Սամվել Բաբայանի կյանքն ու կենսագրությունը հակասությունների կծիկ են

- in Ով ով է ..., Պնակալեզներ
225
Samvel Babayan

Երբ երեկ Սամվել Բաբայանը դատարանում հպարտանում էր, որ երբեք ներումով ազատ չի արձակվել՝ ստում էր: Նրան ներում է շնորհել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը՝ այն նույն մարդը, ում դեմ կազմակերպված մահափորձի համար ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը դատապարտվել էր:

Սամվել Բաբայանի կյանքն ու կենսագրությունը հակասությունների կծիկ են: Նա պատերազմի հերոս է, և ոչ մի հանցագործություն չի կարող ստվերել նրա փառահեղ մարտական ուղին: Բայց նույն Սամվել Բաբայանը հետպատերազմյան Արցախի բեսպրեդելի, անպատժելիության խորհրդանիշն է, որի փաստացի ռազմական դիկտատուրան հազարավոր արցախցիների նվաստացման գնով վերածվել էր հրեշավոր պատժիչ մեքենայի:

ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարդույթները մեծամասամբ ծնունդ են այն նվաստացուցիչ ստվերի, որում գտնվում էր Քոչարյանը՝ ըստ էության վերածվելով Բաբայանի «վեցնոցի»: Սամվել Բաբայանը մեծ դերակատարություն է ունեցել 1998-ին Հայաստանում տեղի ունեցած պալատական հեղաշրջման և ղարաբաղյան կլանի իշխանության հաստատման գործընթացում: Բոլորն են հիշում նրա շանտաժը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Արցախում ծառայող հայաստանցի զինվորների մասով:

Իրազեկ մարդիկ պնդում են, որ Բաբայանը ոչ անհայտ Շմայսի միջոցով 1998-99թթ. Հայաստանում պահել է քիլլերների խումբ՝ թիրախավորելով Վազգեն Սարգսյանի շրջապատի գործիչներին: Համենայնդեպս, այդ շրջանում Առաքել Մովսիսյանը (Շմայս) կարճ ժամանակով ազատազրկվել է: Ակնհայտ էր, որ դերերի փոփոխություն էր տեղի ունեցել, ու 1998-99-ին էլ Հայաստանում ամրապնդված Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգն է օգտագործել Սամվել Բաբայանին: Իհարկե, Բաբայանն «օգտագործվել» է մեծ սիրով, որովհետև Վազգեն Սարգսյանը միակ մարդն է եղել, որից ԼՂՀ ՊԲ նախկին նախարարը վախեցել, քաշվել է, ու նաև Վազգենի դեմ իր ծառայությունների դիմաց ղարաբաղյան հայտնի զույգը վարձահատույց է եղել Բաբայանին՝ նրան թույլ տալով Հայաստանի խորհրդարանում ունենալ սեփական ֆրակցիան՝ Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ:

Վազգեն Սարգսյանի մահվանից հետո Քոչարյան-Սարգսյան զույգն այլևս չուներ Բաբայանի կարիքը, ավելին՝ նա մնացել էր հիշյալ զույգի «կոկորդում»: Կապ ունե՞ր Սամվել Բաբայանը, թե՞ ոչ Արկադի Ղուկասյանի մահափորձի հետ՝ դժվար է ասել, բայց այդ միջադեպը հրաշալի առիթ էր անվերահսկելի դարձած գեներալին մեկուսացնելու համար:

Ազատության մեջ հայտնվելուց հետո Բաբայանը մշտապես ծառայել է իշխանություններին կամ դրա հակառակորդներին՝ բիզնեսում իր քվոտան ստանալու, «օբշակում» իր փայն ունենալու համար: 2007-ի խորհրդարանական ընտրություններում Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունը գործում էր այն օրերի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծրագրով և նպատակ ուներ ձախողելու Սերժ Սարգսյանի ժառանգորդության օպերացիան: Քոչարյանն իր ժառանգորդի դերում տեսնում էր Վարդան Օսկանյանին: Երկրորդ նախագահի այս մտադրությունները, ինչպես նաև «Դաշինք» կուսակցությունը, այդ ընտրություններում ձախողվեցին: Սամվել Բաբայանի կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ միայն Մարտուն Գրիգորյանը՝ շուտով հայտնվելով Քոչարյանի մեկ այլ նախագծում՝ ԲՀԿ-ում:

Խորհրդարանական վերջին ընտրություններում Սամվել Բաբայանը գործում էր դարձյալ Սերժ Սարգսյանի դեմ՝ այս անգամ ՕՐՕ-ով իրականացնելով Ռոբերտ Քոչարյանի ռևանշի ծրագիրը: Բաբայանի ձերբակալությունը յուրօրինակ «դեղին քարտ» էր Քոչարյանին, ով, ըստ երևույթին, վերջնականապես համակերպվել է «քաղաքական թոշակառուի» կարգավիճակի հետ:

Սամվել Բաբայանն, ըստ ամենայնի, սպասում է հերթական ներմանը, այս անգամ՝ Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի պայքարի արդեն վերջինիս հակառակորդների դեմ՝ հանուն հերթական քվոտայի, փայի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20