Մոսկվան և Թեհրանն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ

- in Կարծիք
139
Dzerqer

Իրանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին գնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհով:

Նման հայտարարությամբ Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին: Խիստ ուշագրավ է, որ այս անդրադարձն անմիջապես հաջորդել է Իրանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը և ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի մասնակցել Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Ճիշտ չի լինի ասել, թե Թեհրանի՝ ղարաբաղյան դիրքորոշման մեջ արմատական փոփոխություն է եղել կամ ԱԳՆ խոսնակը կարգավորման բովանդակության մասով ինչ-որ բացահայտում է արել, սակայն դժվար չէ նկատել Քասեմիի խոսքի երկու կարևոր շեշտադրում: Եթե իրանցի դիվանագետն իր երկրի ու Ադրբեջանի հարաբերություննները գնահատել է «լավ» համեստ բառով, ապա Հայաստանի մասին խոսելիս` օգտագործել է «բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերությունններ» խոսուն ձևակերպումը:

Իրանի ԱԳՆ խոսնակի մյուս կարևոր շեշտադրումն արդեն վերաբերում է կարգավորման գործընթացին` գոնե անուղղակիորեն: «Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում զարգացումներին, հատկապես մեր սահմանային հատվածներում: Մենք հետևում ենք մեր սահմաններին և թույլ չենք տա, որ հակամարտությունը վնասի սահմանային տարածքների մեր բնակչությանը»,- ընդգծել է Քասեմին: Նա նաև նշել է, որ այս խնդրում մշտապես եղել է նաև այլ ուժերի միջամտության հետ կապված մտահոգությունը: Քասեմին, ըստ էության, արտահայտվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում ստատուս-քվոյի պահպանման օգտին, մի բան, ինչին, ըստ էության, ձգտում է հայկական դիվանագիտությունը` Մինսկի համանախագահության արևմտյան ներկայացուցիչների անուղղակի աջակցությամբ:

Իրանցի դիվանագետի խոսքերն անուղղակի արձագանք են Մոսկվայի ջանքերին` հակամարտության գոտում ռազմական ներկայություն ունենալու հարցում: Փաստորեն, այս հարցում Մոսկվան և Թեհրանն ունեն տրամագծորեն հակադիր մոտեցումներ: Վերջին շաբաթներին հայ-իրանական հարաբերություններում նկատվում է որակական տեղաշարժ, ինչը Երևանի դիրքերը կարող է ամրապնդել ԼՂ կարգավորման գործընթացում, ինչպես նաև դնել տարածաշրջանային համագործակցության նոր մոդելի հիմքերը` Իրան-Հայաստան-Վրաստան առանցքով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20