Սամվել Կիրակոսյանը վախենում է հակադրվել իշխանություններին, սակայն չի համարձակվում միանալ ընդվզող համագյուղացիներին

Vahram Baghdasaryan

Ոսկու արդյունահանման աղմկահարույց ծրագրի կիզակետում հայտնված Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն համայնքի ավագանին նրա հրաժարականը չի ընդունել:

Գյուղապետի հրաժարականը հաջորդել է Արդվի գյուղում ոսկու արդյունահանման ծրագիր իրականացնելու՝ «Միռամ» ընկերության մտադրության հետ կապված գյուղացիների բողոքի գործողություններին: Գյուղապետի հրաժարականը մերժելու օրը ավագանին որոշել է մերժել նաև գյուղի մերձակա 150 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով «Միռամ» ընկերությանը տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկը։

«Միռամն» անհերքելի փաստերով կապվում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ, ու փաստորեն ստացվում է, որ Լոռու մարզի փոքր գյուղում հեղափոխական վիճակ հասունացրել է ամբողջ օրը կայունությունից խոսող իշխանության ներկայացուցիչը՝ իր օլիգարխիկ ախորժակը բավարարելու նպատակով:

Արդվիի գյուղապետը հայտնվել է «երկու քարի» արանքում՝ նա չի կարող մերժել Վահրամ Բաղդասարյանին, մյուս կողմից՝ անզոր է համոզել գյուղին, անգամ ավագանիներին: Սամվել Կիրակոսյանը վախենում է հակադրվել իշխանություններին, սակայն չի համարձակվում միանալ ընդվզող համագյուղացիներին:

Իսկապես ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվել փոքր կալիբրի «տոկոս խփողի» համար, ու նա որոշել է փախչել պատասխանատվությունից: Ամբողջ խնդիրն այն է, որ նրա փախուստը թույլ չեն տալու ոչ Վահրամ Բաղդասարյանը՝ իր իշխանական ռեսուրսներով, ոչ էլ գյուղացիները, ովքեր հասկանում են Կիրակոսյանի անզորության մոտիվը:

Սամվել Կիրակոսյանը Վահրամ Բաղդասարյանի պատանդն է: Վստահաբար այդ կարգավիճակում են Հայաստանի հարյուրավոր համայնքապետեր, ովքեր դարձել են տարբեր տրամաչափի իշխանավորների ագահության զոհերը:

Կարեն Կարապետյանը լավ կաներ համայնքապետերին պաշտպաներ իր իշխանության ներկայացուցիչների ապօրինի ոտնձգություններից՝ մարզային խորհրդակցությունների ժամանակ անտեղի «զախոդվելու» և համայնքապետերի գլխին «շան լափ» թափելու փոխարեն: Չնայած վարչապետն էլ է պատանդ պահում համայնքապետերին՝ նրանցից պահանջելով գյուղացիներին զրկել վերջին շապիկից:

Գյադաների ժամանակը. նման վիճակի համար ասել է Վանո Սիրադեղյանը, բայց ցույց չի տվել այդ ժամանակից ու գյադաներից ազատվելու ճանապարհը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20