Տարոն Մարգարյանը ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանին

- in Ով ով է ..., Պնակալեզներ
409
Taron Margaryan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Երևանի մի շարք փողոցներ անվանափոխելու «Ելք» դաշինքի առաջարկը կքննարկեն՝ բացառությամբ Լենինգրադյան փողոցը վերանվանելու առաջարկի:

Տարոն Մարգարյանը դա բացատրել է նրանով, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են: «Ելք» դաշինքն առաջարկում է Լենինգրադյան փողոցը անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով: Առաջարկվում է անվանափոխել նաև Կասյան, Ամիրյան, Միկոյան, Ֆրունզե փողոցները: Դրանց վերաբերյալ Տարոն Մարգարյանը պատրաստ է քննարկման, բայց, իհարկե, տեսնում է նաև գիտական եզրակացության անհրաժեշտություն՝ ասելով, թե մենք չպետք է հրաժարվենք մեր պատմությունից: Լենինգրադյան փողոցի դեպքում «գիտությունն» էլ փաստորեն անզոր է, որովհետև Երևանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են:

Ամենահետաքրքիրը թերևս այն է, որ Սանկտ Պետերբուրգն, օրինակ, փոխել է Լենինգրադ անունը, այսինքն՝ հենց այդ քաղաքը ինքնանվանափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ հրաժարվելով Լենինգրադից: Արդյո՞ք Սանկտ Պետերբուրգից պետք է նեղանան, եթե Երևանը հրաժարվի Լենինգրադյանից և փողոցն անվանակոչի Արցախի պատերազմի հերոս և ոչ միայն պարզապես ռազմական գործիչ, այլ նաև մտավորական Լեոնիդ Ազգալդյանի անունով:

Բայց Տարոն Մարգարյանը թերևս որոշել է, որ պետք չէ դիմել ռիսկի: Եվ գուցե այն պատճառով, որ ռիսկի ենթարկվում է ոչ թե Երևանի ու Սանկտ Պետերբուրգի քույրությունը, այլ գուցե Տարոն Մարգարյանի քաղաքական ճակատագիրը, կարիերան, հեռանկարը:

Բանն այն է, որ Լենինգրադյան փողոցը կրում է Պուտինի ծննդավայրի անունը: Իսկ Հայաստանում քաղաքական, առավել ևս իշխանական կարիերայի հարցում Պուտինի վերաբերմունքը համարվում է առանցքային, համենայնդեպս՝ վերին շարքերի հավակնության մասով: Իսկ Տարոն Մարգարյանի հավակնությունները հենց վերին շարքերի համար են: Պուտինի ծննդավայրի հանգամանքը, իհարկե, չի նշանակում, որ ՌԴ նախագահը ամեն օր արթնանում է և հետաքրքրվում, թե, ասենք Երևանում հո չե՞ն փոխել իր ծննդավայրի անունը կրող փողոցի անվանումը: Պուտինը երևի չգիտի էլ, որ Երևանում կա այդպիսի փողոց:

Բայց բանն այն է, որ ինչ-որ մեկը կարող է այդ մասին «շշնջալ» Պուտինի ականջին՝ Հայաստանում կամ Ռուսաստանի հայերից, այսինքն՝ Պուտինին շատ մոտ ինչ-որ մեկի ականջին: Եվ Տարոն Մարգարյանի անվան դիմաց կարող է դրվել կասկածելի նշանը՝ որպես Հայաստանի իշխանության հետագա վերադասավորումներում հնարավոր հավակնորդ և դերակատար, եթե հանկարծ նա հասնի ընդհուպ այն աստիճանին, որն արդեն ենթակա է Պուտինի տեսադաշտին:

Հետևաբար Տարոն Մարգարյանը, հայտարարելով Լենինգրադյան փողոցի անվանափոխությունը բացառելու մասին, գործնականում ուղերձ է հղում ՌԴ նախագահ Պուտինին: Պուտինին այն, իհարկե, չի հասնի, բայց դա կլինի պատմության համար, երբ հարկ լինի ներկայացնել «հուսալիության» անհրաժեշտ «թղթապանակը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20