Ռուս-վրացական պատերազմի հետևանքը շարունակում է մնալ Հայաստանի տակ

- in Վերլուծական
366
paterazm

9 տարի առաջ այս օրը տարածաշրջանը փոթորկվեց Հարավային Օսիայում սկսված ռուս-վրացական պատերազմով, որի հնգօրյա ընթացքը մի շարք հիմնարար փոփոխությունների հանգեցրեց թե տարածաշրջանում, թե ըստ էության նաև աշխարհակարգում:

Այս օրերին բավականին լայնորեն դիտարկվում, վերլուծվում, նաև վերագնահատվում են ինամյա վաղեմության իրադարձությունները, այդ թվում նաև Հայաստանի տեսանկյունից դրանց ազդեցությունը: Այդ ամենում, սակայն, կարծես թե նվազ ուշադրության է արժանանում Հայաստանի վրա այդ պատերազմի երևի թե ամենաէական ազդեցության դրսևորումներից մեկը: Դա այն տնտեսական կոլապսը չէր, որ Հայաստանին սպառնում էր Վրաստանի տարածքով հաղորդակցության բարդությունների մի քանի օրերի ընթացքում, թեև, դա իր հերթին, իհարկե լրջագույն ազդակ էր Հայաստանի համար: Այդուհանդերձ, առանցքային ազդեցությունը Հայաստանը զգաց սկսված ֆուտբոլային դիվանագիտության տեսքով, հայ-թուրքական գործընթացի տեսքով:

Առաջին հայացքից ռուս-վրացական պատերազմը ուղիղ որևէ կապ չուներ դրա հետ, սակայն դեռևս 2008-ի հունիսին Մոսկվայից հնչեցված Սերժ Սարգսյանի հրավերին, Թուրքիայի նախագահ Գյուլն արձագանքեց միայն ռուս-վրացական այդ պատերազմից հետո, մինչ այդ, մոտ երկու ամիս պահելով լռություն:

Բանն այն է, որ ռուս-վրացական պատերազմում Ռուսաստանի ըստ էության գլխավոր նպատակի՝ այն է Վրաստանում իշխանափոխության ձախողումը Թուրքիային բերեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության առաջարկն ընդունելու մտքին, քանի որ գլխավոր նպատակի ձախողումից հետո Ռուսաստանը հայտնվեց բավական թույլ վիճակում, և դրանից հետո արդեն Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան այդ վիճակում հայտնված Ռուսաստանին բերել այն մտքին, որ «փոխհատուցում» պետք է փնտրել ղարաբաղյան խնդրում իրավիճակի փոփոխության մեջ:

Հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունն այլ բան չէր, քան հենց այդ գործարքի մի մաս, որով Թուրքիան և Ադրբեջանը գործնականում կարողացան Ռուսաստանին բերել եռակողմ ձևաչափի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, որում էլ սկզբնավորվեց այսպես ասած կազանյան պրոցեսը, ի վերջո հանգեցնելով իրավիճակի լարման և Ապրիլյան պատերազմի: Այդ ընթացքում, գործնականում հասնելով իրենց նպատակին և Մոսկվային վերցնելով ցանցի մեջ, բերելով պայմանավորվածությունների և համաձայնությունների, Թուրքիան ըստ էության դուրս եկավ հայ-թուրքական գործընթացից, այն օգտագործելով լոկ որպես խայծ Ռուսաստանին ղարաբաղյան գործընթացում թուրք-ադրբեջանական մոտեցումների ցանց ներքաշելու համար:

Այսինքն՝ եթե մինչև ռուս-վրացական պատերազմը Մոսկվան էր հայ-թուրքական գործընթացը դիտարկում Թուրքիայի համար խայծ՝ պատահական չէ, որ Գյուլի հրավերը հնչեց հենց Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած նախագահական առաջին այցի ընթացքում, ապա ռուս-վրացական պատերազմից հետո ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը խայծ դարձավ արդեն Թուրքիայի ձեռքին՝ Ռուսաստանի համար:

Այդ տեսանկյունից, ռուս-վրացական պատերազմից ինը տարի անց ուշադրության է արժանի հանգամանքը, որ հայ-թուրքական արձանագրություններ թեև չկան օրակարգում, այդուհանդերձ դրանցից հանված չէ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի ստորագրությունը: Ալ կերպ ասած, կան թղթեր, որոնք ամեն պահի ենթակա են այսպես ասած քաղաքական վերադարձի: Այլ կերպ ասած, ռուս-վրացական պատերազմի հետևանքն ըստ էության շարունակում է մնալ Հայաստանի տակ՝ ֆուտբոլային դիվանագիտության թղթերի տեսքով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20