Տպավորություն են ստեղծում, որ գործ է արվում

- in Սոցիալական
ignati-araqelyan

Կառավարությունը գյուղնախարար Իգնատի Առաքելյանի միջոցով հայտարարել է, որ աջակցություն կտրամադրի Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած այն տնտեսություններին, որոնք դրա հետևանքով 80 և ավելի տոկոս վնաս են կրել։

Մասնագիտական հանձնաժողովը ինչպե՞ս է հաշվարկել կամ հաշվարկելու կրած վնասի չափը: Գերօբյեկտիվ լինելու դեպքում անգամ հնարավոր չէ հստակեցնել՝ վնասի ռեալ չափը 71, 74, 77 տոկո՞ս է, թե՞ 82 կամ 85%: Մյուս կողմից՝ որքանո՞վ է արդար ու տրամաբանական, եթե որոշվի, որ մի գյուղացու կրած վնասը 78% է, և կառավարության «աջակցությունից» չի օգտվելու, մյուսինը՝ 84%, և օգտվելու է: Եթե նույնիսկ որոշ գյուղացիական տնտեսությունների պարագայում «դրական լուծումներ լինեն», ապա մեկ հա-ի այգետերը, որպես աջակցություն, կազատվի 70-80 հազար դրամ ոռոգման ջրի վարձից (եթե, իհարկե, մինչև կարկուտը կատարած ոռոգումների համար չի վճարել) և հողի հարկից, որը, պայմանավորված հողի կարգով, 20-35 հազար դրամ է: Արդյո՞ք գյուղացին մեկ հա-ից 120 հազար դրամի եկամուտ էր ստանալու: Գործընթացը սուբյեկտիվ է, և միջոցառման արդյունքում ընդհանուր դժգոհություններն ու հիասթափությունն ավելի մեծ են լինելու, քան արդյունքը:

Հայաստանի գյուղատնտեսության համար աքիլլեսյան գարշապար դարձած կարկտահարության հարցում այս կառավարության կողմից ևս դրսևորվում է նույն մոտեցումը, ինչ որ մյուսների: Եթե, իհարկե, չհաշվենք այն հանգամանքը, որ Կարեն Կարապետյանի թիմը մտածված, պատեհ-անպատեհ, գյուղացիներին հորդորում է ներդնել հակակարկտային ցանցեր՝ չասելով, սակայն, որ դրանք պետք է ներկրվեն Եվրոպայից՝ մեկ հա-ի համար վճարելով 20-23 հազար դոլար:

Արմավիրում նախարարը արդեն որերորդ անգամ գյուղացիներին խորհուրդ է տվել անցնել կաթիլային ոռոգման՝ տեղեկացնելով, որ այդ նպատակով նախարարությունը պետական աջակցության ծրագիր է մշակել: Նա նշել է, որ կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր, ինչի արդյունքում շուրջ 40%-ով կկրճատվի ջրի ծախսը, կավելանա բերքատվությունը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն էլ հավելել է, թե կաթիլային ոռոգման համակարգը փրկություն է:

Գյուղացու համար փրկություն կլինի, եթե կառավարությունը՝ ի դեմս ջրային տնտեսության, կարգի բերի ոռոգման համայնքային՝ ներտնտեսային ցանցերը: Գործող փլված, կիսակործան երկրորդական, երրորդական ջրատարների պայմաններում ջրի կորուստը երբեմն 80%-ի է հասնում: Նման իրավիճակում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը գործնականում հնարավոր չէ: Որևէ պատասխանատու մինչ օրս չի հայտարարում, որ կաթիլային համակարգը ներդնելուց հետո իրենք ներդրողին միանշանակ կապահովեն ջրով: Չեն հայտարարում նաև, որ մեկ հա կաթիլային ոռոգման համակարգ ներդնելը արժե նվազագույնը 5 հազար դոլար, կես հա-ն՝ 4.5 հազար դոլար, 2 հազար քմ-ն՝ 4.2 հազար դոլար: Անկախ հողատարածքի չափից՝ այս ոռոգման դեպքում պետք է դրվի ավազային ֆիլտր, որի նվազագույն արժեքը 2 մլն դրամ է:

