Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են

- in Կեղտոտ լվացք
156
Serzh Gagik

«Դա ոչ ես կարող եմ ասել, ոչ էլ որևէ մեկ այլ կուսակցական: Քանի որ դա երկրի ղեկավարման, կառավարման բարձրագույն խնդիրներից մեկն է, որի վերաբերյալ հասարակ մահկանացուներն իրավունք էլ չունեն բարձրաձայնելու»,- ասել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Մյուս կողմից՝ Բոստանջյանի ասածը բացարձակ ճշմարտություն է և արտացոլում է այն իրողությունները, որոնք առկա են մեր քաղաքական համակարգում, որտեղ որոշումներ կայացնում են ոչ թե կուսակցությունները, այլ առաջին դեմքերը՝ իրենց ստվերային պայմանավորվածություններով:

Վարդան Բոստանջյանի խոսքում մի հետաքրքիր ակնարկ կա՝ «հասարակ մահկանացուի» հատուկ ընդգծում այն հավաստի լուրերի ֆոնին, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը օրերս միասին հանգստացել են գողտրիկ Շվեյցարիայում: Սա իրոք աղքատ երկրի «հասարակ մահկանացուների», նույնիսկ պատգամավորների միջավայր չէ: Նման շռայլություն իրենց կարող են թույլ տալ քրեաօլիգարխիկ համակարգի առաջին դեմքն ու ամենաազդեցիկ օլիգարխը: Ու ոչ միայն Շվեյցարիայում հանգստանալու և հարցեր քննարկելու շռայլություն, այլ նաև հանդգնություն, որպեսզի պայմանավորվեն հարցերի շուրջ, որոնք կարող են վերաձևել անգամ խիստ վերահսկելի խորհրդարանական ընտրությունների հետևանք քաղաքական կոնֆիգուրացիան:

Սակայն, վերջին հաշվով, ներքաղաքական ներկա ստատուս քվոյի հիմքում ոչ թե պաշտոնական թվերն են, այլ այն պայմանավորվածությունները, որոնք Սարգսյանն ու Ծառուկյանն ունեցել են մինչև ընտրությունները:

Եթե ընտրողները հավատացել են Գագիկ Ծառուկյանի «50%+1» նախընտրական կարգախոսին և իշխանափոխության խոստմանը, դա, մեծ հաշվով, իրենց պրոբլեմն է, մանավանդ՝ այդ «հավատի» համար նրանց վճարել են: Եթե ՀՀԿ-ում և ՀՅԴ-ում դեմ են կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքի հայտնվելուն, դա նույնպես այդ կուսակցությունների պրոբլեմն է, որովհետև այս երկրում փայի հարցը որոշում է ոչ թե կոալիցիան, այլ Սերժ Սարգսյանը: Եթե Կարեն Կարապետյանը որոշել է 2018-ի ապրիլից հետո էլ վարչապետ աշխատել, նա մոլորության մեջ է, որովհետև, անկախ իր քաղաքական կարգավիճակից ու հարստությունից, նա նույնպես «հասարակ մահկանացու» է ու նման որոշում կայացնելու իրավունք չունի. Կարապետյանը հրաժարական կտա այն օրը, երբ կորոշի Սերժ Սարգսյանը:

Մենք չգիտենք՝ Սարգսյանն ու Ծառուկյանն ինչ են խոսել կամ պայմանավորվել Շվեյցարիայում, սակայն ակնհայտ է, որ նրանց պայմանավորվածության թեման կարող է լինել «ազգային համաձայնության իշխանությունը», որն իր կալիբրով կարող է ղեկավարել միայն Սերժ Սարգսյանը, և այդ իշխանության անխուսափելի մասնակիցը պետք է լինի «համազգային» մասշտաբի օլիգարխ Ծառուկյանը՝ իր թիմով:

Միայն թե ապագա իշխանությունը, դասական իմաստով, որևէ կապ չունի ազգային համաձայնության հետ և ընդամենը քրեաօլիգարխիայի և լյումպենի դաշինք է լինելու:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20