Ո՞րն է կենտրոնական իշխանության՝ վարչապետի, կառավարության գործը

- in Կարծիք
76
karavarutyan

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Արմավիրի քաղաքապետի հասցեին կշտամբանքների տարափով վարչապետ Կարեն Կարապետյանը գրավեց հանրային մեծ ուշադրություն: Հայտնի տեսանյութը դարձավ բավական դիտարժան:

Ինչպես ասում են՝ եթե հանրությանը չի հաջողվում ապահովել «հացով», ապա պետք է չուշացնել «տեսարանները»: Իսկ «հացով» հանրությանն ապահովել Կարեն Կարապետյանի մոտ չի ստացվում ակնհայտորեն: «Տեսարանները» ստացվում են հարաբերականորեն, քանի որ դրանք, իհարկե, ապահովում են դիտարժանություն, սակայն դրանց արձագանքը հակասական է: Այսինքն՝ «բարի ցարի» էֆեկտի հարցում համոզված լինել պետք չէ, քանի որ հանրության մի զգալի մասը այլևս համարում է, որ Կարեն Կարապետյանը միայն խոսում է, իսկ գործ՝ չկա:

Կարեն Կարապետյանը Արմավիրի քաղաքապետին մատնացույց էր անում՝ մեղմ ասած, որ նրա գործը, որ ՏԻՄ կարևոր գործերից մեկը քաղաքի աղբահանությունը կազմակերպելն է, բնակիչների համար հարմարավետ պայման ստեղծելը:

Կարապետյանը երիցս իրավացի է: Սակայն հարց է ծագում՝ իսկ ո՞րն է կենտրոնական իշխանության, այս դեպքում՝ վարչապետի, կառավարության գործը: ՏԻՄ մարմինների վրա պարբերաբար խոսելը և ցույց տալը, որ նրանք չե՞ն անում իրենց գործը, որ նրանք չունե՞ն կրեատիվություն, որ նրանք չունե՞ն բավարար մենեջերական կարողություններ, գրագետ չե՞ն, չե՞ն համապատասխանում ներկա պահանջներին, չե՞ն զբաղվում իրենց գործով և այլն: Դա՞ է վարչապետի, կառավարության գործը: Դա լրագրողի գործ է կամ ընդդիմադիր գործչի, բայց ո՛չ վարչապետի, ո՛չ կենտրոնական իշխանության բարձրաստիճան որևէ կառույցի՝ լինի նախագահ, կառավարություն, թե ԱԺ նախագահ կամ մեծամասնության պատգամավոր:

Այն, որ ՏԻՄ կառույցների ճնշող մեծամասնությունը չի զբաղվում իր գործով՝ անհերքելի է, բայց արդյո՞ք նախագահը, վարչապետը, կառավարությունը զբաղվում են իրենց գործով, անում են քաղաքացիների համար իրենց հասանելիքը, այսինքն՝ ապահովում են տնտեսական զարգացման և ներդրումների համար բավարար միջավայր, օրենսդրական դաշտ, ապահովում են իրավահավասարությունն ու դատական անկախ արդարադատությունը, ապահովում են պետության անվտանգությունը թե՛ սահմանում, թե՛ ներքին քրեածին իրավիճակի մասով, ապահովում են իշխանության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Եթե վարչապետը էական ձեռքբերումներ արձանագրեր այդ խնդիրների ուղղությամբ, որոնք շոշափելի կլինեին հանրային լայն շրջանակների համար, որոնք չէին լինի հարաբերական, ապա ոչ միայն պետք էր ծափահարել ՏԻՄ կառույցների ուղղությամբ նրա վարչադասախոսական գործունեությանը, այլև միանալ, աջակցել, բացահայտել և այլն: Բայց Հայաստանում չկա «հաց», կա աճող արտագաղթ, նվազող բնակչություն, մնացողների սոցիալ-հոգեբանական աղետալի վիճակ, և այդ պայմաններում կառավարությունն այլ բան չի մտահղանում, քան խաղալ «բարի ցարի» և «անարժան», «անճար» և «խաբեբա» «ենթակաների» տեխնոլոգիայի վրա:

Գործադիր թիմն ըստ երևույթին կարծում է, որ մարդկանց Հայաստանում հնարավոր է պահել այդօրինակ դիտարժանությամբ, այսինքն՝ մարդիկ չեն մեկնի Հայաստանից վարչապետի մարզային այցելությունների տեսագրությունները դիտելու համար: Կառավարությունում թերևս մոռանում են, որ համացանցային դարում դա հնարավոր է անել, ասենք, Կալուգայում էլ, բջջային հեռախոսով, արտագնա աշխատանքի ընդմիջումների ժամանակ:

Այսինքն՝ նույնիսկ քարոզչական տեխնոլոգիայի առումով կառավարությունն ինքը չի արձանագրում արդիականացում և աճ, կրեատիվություն: Այն դեպքում, երբ անընդհատ դժգոհություններ են հնչում ՏԻՄ կառույցների, հանրության ոչ «կրեատիվության» կապակցությամբ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20