Վենդետա՝ «Զանգվի ձորում». 30-ամյա տղամարդը սպանել է «Բոքս» Արսենին

- in Իրավունք
301
Atrchanak

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Արման Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

30-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում Արման Բաղդասարյանը ծեծի է ենթարկվել համագյուղացի Արսեն Ա.-ի կողմից: Նրանից վրեժ լուծելու նպատակով Արմանը ժամը 6-ն անց 45-ի սահմաններում  ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակահերթ է արձակել Արսեն Ա.-ի ուղղությամբ: Վերջինս ստացել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել է:

Ըստ դատական ակտի՝ Արման Բաղդասարյանը եղել է իր բարեկամ Մհեր Բաղդասարովի անձնական մեքենայի՝ «Մերսեդեսի» վարորդը: Դեպքի օ րը՝ առավոտյան ժամը 6-ին, Պտղնի գյուղում հիշյալ «Մերսեդեսը» հեռահար  լույսերով վարելու ժամանակ Արմանը հանդիպել է նույնպես «Մերսեդեսով» երթևեկող համագյուղացի Արսեն Ա.-ին: Վերջինս հեռահար լույսերով իրեն խանգարելու հետ կապված՝ կանգնեցրել է Արման Բաղդասարյանին, վիճել է նրա հետ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով ծեծել է նրան:

Այնուհետև Արսեն Ա.-ն իր մեքենայում գտնվող երկու կանանց հետ ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, որտեղ հյուրընկալվել են նաև նրա բարեկամն ու ծանոթուհին:

Նրանք նստել են Արսենի կողմից կառուցված ձկնաբուծարանի համար նախատեսված ջրավազանի մոտ գտնվող վագոն-տնակի դիմացի նստարաններին, զրուցել ու գարեջուր են խմել:

Ըստ մեղադրանքի՝ Արման Բաղդասարյանը, Արսեն Ա.-ի կողմից ծեծվելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, վերցրել է ապօրինի ձեռք բերած ինքնաձիգը, փամփուշտներ ու ենթադրելով, թե որտեղ կլինի Արսեն Ա.-ն, ուղևորվել է հիշյալ ջրավազանի մոտ:

Ժամը 6-ն անց 45-ի սահմաններում հասնելով ջրավազանին՝ Արմանը տեսել է Արսեն Ա.-ի մեքենան, համոզվել է, որ նա գտնվում է այնտեղ: Թաքնվել է մոտակա քարքարոտ վայրում, դարանակալել ու սպասել է, թե երբ տեսադաշտում կհայտնվի Արսեն Ա.-ն:

Ըստ դատական ակտի՝ քիչ անց Արսեն Ա.-ն նստած տեղից վեր է կացել, առանձնացել է հյուրերից, քայլել է ջրավազանի երկայնքով: Արման Բաղդասարյանն առիթն օգտագործել է ու Արսեն Ա.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ:

Ստացած վնասվածքներից Արսեն Ա.-ն մահացել է:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանը դատարանում կարդացել է իր գրավոր ցուցմունքը:

Նա հայտնել է, որ աշխատանք չունենալու պատճառով վարել է իր հորեղբորորդու՝ Մհերի «Մերսեդեսը»:

2015 թվականի օգոստոսի լույս 27-ի ժամը 4-ի սահմաններում ինքն ու հորեղբորորդին վերջինիս որդուն մեքենայով տարել են օդանավակայան ու ճանապարհել են Մոսկվա:

Ժամը 6-ի սահմաններում հասել են Պտղնի:

Հորեղբորորդուն իջեցրել է նրա տան մոտ, ինքը մեքենայով ուղևորվել է իր տուն, որ հանգստանա:

Մեքենայում ինքը մենակ է եղել:

