե գիտություն է, այլ գործիք, որի միջոցով իշխանությունները մոդելավորում են քաղաքական գործընթացները և կոնկրետ սուբյեկտների վարքագիծը: Այսինքն՝ եթե բարձրաձայնվում է Կարեն Կարապետյանի վարկանիշի անկման մասին, ապա հող է նախապատրաստվում նրա պաշտոնանկության համար, որը պարտադիր չէ, որ տեղի ունենա այսօր կամ վաղը, նույնիսկ 2018-ի ապրիլին: Կարեն Կարապետյանը որոշել է անցնել հակահարձակման՝ թույլ տալով հերթական ակնհայտ վրիպումը: Նա, այսպես կոչված, կոնտրհարցում է կազմակերպել:

Հարցն այն է, որ քաղաքական թիմի բացակայությունը նրան ստիպել է օգտվել «Ժողովրդի ձայնը» ՀԿ-ի ծառայություններից: Լայն հասարակությանն անծանոթ այս կազմակերպությունն ըստ էության քարոզչական փոքր խմբակ է, որը կատարում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մանր հանձնարարությունները, օրինակ՝ պահանջում է Հայաստանի «ՀԿ-ների մասին» օրենքը համապատասխանեցնել ռուսական չափանիշներին, այսինքն՝ մեր երկրում օրենսդրորեն ոչնչացնել քաղաքացիական հասարակությունը:

Ահա այս ՀԿ-ի ներկայացուցիչը երեկ ասուլիս է հրավիրել, խոսել է իրենց անցկացրած հարցման մասին, ապա արձանագրել է. «Հարցվողների գերակշիռ մասը հույսեր է կապում Կարեն Կարապետյանի կառավարության և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամության հետ»:

Հեռու ենք այն մտքից, որ այս հարցման հետևում կանգնած են ռուսները: Ավելի շուտ՝ համոզված ենք, որ Կարեն Կարապետյանն է իր ծառայությունն առաջարկում ռուսներին՝ սեփական անձը ասոցացնելով ԵՏՄ-ի հետ: Կարեն Կարապետյանի հնարքը նորություն չէ մեր քաղաքական կյանքում. ռուսական հետքի վրա տարիներ շարունակ դուրս են եկել իշխանությանը հավակնող Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմադիրները, նաև՝ իշխանության այն գործիչները, ովքեր հավակնություններ են ունեցել: Նրանք բոլորը, որպես կանոն, ձախողվել են, որովհետև Մոսկվայում գերադասում են գործ ունենալ սատելիտ երկրի իրական իշխանության հետ, իսկ իրենց ինքնակամ տրվող գործիչներին օգտագործում են Հայաստանի նախագահից զիջումներ կորզելու նպատակով:

Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի հեռանալու է Մոսկվային արվող հավատարմության երդումների համատեքստում: Իհարկե, սա չի երաշխավորում նոր, բարձր ռոճիկով աշխատավարձ Ռուսաստանում, որովհետև Մոսկվան վաղուց չի հավատում արցունքներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20