Ո՞ր մարզերում են հարկ վճարողներն ավելացել

- in Տնտեսական
78
PEK

Վերջին տարիներին Հայաստանի բոլոր կառավարությունների ծրագրային առաջնահերթությունների մեջ եղել է ու կա հանրապետության տարածաշրջանների զարգացման անհամաչափությունների նվազեցման, մարզերի, սրանց և մայրաքաղաքի միջև խորացած անջրպետի մեղմման, հանրապետության տարածաշրջանների համաչափ զարգացման հարցը: Այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունավետությունը երևում է միայն հարկային դաշտում:

Ահավասիկ. Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների առաջին կիսամյակի ցանկն ու նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի քանակները: Համեմատելով ընդամենը երկու տարի առաջվա՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալների հետ՝ կարելի է պատկերացում կազմել, թե վերջին երկու տարիներին որքանով է կառավարություններին հաջողվել հանրապետության տարածաշրջանների զարգացման անհամաչափությունը մեղմել: Հասկանալի է, որ դա կարճ ժամանակամիջոցում լուծելիք հարց չէ, այդուհանդերձ՝ գոնե միտումներից կարելի է պատկերացում կազմել զարգացման հնարավոր հեռանկարների մասին:

2015թ. հազար խոշոր հարկատուների 82.5%-ը գտնվել է Երևանում, 4%-ը՝ Կոտայքում, 3.6%-ը՝ Արարատի մարզում, 2.5%-ը՝ Արմավիրում, 1.7%-ը՝ Սյունիքում, 1.5%-ը՝ Լոռիում, 1.4%-ը՝ Գյումրիում, 0.6-ական տոկոսը՝ Արագածոտնում և Գեղարքունիքում, 0.5%-ը՝ Տավուշում, 0.3%-ը՝ Վայոց Ձորում:

2017թ. հազար խոշոր հարկատուներից 80.5%-ն է գտնվում Երևանում, 5.4%-ը՝ Կոտայքում, 3%-ը՝ Արարատի մարզում, 2.0%-ը՝ Արմավիրում, 1.8%-ը՝ Լոռիում, 1.6%-ը` Սյունիքում, 1.5%-ը՝ Շիրակում, 1.3%-ը՝ Գեղարքունիքում, 0.9%-ը՝ Արագածոտնում 1.0%-ը՝ Տավուշում, 0.5%-ը՝ Վայոց ձորում:

Ստացվում է, որ վերջին երկու տարիներին խոշոր հարկատուների ցուցակում Երևանի խոշոր հարկատուների քանակն ընդհանուրի մեջ նվազել է 2%-ով: Բայց անմիջապես էլ պարզ է դառնում, որ 1.5%-ով ավելացել է Կոտայքի մարզի խոշոր հարկ վճարողների քանակը: Մեծ հաշվով 2015թ.-ին էլ, այս տարի էլ 1000 խոշոր հարկատուներից ավելի քան 800-ը գտնվում են Երևանում, իսկ ընդհանուր թվով 910-920-ը՝ Երևանում ու երևանամերձ՝ Կոտայք, Արարատ, Արմավիր մարզերում:

Հանրապետության հեռավոր մարզերում «ամայի» վիճակ է: Յուրաքանչյուրում միջին հաշվով անգամ 10 «խոշոր» հարկատու չկա: Իհարկե, մարզերից փոքրիշատե ակտիվ են Լոռին ու Սյունիքը, բայց պայմանավորված ընդամենը հանքարդյունաբերության գոյությամբ: Մայրաքաղաքում 10-20 ընկերության նվազումն ու ավելացումը կարելի է պայմանավորել ընդամենը իրավիճակային զարգացումներով՝ հատկապես, որ հեռավոր մարզերում ընկերությունների քանակական աճ չկա: Եթե վերջին երեք-չորս տարիներին այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում են, և գրանցված արդյունքները սրանք են, ապա կհետևի, որ վարչապետի մարզային հանդիպումների արդյունքներին կարող ենք սպասել 2020թ.-ից ոչ շուտ:

Ինչ վերաբերում է մյուս կարևորագույն խնդիրներին, տեղական արտադրության զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը, ապա դիտարկենք, թե որ ոլորտների ընկերություններն են առավել մեծ թիվ կազմում հազար խոշորներից առաջին հարյուրի մեջ: Այստեղ ամենամեծ թվով ներկայացված է ֆինանսական ոլորտը՝ 13 բանկ և մեկ վարկային կազմակերպություն: Գրեթե նույնքան էլ՝ սպասարկման, այդ թվում և առևտրի ոլորտի ընկերություններն են: Վեցական ընկերություններ ներկայացնում են էներգետիկան և հանքարդյունաբերությունը, հինգական՝ սնունդ ներկրող և տեղում արտադրող ընկերությունները: Սննդի մեջ չեն ներառվել ծխախոտ ներկրողները, որոնք 4-ն են: Երեք ընկերություն վառելիքի ներմուծող են, նույնքան էլ՝ կապի ոլորտից: Երկուսը ներկայացնում են գազի ոլորտը:

Սպիրտային խմիչքների արտադրությամբ զբաղվող շուրջ 50 ընկերություններից 4-ն են, որ խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում են: Արդյունաբերության (ոչ սննդի) մյուս ոլորտների ընկերությունները ևս 4-ն են: 100 խոշորների մեջ են սպիրտային խմիչքներ ներկրող 2 ընկերություներ, դեղերի վաճառքով զբաղվող երեք ընկերություններ, 2-ական համալսարան և ՏՏ ոլորտի ընկերություն, մեկական բժշկական կենտրոն, զվարճաառևտրային և ժամանցի համալիրներ, բեռնափոխադրումներ իրականացնող, ավտոմեքենաներ ներմուծող ընկերություններ, ինչպես նաև շինանյութեր ներկրող և վաճառող, շինարարական մի քանի կազմակերպություններ:

Ի՞նչն է էական այս ցուցակում. 100 խոշոր հարկատուների մեջ տեղում արդյունաբերական արտադրանք տվող ընկերությունները հազիվ 13-14-ն են, իսկ մնացյալը հանքարդյունաբերության, առևտրի ու սպասարկումների ոլորտի ընկերություններ և ներկրողներ են: Հետևաբար, անկախ ներկայացվող աճից, տնտեսության ռեալ հատվածը իրականում չի զարգանում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20