Ոռոգման համակարգերի պահպանման համար լուրջ գումարներ են անհրաժեշտ

- in Տնտեսական
jrheghegh jur

Երեկ վարչապետը հանձնարարել է ջրտնտպետկոմի նախագահին երկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններ և դրանց ֆինանսական գնահատականը: Նա նշել է, որ խնդիրը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է:

«Ստեղծված իրավիճակում հանրապետությունում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարության շրջանակում նոր լուծումների մշակումը և իրականացումը դառնում են խիստ անհրաժեշտ: Մասնավորապես, առանցքային դերակատարություն է ստանձնում մակերևութային ջրահոսքերի ամբարումը։ Նշվածի իրագործումը կհանգեցնի ոռոգման ջրառաջարկի պահանջների առավել ամբողջական բավարարման, կառավարման արդյունավետության բարձրացման»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ հարցն օրակարգային է դեռևս անցած դարի 70-80-ական թվականներից: Այնժամ մեր մասնագետները տարիներ տևած ուսումնասիրությունների արդյունքում ընտրել են 108 փոքր ու միջին ջրամբարների տարածքներ, որոնցում հնարավոր է 700 մլն-ից մինչև 1 մլրդ խմ ջուր կուտակել: Մանրամասն հաշվարկել են սրանց տեղերը (գտնվում են հանրապետության գրեթե բոլոր տարածքներում), սնման աղբյուրները, յուրաքանչյուրում կուտակվելիք ջրի քանակը և այլն: Հաշվարկվել է անգամ շինարարության համար անհրաժեշտ գումարները: Ամեն ինչ հասցվել է մի մակարդակի, որից հետո հնարավոր էր գործնական աշխատանքները սկսել: Ղարաբաղյան շարժումով գործընթացը դադարեցվել է: Մեկ անգամ ևս բարձր մակարդակով «108»-ի խնդրին անդրադարձ է եղել 2000-ականներին: Անգամ շինարարության համար միջոցներ են փնտրել: Փորձ է արվել ՀԲ-ի վարկերով իրականացվող «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրով» փոքր ջրամբարների կառուցման խնդիր լուծել:

«108»-ի հեղինակները կան, աշխատում են և ջրտնտպետկոմին ու կառավարությանն այս պարագայում անելու շատ բան չի մնում, քան առաջինին՝ միջնորդել վերջիններիս կառավարությանը ներկայացնելու արված ուսումնասիրությունները, կառավարությանն էլ մնում է ընտրելու առաջնահերթությունները, եթե, իհարկե, լուրջ են տրամադրված:

Որքան էլ ջրամբարի արժեքը թանկ լինի, միևնույն է, 9-րդ տարում այն արդեն շահույթ է ապահովում:

Փոքր ջրամբարների կարևորությունը մեծանում է հատկապես շոգ տարիներին, երբ ջրաղբյուրից հեռու գտնվող գյուղերին ջուր չի հասնում: Մյուս կողմից. Մխչյանի ջրհան կայանը էներգատար է, Ազատի ջրամբարի ջրերն էլ չեն բավարարում: Հետևաբար, Վեդիի ջրամբարի կառուցումը գերանհրաժեշտություն էր: Դրա շնորհիվ հնարավոր կլինի ինքնահոս ոռոգմամբ ապահովել Արարատի շրջանի ամբողջ հողերը: Նույն պատկերը կունենանք, եթե ջրամբար կառուցվի Ամբերդ գետի վրա: Այս դեպքում էապես կթեթևանա Արզնի-Շամիրամ ջրանցքի վիճակը: Նորից ծառանում է Եղվարդի ջրամբարի խնդիրը: Այս անգամ ոչ թե պոմպերով Սև ջրից ջուրը մղելու, այլ Հրազդան գետի ջրերի ձմեռային ազատ հոսքի օգտագործելու հաշվին, որը կկազմի շուրջ 100 մլն խմ ու նույնքան կխնայվեն Սևանի ջրերը: Մարմարիկի ջրամբարի վերականգնմամբ, 21 մլն. խմ ջուրը հնարավորություն կտա Մարմարիկ և Հրազդան գետերի հունում, մինչև Երևան, հսկայական տարածքների ոռոգման խնդիրները լուծել:

