Նորագավիթում խաղալուց հետո 7-ամյա երեխան կրկնակի վրաերթի է ենթարկվել. սարսափելի դեպքի մանրամասները

- in Իրավունք
vtar

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Նորագավիթում 7-ամյա տղայի կրկնակի վրաերթի գործի դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին 44  համարի երթուղային տաքսու վարորդ Արման Բադալյանն է, ում խափանման միջոցը կալանավորումն է:

Ըստ մեղադրանքի՝ «2016 թվականի մայիսի 7-ին, ժամը 12-ն անց  10-ի սահմաններում Արման Բադալյանն իրեն ամրակցված «Գազելով», մոտ 10-12 ուղևորներով երթևեկել է Արշակունյաց պողոտայի կողմից Նորագավիթ 1-ին փողոցով դեպի Արտաշատի խճուղու ուղղությամբ, աջ մայթեզրից մոտ 1,5 մետր հեռավորությամբ, շուրջ 30 կմ/ժ արագությամբ: Չհասած Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկին՝ Բադալյանը նկատել է հանդիպակաց  ուղեմասի մայթի տարածքում կանգնած կնոջ ու երեխաների, որից հետո միկրոավտոբուսի արագությունն իջեցրել է մինչև 10 կմ/ժ և շարունակել է երթևեկությունը նույն ուղղությամբ, որի ընթացքում տեսել է մայթի տարածքից դեպի երթևեկելի մասի ուղղությամբ ուղիղ անկյան տակ, արագ վազքով շարժվող երեխային: Այդ ընթացքում Բադալյանը խախտել է ՃԵԿ 67 կետի պահանջները՝ ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն՝ ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել միկրոավտոբուսի ընթացքը, որի արդյունքում վրաերթի ու վրաանցման է ենթարկել մանկահասակ Վլադիմիր Մ.-ին՝ անզգուշությամբ պատճառելով մահ, որից հետո թողել է պատահարի վայրն ու հեռացել է»:

Ըստ գործի տվյալների՝ 7-ամյա երեխան իր քրոջ ձեռքից բռնած, այլ երեխաների հետ կանգնած է եղել հիշյալ վայրում՝ հենց մայթեզրին: Երեխան պոկվել է քրոջ ձեռքից ու վազքով փորձել է հատել փողոցը: Նա սկզբում վրաերթի է ենթարկվել դեպի Երևան ուղեմասով ընթացող մուգ գույնի «Ֆոլքսվագեն»-ի կողմից: Մեքենան, որ ընթանում էր մոտ 50 կմ/ժ արագությամբ, երեխային հարվածել է առջևի կենտրոնական մասով: Հարվածից երեխայի մարմինը շպրտվել է դեպի առաջ  ու՝ կողք: «Գազելի» ուղևորները տեսել են այս վրաերթը, միկրոավտոբուսն ընթանում էր հանդիպակաց ուղեմասով՝ 10 կմ/ժ արագությամբ: Շպրտված երեխան ընկել է ճանապարհի այն հատվածին, որտեղով անցել է Գազելի հետևի ձախ անվադողը: Այդ անվադողով երեխան մահացու վրաանցման է ենթարկվել…

Գործով վկայի կարգավիճակ ունի երեխային առաջինը վրաերթի ենթարկած «Ֆոլքսվագենի» ղեկին գտնված երիտասարդը, ով հարցաքննվել է նախորդ դատական նիստում…

Գ. Հարությունյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, վարել է իր հայրիկի՝ Կարամելի Հարութի վարորդի անձնական օգտագործման մեքենան: Նա, ինչպես տուժող ընտանիքը, Նորագավիթից է:

Դատարանը հրապարակեց գործում առկա մի քանի փաստաթղթեր: Մասնավորապես՝ 2017 թվականի ապրիլի 6-ին քննիչը որոշում է կայացրել «Ֆոլքսվագենի» ղեկին գտնված Գ. Հարությունյանի և նրա հայրիկի՝ մեքենայի սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Ապրիլի 10-ին մեղադրանք է առաջադրվել երթուղային «Գազելի» վարորդ Արման Բադալյանին, ով մեղադրանքը չի ընդունել, հրաժարվել է ստորագրելուց, բայց  և… ստորագրել է մեղադրանք առաջադրելու որոշումը…

Ապրիլի 11-ին Արման Բադալյանի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատարանը հետազոտեց դատահետքաբանական-դատաբժշկական համալիր փորձաքննության հետևությունների մասը, համաձայն որի՝ երեխան առաջին տրավմատիկ հարվածը ստացել է ստորին վերջույթների շրջանում՝ «Ֆոլքսվագեն» մեքենայի առջևի ձախակողմյան հատվածի արտացցված դետալների կողմից: Այդ հարվածի արդյունքում երեխայի մարմնին արագացում է հաղորդվել, մարմինը շպրտվել է առաջ ու ձախ… հայտնվել է գետնին… երեխայի մարմնի հետին մակերեսի վրայով վրաանցում է կատարել «Գազելի» հետևի ձախ կողմի անվադողը: Երեխայի մահը պայմանավորող մարմնական վնասվածքները կարող էին առաջանալ ինչպես երեխայի մարմինը գետնին համահարվածելու, այնպես էլ «Գազելի» կողմից վրաանցման ու քարշակման հետևանքով…