Գյուղի կենտրոնական ճանապարհով բարձրացել է դեպի եկեղեցի, այդ ժամանակ իր դիմաց դուրս է եկել Արսեն Ա.-ի «Մերսեդեսը»: Արսենը մեքենան վարել է իր ուղղությամբ և ձայնային ազդանշան է տվել՝ կանգնեցրել է իրեն:

Ինքը մտածել է, որ Արսենը կարող է խմած լինել, ավելորդ անախորժություններից խուսափելու համար մի պահ չի կանգնեցրել մեքենան: Սակայն Արսենը նորից ազդանշան է տվել ու պատուհանից իրեն հայհոյել է:

Ինքը կանգնեցրել է մեքենան:

Արսենն իջել է մեքենայից, բացել է իր դուռը ու հարբած վիճակում, իր մոր հասցեին հայհոյանքներ տալով՝ պահանջել է, որ ինքը դուրս գա մեքենայից:

Նա բռունցքով խփել է իր բերանին:

Ինքը հարցրել է, թե ի՞նչ է եղել:

Նա պատասխանել է «գոռոզ ու սպառնալից տոնով»՝ չգիտի՞, որ նրա մեքենան տեսնելու դեպքում ինքը պիտի փախչի ու թաքնվի: Նա ավելացրել է՝ եթե ինքը կարծում է, որ ուրիշի «Մերսեդեսը» վարելով՝ կարող է իրեն լավ զգալ, սխալվում է: Նա հայհոյել է իր ընտանիքի անդամների հասցեին: Ինքը նրա մեքենայի հետևի նստատեղին նստած աղջիկների է տեսել:

Աղմուկի վրա հավաքվել են համագյուղացիներ:

Արսենը իրեն հարվածել, գցել է գետնին ու շարունակել է հարվածներ հասցնել:  Իր քթից ու գլխից արյուն է եկել: Ինքը չի դիմադրել: Նախ վախեցած էր, հետո գիտակցում էր, որ իր ամեն շարժումից Արսենը կարող է ավելի կատաղել:

Արսենը կողքից հանել է ատրճանակը, դրա բռնակով խփել է իր ճակատին ու ասել է, թե իրեն տանելու է ձոր ու «փչացնի», հետո սպանի: Նա ոտքերով հարվածել է նաև իր հորեղբորորդու «Մերսեդեսի» բեռնախցիկին:

Նա բացել է իր մեքենայի բեռնախցիկը, իրեն գրկել ու հրելով գցել է բեռնախցիկը՝ ասելով, թե տանում է ձոր: Հետո նա իրեն հանել է բեռնախցիկից, ասել է, թե հենց տեղում է սպանելու: Մի պահ ատրճանակը մտցրել է իր բերանի մեջ: Ինքը մտածել է՝ դա վերջն է, «կյանքն աչքերի առաջով անցել է»:

Արսենին հարցրել է՝ ինչո՞ւ է իր հետ այդպես վարվում, նա ասել է, թե ինքը նրան տեսնելով՝ պիտի փախչեր, թաքնվեր…

Ինքը մի պահ ոտքի է կանգնել, բայց Արսենը ոտքով հարվածել է իր կրծքին, ինքը նորից գետնին է հայտնվել:

Հավաքվածները Արսենին հեռացրել են: Ինքը նստել է հորեղբորորդու «Մերսեդեսը», մի կերպ փախել է: Գնացել է իրենց բակ:

Շատ վիրավորված ու նվաստացած է զգացել իրեն: Արսենը համագյուղացիների ներկայությամբ թքել է իր վրա, ասել է, թե պղծելու է իր հոր գերեզմանը, վերացնելու է իր ընտանիքը:

Ինքը ցանկացել է նրան ինչ-որ կերպ պատասխան տալ այդ արարքների ու խոսքերի համար: Մտածել է, որ Արսենը ցանկացած պահի կարող է վնաս տալ իր ընտանիքին: Ինքը չի իմացել՝

