Սերժ Սարգսյանի հեռանալն երկընտրանք չունի

- in Կեղտոտ լվացք
120
serzh-sargsyan

Ընդդիմության առաքելությունը երևի հենց այն է, որ պահանջի իշխանության առաջին դեմքի հրաժարականը և դրան հասնելու պարագայում արձանագրի իր «պատմական» հաղթանակը:

Բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ գոնե մի դեպք հիշում ենք, երբ առաջին դեմքի հրաժարականը ոչինչ չտվեց դա պահանջող ընդդիմությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հայտարարությամբ հեռացավ, բայց իր հետ չտարավ համակարգը, որը դարձավ ավելի ապաքաղաքական ու այլանդակ` խժռելով ոչ միայն ԱԺՄ-ին, այլ ամբողջ քաղաքական դաշտը:

Խորհրդարանական համակարգի պայմաններում անձի հեռացումն ավելի երկրորդական նշանակություն կարող է ունենալ, եթե պահպանվում են ստատուս-քվոն և այդ առանցքի շուրջ գործող համակարգը: Կարճ ասած` Սերժ Սարգսյանի հեռանալն իմաստ ունի, եթե նա իր հետ տանի համակարգը: Նման բան, սակայն, միայն հեքիաթներում կարող է լինել, որովհետև հենց համակարգն է Սերժ Սարգսյանի անվտանգության երաշխավորը` գլոբալ իմաստով: Խորհրդարանական ընդդիմությունը`«Ելք»-ը, գրեթե բաց տեքստով հասկացրել է, որ մինչև 2018-ի ապրիլը ստատուս-քվո փոխելու, օրինակ, խորհրդարանական նոր ընտրությունների անցկացմանը հասնելու ռեսուրս չունի: Ավելորդ է ասել, որ նման ռեսուրս չունեն առավել ևս արտախորհրդարանական ուժերը, որոնք, մեծ հաշվով, քաղաքականապես ու բարոյապես մաշված են:

ԼՂ կարգավորման և միջազգային գործընթացներում նույնպես տեսանելի չեն այնպիսի զարգացումներ, որոնք Հայաստանում կծնեն ֆորս-մաժորային իրավիճակներ: Հայաստանի համակարգը փակ է ու նույնիսկ գլոբալ փոփոխություններին շատ դանդաղ է արձագանքում: Ըստ էության`մյուս տարվա ապրիլին ունենալու ենք նույն ստատուս-քվոն, ինչ`այսօր: Այդ պարագայում, գուցե պարադոքսալ հնչի, սակայն նույնիսկ վտանգավոր է, որ Սերժ Սարգսյանը չստանձնի վարչապետի պաշտոնը, որովհետև համակարգի կոնսենսուսը նրա անձի շուրջ է, և Սարգսյանի նույնիսկ ֆորմալ հեռացումն իշխանությունից հանգեցնելու է տոտալ անպատասխանատվության, անկայունության և կառավարման ճգնաժամի:

Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը, գուցե միտումնավոր, համակարգը ֆիլտրել է հեղինակավոր մարդկանցից` ներսում իր համար ստեղծելով անայլընտրանք վիճակ: Կարեն Կարապետյանը կամ որեւէ այլ մեկը, առանց Սարգսյանի ռեսուրսի, չեն կարող իրականացնել անգամ համակարգի մենեջերություն, էլ չասած` ղեկավարման մասին: Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ հարևան Վրաստանի խիստ վտանգավոր նախադեպը, երբ երկիրը ղեկավարվում է ստվերում գտնվող միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու դրածոների կողմից: Առանց այն էլ հայաստանյան քաղաքականության մեջ ստվերը շատ մեծ է, ինչը հանգեցնում է քաղաքական կոռուպցիայի դրսևորումների, եթե սրան գումարվի երկիրը ստվերից, թեկուզ ՀՀԿ գրասենյակից Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարելու հանգամանքը, ապա պետական լեգալ մարմինների դևալվացիան կհասնի առավելագույն մակարդակի: Էլ չենք խոսում համակարգի այնպիսի աղքատիկ ներուժի մասին, որ բացակայում է երկրորդ գործիչ, ում անունը համադրելի լինի անվտանգության, պաշտպանական քաղաքականության, ԼՂ խնդիրների հետ:

Երկրի երկարաժամկետ շահերի տեսանկյունից Սերժ Սարգսյանի հեռանալն երկընտրանք չունի, բայց դա արդյունավետ կլինի, եթե հեռացվի համակարգը: Քրեաօլիգարխիային, սակայն, հեռացնող գոնե այս պահին չկա, ուրեմն` երկրի կայունության հրամայականն ինքն է թելադրում Սերժ Սարգսյանի վարչապետության անհրաժեշտությունը: Ի վերջո, ցանկացած իմիտացիա ավելի վտանգավոր է, քան նույնիսկ վատ ստատուս-քվոն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20