Ըստ փորձաքննության եզրակացության՝ «Ֆոլքսվագենի» կողմից առաջին տրավմատիկ հարվածը հասցնելու արդյունքում երեխայի մարմնին կարող էին վնասվածքներ չառաջանալ՝ դրան կարող էր նպաստել հետիոտնի՝ դինամիկ վիճակում գտնվելը…

Դատարանը շարունակեց այս բացառիկ դաժան դեպքին ականատես վկաների հարցաքննությունը:

Վկա Սարգիս Գ.-ն դեպքի ժամանակ եղել էր երթուղային «Գազելի» ուղևորներից մեկը՝ Երևանից գնում էին Այնթապ: Սարգիսը նստած էր «Գազելի» հետևի չորս տեղերից մեկում՝ ընկերոջ հետ:

Վկան ասաց, որ «Գազելի» վարորդ Արմանը իր համագյուղացին է: Տուժողի իրավահաջորդին՝ մահացած երեխայի հայրիկին, վկան չէր ճանաչում:

Վկան ասաց. «Բուն դեպքը մոռանալ չի լինի…»:  Դեպքից առաջ նա ընկերոջ հետ ասում-խոսում-ծիծաղում էր, ճանապարհին չէր նայում: Բայց հանկարծ «կանանց ղժժոց լսեցինք, ֆռռացինք… դուրսը ժողովուրդ էր հավաքվել…»:

Սարգիսն իջել է «Գազելից», առջևի մասից շրջանցել է այն ու գնացել է հետ՝ այնտեղ, ուր ընկած էր երեխայի մարմինը… Ոչ մեկը «ռիսկ չէր անում մոտենալ», բայց մի երիտասարդ համարձակվել, մոտեցել ու գրկել է երեխային, սկսել են մեքենա փնտրել՝ երեխային հիվանդանոց հասցնելու համար… Վերջապես մի «Ֆորդի» վարորդ երեխային տեղափոխել է իր մեքենայով, Սարգիսը մնացել է դեպքի վայրում. «Ժողովրդի խժդժոցի մեջ մենք էլ կանգնած էինք… Երեխայի կերպարը աչքերիս դեմն ա… Դաժե հետո ոտքով ենք տուն գնացել, որ ցվրվենք էդ վիճակից… Մոտ կես ժամ ենք մնացել դեպքի վայրում… «Գազելը» էդ կես ժամվա ընթացքում գնաց… «Ֆոլքսվագենն» էլ դեպքի վայրից տարան…»:

Ըստ վկայի՝ երեխայի մարմինն ընկած էր «Գազելի» հետևի ձախ անվադողից 30 սմ հետ…  «Գազելի» մեջ 7-8 ուղևորներ կային, այդ թվում՝ երկու ջահել աղջիկ, որոնցից մեկը նստած էր վարորդի հետևի երեք նստատեղերից մեկին…

Վկան ասաց, որ համընդհանուր «ղժժոցի ձեների մեջ» չեն կողմնորոշվել՝ դմփոցը կոնկրետ ինչից էր առաջացել…

Վկան դեպքի վայրում տեսել է տուժած երեխայի քրոջը, ում ձեռքը բաց էր թողել ու փողոց էր վազել երեխան: Աղջիկը լաց էր լինում ու կանչում էր՝ապերս, ապերս…

Ըստ վկայի լսած տեղեկությունների՝ երեխաների «ջանգյուլում» էին խաղացել, հետո հավաքվել էին, որ փողոցն անցնեն: Այդ ժամանակ էր տղան պոկվել քրոջ ձեռքից: Տղայի 7 տարին պիտի բոլորեր դեպքից մի քանի օր հետո…

Ըստ վկա Սարգիսի՝ «Գազելը» կանգնած չի եղել, ինչպես իր ցուցմունքում նշում էր «Ֆոլքսվագենի» վարորդը, «Գազելը» շարժվում էր հանգիստ, շատ դանդաղ…

Վկան պնդեց, որ «Գազելի» վարորդ Արմանը դեպքից անմիջապես հետո մեքենան կանգնեցրել ու իջել է, ինքը հիշում է նրա սարսափած դեմքը. «Ով էլ էդ դեպքը տենար, կսարսափեր…»:

Հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 13-ին, դատարանը կփորձի ապահովել չներկայացող վկայի ներկայությունն ու հարցաքննել նրան նույնպես:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20