ինչպես նայի համագյուղացիների աչքերին…

Ինքը չի իմացել՝ ինչպես է ապրելու այդպես…

Հիշել է հանգուցյալ հոր ինքնաձիգը, որ պահված էր իրենց գոմի տանիքում: Գնացել, հանել է սպիտակ պարկի մեջ պահված ինքնաձիգն ու փամփուշտները, դրանք դրել է «Մերսեդեսի» մեջ, գնացել է Մհերի եղբայր Փայլակի տուն, նստել է նրա «Միցուբիշին», բանալին մեքենայի վրա էր, ինքը գործի է գցել մեքենան ու գնացել է Արսենի ձկնաբուծարան:

Ճանապարհին մեքենան կանգնեցրել է, պարկից հանել է ինքնաձիգը, առաջացել է դեպի սարի լանջը, որտեղից երևում էր ձկնաբուծարանը:

Ինքը տեսել է Արսենի «Մերսեդեսը»:

Ինքնաձիգի փողն ուղղել է մեքենայի ուղղությամբ ու սեղմել է ձգանը: Հնչել է կրակահերթ: Ինքը մարդ չի տեսել: Չի կարող ասել՝ քանի փամփուշտ է կրակել: Կրակել է՝ մինչև փամփուշտները վերջացել են: Հետո վերադարձել է իր մեքենայի մոտ:

Վախենալով՝ փամփշտատուփը հանել է, լիցքավորել ու դրել է տեղը: Ինքնաձիգը դրել է բեռնախցիկի հատվածում, մեքենայով գնացել է Փայլակենց տուն: Պատմել է տեղի ունեցածը: Հետո միասին երկու մեքենայով գնացել են Մհերի տուն: Ինքնաձիգը առանց Մհերի գիտության պահել է նրա տան հետնամասում՝ հավերի կերի պահեստարանում:

Մհերը հարցրել է՝ մարդ տուժե՞լ է: Ինքն ասել է՝ ոչ ոքի չի տեսել: Իրեն լավ չի զգացել, փսխել, թուլացել է: Մոտ մեկ ժամից Մհերենց տուն են եկել ոստիկանները, իրեն ձերբակալել են…

Ինքն առանց հասկանալու ստորագրել է արձանագրությունը:

Այն հանգամանքը, որ ինքը մեքենան վարել է հեռահար լույսերով՝ ամբողջովին սուտ է, դա հորինել են տուժողի հարազատները՝ նրա գործողություններն ինչ-որ կերպ արդարացնելու համար: Թաքցրել են, որ նրա մոտ ատրճանակ է եղել: Ասել են՝ իբր Արսենն իրեն միայն ապտակել է: Սուտ է, որ հենց Արսենն ընկել է, կրակահերթը դադարել է: Ինքը չի տեսել Արսենին ու նրա ընկնելը: Կրակոցները դադարեցրել է, երբ փամփուշտները վերջացել են:

Ամբաստանյալը պնդել է, թե կրակահերթի ընթացքում չորս-հինգ գնդակը պատահաբար են դիպել Արսենին, «հնարավոր է՝ ճակատագիրն է այդպես տնօրինել»:

Ամբաստանյալը նշել է, որ Արսենն իր հետ «դաժան ու ստոր ձևով է վարվել առանց առիթի, առանց պատճառի…»: Արսենը շատ հաղթանդամ էր, սպորտսմեն, նույնիսկ մականունը «Բոքս» էր:

Իրենք դուռ-դռան հարևաններ էին, դրա պատճառով ավելի շատ է վախեցել նրա սպառնալիքներից…

Ինքը կրակել է միայն Արսենի մեքենան վնասելու նպատակով, ցանկացել է ապացուցել, որ կարող է պաշտպանել իր ընտանիքն ու իրեն…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Արման Բաղդասարյանը կատարել  է դիտավորյալ սպանություն և ապօրինի զենք-զինամթերք է պահել, նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արման Բաղդասարյանը վերջին հաշվով դատապարտվել է 11 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 27-ից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20