Ջրտնտպետկոմի նախագահը շտապում է հայտարարել, որ ոռոգման կաթիլային համակարգի անցման համար կառավարության առաջարկած պայմաններն իդեալական են: Իսկ ինչպիսի՞ն կարելի է համարել եվրոպական երկրների պայմանները, որոնք նման պարագաներում ծախսերի կեսը իրենք են հոգում, կամ Մոլդովայի հանրապետության դեպքը, որ շուրջ 10 տարի առաջ ավելի քան 3 մլրդ դոլար ներդնելով՝ ամբողջ երկրով մեկ կաթիլային ոռոգման համակարգ ներդրեց:

ՀՀ-ում կաթիլային ոռոգումը եղած ավելի քան 40 հազար հա բազմամյա տնկարկների պարագայում չի գործի: Հետևաբար կառավարությունը պարտավոր է հոգալ սրանք ոռոգման ջրով ապահովելու հարցը:

Մյուս կողմից՝ ընդունենք, որ այս տարվա վարունգ մշակող գյուղացին, անսալով կառավարության հորդորներին, հրաշքով հաջողացրել էր հակակարկտային ցանցեր դնել ու նաև կաթիլային ոռոգում անցկացնել: Պայմաններն իդեալական են (ինչպես ասում է Ջրտնտպետկոմի նախագահը), միակ խանգարողն այն է, որ գյուղացին ստացված ամբողջ բերքը գրեթե թափեց:

Ընդունենք, որ գյուղացին ճարել է 25 հազար դոլարը և ներդրել հակակարկտային ցանցերն ու կաթիլային ոռոգումը: Հայաստանի պայմաններում բաց գրունտում 1 հա-ից տարեկան առավելագույնը կարելի է ստանալ 4-5 հազար դոլարի եկամուտ: Այդ դեպքում գյուղացին հինգ-վեց-յոթ տարի պետք է աշխատի միայն այդ 25 հազար դոլարը մարելու համար: Մինչդեռ այդ ընթացքում մշակության համար հսկայական ծախսեր էլ պետք է անի ու նաև ապրի: Ո՞ւմ և հանուն ինչի՞ է պետք ամբողջ այս խաբեությունը:

Նախարարը խոսել է վերամշակողներին ցածր տոկոսադրույքով վարկեր տալու մասին և փոխարենը պահանջել, որ պայմանագրերով աշխատեն գյուղացու հետ: Մինչ այդ էլ նախարարն ու կառավարությունը խոսում էին այդ թեմայով, մինչդեռ այս տարի վերջին տարիների համեմատ ամենաքիչ քանակով ծիրանն է գնվել մշակող ընկերությունների կողմից. 3700 տոննա՝ այն դեպքում, երբ 2012թ. մթերվել է մոտ 9 հազար տոննա, 2013-ին՝ 13 հազար, 2014թ. գարնանային ուժեղ ցրտահարության պատճառով ծիրանի ընդամենը մի քանի հազար տոննա բերք ստացվեց, այդուհանդերձ՝ 700 տոննա մթերում է եղել, 2015-ին՝ 6600, 2016թ.-ին՝ 6593 տոննա: Արտադրված բերքի և վերամշակողների կողմից դրա գնումների համամասնությամբ նույնպես 2017թ.-ի ցուցանիշը ամենավատն է: Գործընթացն ի սկզբանե իրականացվել է այս կառավարության օրոք, և եթե իրավիճակը վերջին տարիների համեմատ ամենավատն է, կհետևի, որ ներկայացվող բոլոր ծրագրերը դատարկ խոսակցություններ են:

Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում 2 գերկարևոր խնդիր ունի լուծելու. ապահովել արտադրված գյուղմթերքի արտահանումը (2 մլն-անոց շուկան, որից ավելի քան 1 մլն-ն աղքատ է, իրականում շուկա չէ) և ապահովել նորմալ ջրամատակարարում (ՋՕԸ-ների ստեղծումն ու այս կառավարության կողմից դրանց խոշորացումը տանում են համակարգի վերջնական կործանման):

Այլապես ներկայացվող բոլոր ծրագրերն ընդամենը մեկ նպատակ են հետապնդում. տպավորություն ստեղծել, որ գործ է արվում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20