Թուրքերը խախտելով միջազգային բոլոր կոնվենցիաները, վերջին տարիներին լուրջ միջոցառումներ են իրականացրել Արևմտյան Հայաստանից ՀՀ մտնող ջրային հոսքերի դեմն առնելու, արգելելու ուղղությամբ: Մեր ու թուրքերի շնորհիվ հասել ենք մի իրավիճակի, որից հետո, եթե մեր ունեցած ջրային ռեսուրսները ճիշտ չօգտագործվեն ու պահպանվեն, անհամեմատ ավելի լուրջ խնդիրներ ենք ունենալու: Այսօր հանրապետության հսկայական տարածքներ չեն ոռոգվում, որովհետև հոսանքը թանկ է: Ջուրն է հոսանք ստեղծում, բայց ստացվում է, որ հոսանքն ավելին արժե ջրից: Այսկերպ մտածելով, մենք կկորցնենք մեզ պահող ջրային ռեսուրսները: Արդեն իսկ կորցրել ենք: Հայաստանի մակերեսային ջրերի հոսքը տարեկան կազմում է 7-8 մլրդ խմ: Խորհրդային տարիներին մենք օգտագործել ենք մինչև 4-4.5 մլրդ խմ, բոլոր ոլորտներում միասին վերցրած: Այսօր հանրապետությունում ոռոգման համար օգտագործվում է 1.5-ից 1.7 մլրդ խմ ջուր, ներառյալ նաև 50-60% և ավելի կորուստները, որ գնալով կայունորեն մեծանում է: Ամենաշատ ջուրն օգտագործվում է Արարատյան դաշտում, որտեղ կորուստները հիմնականում տեխնիկական, ջրաբաշխման հետևանք ենք: Համակարգը ճիշտ չի շահագործվում և ոլորտի հիմնական խնդիրներից մեկը դա է: Քանի որ ընթացիկ և կապիտալ նորոգումները ժամանակին չեն կատարվում, այդ պատճառով, հատկապես երեսապատված ջրանցքները մեծ կորուստներ ենք ունենում: Դրանց մաքրումը ժամանակին և ճիշտ չենք իրականացնում, այն բուսապատվում է ջրային բույսերով և մեծացնում է կորուստները: Հաճախ ջրաբույսերը այնքան են զարգանում, որ մայր ջրանցքում կորուստները հասցնում են 50-60%-ի: Հատկապես, որ Հայաստանը կոնտինենտալ կլիմայական գոտում է, ցուրտ ձմեռների և տաք ամառների ընթացքում ջերմաստիճանի մեծ տատանումների արդյունքում մակերեսային ծածկույթները քայքայվում են: Պետք է դրանք պարբերաբար լցվեն, չեն արվում, ինչն էլ որոշ ժամանակ անց բերում է կապիտալ նորոգումների աստիճանի: Պետք է նշել, որ այդ ամենը գալիս է համակարգում մասնագետների չգոյությունից: Մնացյալն էլ մասնագիտական նվազագույն գիտելիքներին չեն տիրապետում:

Ոռոգման համակարգերի պահպանման համար լուրջ գումարներ են անհրաժեշտ: ԽՍՀՄ տարիներին մեր ոռոգման համակարգերի պահպանման և շահագործման համար տարեկան 100-110 մլն ռուբլի էր տրվում: Այսօր նախկինում արվածի անգամ 10%-ը չի արվում: Ու քանի որ ներդրումները համակարգում սահմանափակ են, մասնագետների պակաս կա, եղածների մոտ իմացության պակաս կա, մեզ չի հաջողվում համակարգում ջրի կորուստների նվազեցում ունենալ: Իսկ առանց այս կարևորագույն բաղադրիչների կարգավորման, ջրամբարների կառուցումը իրավիճակի առումով շատ բան չի փոխի: Ոչ վաղ անցյալում կատարված մասնագիտական հաշվարկներով պարզվել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունում տարեկան կորուստ ենք ունենում այնքան ջուր, որքան որ օգտագործվում է Իսրայելում գյուղատնտեսության մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20