Սերժ Սարգսյանն իր վստահելի կադրերով ուժեղացնում է ԱԻՆ-ը

- in Կարծիք
305
AIN prkararner

Երեկ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ապա մի քանի ժամ անց վարչապետի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։

ԱԻՆ-ում Դավիթ Տոնոյանի նախարար դառնալուց հետո սա առաջին դեպքը չէ, որ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան պատասխանատու պաշտոն է ստանում ԱԻՆ-ում, ավելի շուտ՝ այս գործընթացը սկսվել է հենց Դավիթ Տոնոյանի նշանակումով: Դժվար չէ նկատել, որ Սերժ Սարգսյանը կադրային այս փոխատեղումներով լուծում է համակարգային մի քանի խնդիր: Առաջին հերթին անկաշկանդ և ազատ գործելու քարտ-բլանշ է տալիս Վիգեն Սարգսյանին և նրա թիմին, ովքեր, բնականաբար, կարող էին բարդույթավորվել բանակում, համակարգային իմաստով, հեղինակությունների ներկայությունից:

Ասել, որ նոր թիմն ավելի արդյունավետ կառավարում է իրականացնում՝ ճիշտ չի լինի, մասնավորապես՝ թե՛ ՊՆ-ում, թե՛ բանակում նկատվում է վերահսկողության թուլացում: Այլ խնդիր է, որ հրապարակի վրա են «Ազգ-բանակ» և այլ նախագծերը, որոնք, առաջին հերթին, քարոզչական նշանակություն են ունենալու Սերժ Սարգսյանի նոր իշխանության ձևավորման գործընթացում:

Մյուս կողմից՝ երկրի դիվանագիտության մեջ փորձ է արվում մեծացնել ՊՆ-ի դերակատարությունը: Վիգեն Սարգսյանը դե ֆակտո «այլընտրանքային արտգործնախարար» է: Այստեղ էլ նկատենք, որ պաշտպանության նախարարի դրական կերպարից անկախ՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բավականին հաջող էր համակարգում միջազգային հարաբերությունների ոլորտը:

Զուգահեռաբար Սերժ Սարգսյանն իր վստահելի կադրերով ուժեղացնում է ԱԻՆ-ը, և սա միանգամայն տեղավորվում է խորհրդարանական կառավարմանն անցնելու տրամաբանության մեջ, որտեղ բրգաձև իշխանությանը փոխարինելու է բազմակենտրոն համակարգը, որն, իհարկե, ավելի բարդ կառավարելի է, սակայն Սերժ Սարգսյանին թույլ է տալու պահպանել վերահսկողությունն իշխանության հանդեպ, եթե նույնիսկ չզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Տոնոյանի ղեկավարած ԱԻՆ-ը նմանվում է «զուգահեռ ՊՆ»-ի, ավելի մոտ է ուժային նախարարության կարգավիճակին և ներհամակարգային տրամաբանության մեջ գրանցվում է Սերժ Սարգսյանի ակտիվում: Դավիթ Տոնոյանը ու նաև Արա Նազարյանը ՊՆ-ում աչքի են ընկել բարեփոխումներով:

Պատահական չի համարվում, որ Նազարյանը ԱԻՆ տեղափոխվեց Խոսրովի անտառի հրդեհից անմիջապես հետո: Ըստ ամենայնի, ԱԻՆ-ում տրվելու է բարեփոխումների մեկնարկ, ինչը ենթադրում է, որ այս նախարարությանը կարևոր դեր է վերապահված Սերժ Սարգսյանի քաղաքական առաջիկա ծրագրերում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20