Ո՛չ վերջն է երևում, ո՛չ էլ՝ արդյունքները

- in Տնտեսական
169
karen-karapetyan

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուն պես բարեփոխումների ակտիվ գործընթաց սկսեց, որի ո՛չ վերջն է երևում, ո՛չ էլ՝ արդյունքները:

Ի սկզբանե հայտարարվեց Ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ-երի) փակման մասին: Գործընթաց սկսվեց, 4-5 ԾԻԳ-երի «օպտիմալացումից» հետո, սակայն, հասկանալով նախաձեռնության վտանգավորությունը՝ ետքայլ արվեց անորոշ ձևակերպումով, դրան անդրադառնալու խոստումով: Ավելի ուշ նախաձեռնվեց տեսչական մարմինների բարեփոխումների գործընթաց, որի նպատակն էր պետական 18 տեսչությունները վերակազմակերպել՝ թողնելով 6-ը: Սրանցից մի քանիսը լուծարվեցին, մեկ-երկուսը միավորվեցին, և այս գործընթացն էլ ավարտ չունեցավ: Այստեղ հետաքրքիր դրվագ կար այն առումով, որ տեսչական մարմինների համար սահմանվեցին գնահատման չափորոշիչներ՝ ըստ ոլորտների:

Առողջապահական տեսչական մարմնի դեպքում, օրինակ, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլին որոշում ընդունվեց, որ դրա ղեկավար կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, վերջին 10 տարվա ընթացքում պետական կառավարման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Տրամաբանական որոշում է, որովհետև պաշտոնը ստանձնողը պետք է ոլորտի վերաբերյալ գոնե նվազագույն գիտելիքների տիրապետի, նրա կառավարման վերաբերյալ պատկերացում, կառավարման համակարգում աշխատանքային որոշակի փորձ ունենա:
Ցավոք, նույնիսկ 100 օր չանցած կառավարությունը ոտնեց իր իսկ որոշումը, իր սահմանած բոլոր չափանիշները՝ առողջապահական տեսչական մարմնի ղեկավար նշանակելով անձնավորության, որը վերոնշյալ պահանջներից բավարարում էր ընդամենը մեկին՝ բարձրագույն կրթության կետին:

Կառավարությունը այս հարցում «սխալվեց», քանի որ ի սկզբանե էլ պրն Կարապետյանի նշանակումները բոլորովին էլ չեն բխել այն սկզբունքից, որ նշանակվող պաշտոնյան պետք է բավարարի իմացության որոշակի նվազագույն չափորոշիչների: Ահավասիկ, ստեղծվում է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, որի ղեկավար է նշանակվում ընդամենը երեք ամիս առաջ հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական դարձած, հասարակական կազմակերպությունների խորհուրդների անդամ իրավաբանը, որը, սակայն, ծրագրեր պետք է մշակի էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, բնապահպանության ոլորտների համար:

Դեռ 2000թ.-ին Հայաստանում և Սփյուռքում գիտական մտքի համախմբման, գիտահետազոտական գործունեության իրականացման, մասնագետների պատրաստման և վերապատրաստման, կրթամեթոդական նոր մեխանիզմների մշակման ու ներդրման, տեղեկատվական ցանցի ստեղծման, հրատարակչական գործունեության իրականացման, գիտական սեմինարների, գիտաժողովների, համաժողովների անցկացման համար Հայաստանի կառավարության կողմից ստեղծվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը:

Ավելի ուշ ստեղծվեց «Ի Վի Կոնսալտինգ» ՓԲԸ-ն, որը լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում տնտեսության զարգացման հարցերում, և որի առաջարկություններից ակտիվորեն օգտվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կարեն Կարապետյանը ցանկության դեպքում կարող էր հենվել այս մասնագիտացած կառույցների (հատկապես «Ի Վի Կոնսալտինգ» ՓԲԸ-ի) վրա: Սակայն նա գերադասեց ստեղծել նորը, որը միանշանակ զիջում է իր փորձառությամբ և պրոֆեսիոնալիզմով:

Նույնը տեղի ունեցավ որպես առաջնահերթություն հռչակված գյուղատնտեսության ոլորտում. երկու ինստիտուտներ լուծարվեցին, ստեղծվեց գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ղեկավարում է իրավաբան, ազգագրագետ, ոլորտի հետ երբևիցե առնչություն չունեցած անձնավորությունը:

Տնտեսության մեջ ամենածանր վիճակը ջրային համակարգում է: Մինչդեռ վարչապետը Ջրտնտպետկոմի նախագահ է նշանակում գազի ոլորտի տնտեսագետի, որը ոչ այս ոլորտի կրթություն ունի և ոչ էլ աշխատանքային փորձառություն: Նույն սկզբունքով Արարատի մարզի 4 ՋՕԸ-ները միավորում են, և տնօրեն է կարգվում գազի ոլորտի բոլորովին երիտասարդ, անփորձ աշխատակիցը, որը այս համակարգ է տեղափոխվել ընդամենը մի քանի ամիս առաջ:

Այդօրինակ ոչ պրոֆեսիոնալների նշանակումների ցանկը կարելի է շարունակել: Ընդ որում, այդ նշանակումները ավելի հաճախ տեղի են ունենում նոր մարմինների, պաշտոնների ձևավորումով: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ նախաձեռնությունների հաջողությունը պայմանավորված է մասնագետների պրոֆեսիոնալիզմով, կադրերի իմացությամբ: Եթե Արծվիկ Մինասյանը, լինելով տնտեսագետ ու իրավաբան, աշխատում է բնապահպան, դա մի կերպ ընդունելի է, քանի որ շատերը պնդում են, որ նախարարի գործը լավ թիմ ստեղծելն ու կառավարելն է: Բայց վերոնշյալ դեպքերում գործ ունենք անմիջապես ծրագրերը կյանքի կոչողների հետ, որը պայմանավորված է միմիայն նրանց պրոֆեսիոնալիզմով: Մինչդեռ նշյալ և բազմաթիվ չթվարկված պաշտոններում ոչ մեկը պրոֆեսիոնալ չի, ոլորտը չի պատկերացնում: Հետևաբար կառավարության բոլոր ծրագրերը դատապարտված են ձախողման, եթե ստորին, կյանքի կոչող հատվածում պրոֆեսիոնալ մասնագետներ չկան:

Թերևս տեղին էր ՀՀ կառավարության 2017թ. տեսչական մարմինների վերաբերյալ ընդունված որոշումը, այն պետք էր մասսայականացնել բոլոր ոլորտների համար, ցավոք, պարզվեց, որ ընդունել են ընդունելու համար և ոչ ավելին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20