Որտե՞ղ է ակնհայտ մանիպուլյացիան

- in Հրապարակ
333
Serj Sargsyan

Սերժ Սարգսյանը «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանն աշնանը ստորագրելու է ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիրը, որը արդեն նախաստորագրել է մարտին: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը չի տեսնում դա չստորագրելու խոչընդոտ:

Սարգսյանի այդ հայտարարությունը կարող էր ոգևորիչ և ողջունելի լինել, բայց բանն այն է, որ Սերժ Սարգսյանը նույն կերպ Հայաստանի ստորագրության կամ նախաստորագրության մասին հավաստիացնում էր 2013 թվականի սեպտեմբերի 3-ից առաջ էլ, բայց հանկարծ պարզվեց, որ Հայաստանն ընտրում է ԵՏՄ-ն:

Եվ ահա «Բազեի» մասնակիցների հետ հանդիպմանը Սարգսյանը հայտարարել է, որ այդտեղ չի եղել որևէ անսպասելի կամ անակնկալ բան կամ, այսպես ասած, մեկ գիշերում որոշում, այլ Հայաստանը բանակցել է թե՛ Եվրամիության հետ, թե՛ ԵՏՄ-ի հետ, ու քանի որ հետո ԵՄ-ն չի համաձայնել «և-և»-ի տարբերակին, Հայաստանին այլ բան չի մնացել, քան գնալ ԵՏՄ:

Ամբողջ խնդիրն այն է, որ այդ ողջ ընթացքում, երբ Հայաստանը բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման, Ազատ ու համապարփակ առևտրի մասին համաձայնագիրը, չի հնչել որևէ պաշտոնյայի որևէ հայտարարություն այն մասին, որ Հայաստանը բանակցում է նաև Մաքսային կամ Եվրասիական միության հետ՝ դրան անդամակցելու համար: Ինչո՞ւ է պաշտոնական Երևանը թաքցրել այդ բանակցությունը, և ումի՞ց է թաքցրել: Թե՞ Սերժ Սարգսյանն այդ բանակցության մասին հիմա է հայտարարում ընդամենն արդարանալու համար, որ չի եղել մեկ գիշերվա որոշում: Եթե չի եղել մեկ գիշերվա պարտադրանք, ուրեմն եղել է գաղտնի բանակցություն: Որովհետև նույն Սերժ Սարգսյանը 2013-ի նախագահական ընտրություններից հետո հայտարարում էր, որ Ռուսաստանը ու ԵՏՄ-ում որևէ մեկը մեզ չի սպասում ԵՏՄ կազմում: Այժմ պարզվում է, որ Հայաստանը բանակցում էր:

Թե որտեղ է, այսպես ասած, ակնհայտ մանիպուլյացիան՝ պարզ չէ, բայց անկասկած է, որ այն կա: Եվ երևի թե արդեն կարևոր էլ չէ, թե որտեղ է՝ բանակցության մասին ապատեղեկատվությա՞ն մեջ, թե՞ գաղտնի բանակցության: Էականն այն է, որ այդ հակասական հայտարարությունները պատկանում են մարդու, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության իշխանության ամենաբարձր պաշտոնը և պատասխանատու է պետական քաղաքականության համար, պետության միջազգային վարկի համար, այդ քաղաքականության վարկանիշի համար:

Մյուս կողմից՝ ոչ պակաս խնդիրը այն է, որ Սերժ Սարգսյանն իրեն դա թույլ է տալիս, որովհետև պատասխանատու և սկզբունքային դիրքորոշման առումով դրանից ավելի Հայաստանի թե՛ իշխանական և թե՛ քաղաքական դաշտում թույլ չի տվել ոչ ոք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20