Քաղաքական համակարգը բնույթով անտագոնիստական և ոչ ռացիոնալ է մնում

- in Կարծիք
308
opera

Այսօր ավարտվող ամռան վերջին հանգստյան օրն է: Ամառային դադարն ավարտվում է նաև քաղաքական դաշտի համար ու` թեև երկրի առջև ծառացած մարտահրավերների պակաս չկա, իսկ առջևում էլ նոր իշխանության ձևավորման գործընթացն է, տեսանելի չեն նախանշաններ, որ առաջիկա աշունը բովանդակային առումով հետաքրքիր է լինելու:

Նոր իշխանության ձևավորման հարցում հասարակությունն ու քաղաքական դաշտը դիտորդի կարգավիճակում են, ՀՀԿ-ում էլ գործընթացն ընթանալու է կուլիսների հետևում` այն սցենարով, որը կորոշի Սերժ Սարգսյանը: Չենք հիշում նման իրավիճակ, երբ Հայաստանում իշխանության ձևավորումը տեղի ունենա նման ապաքաղաքական իրավիճակում: Օրինակ` 1998-ի իշխանության ձևավորման գործընթացի ակտիվ ուղեկիցը ղարաբաղյան թեման էր` անկախ քննարկումների որակից և գտնված լուծումներից:

2008-ի իշխանության ձևավորման գործընթացին մեծ ինտրիգ հաղորդեց Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը և ունեցանք քաղաքական գործընթաց` անկախ արյունոտ վերջաբանից: Հիմա քաղաքական գործընթի անգամ նշույլ չկա և այս վիճակը հետևանք է, նույնիսկ շարունակությունն է խորհրդարանական ընտրությունների, որոնց ժամանակ իշխանության խնդիր ձևակերպել էր միայն ՀՀԿ-ն, մյուսների համար հաղթանակը կամ հաջողությունը հարաբերական էին, որովհետև չէին շոշափում իշխանության խնդիր:

Նույնիսկ կարելի է պնդել, որ խորհրդարանական ընտրություններն ոչ թե ներքաղաքական նոր ստատուս-քվո ստեղծեցին, այլ հասարակության մասնակցության իմիտացիայով վերահաստատեցին այն ստատուս-քվոն, որը պետք է ծնի նոր իշխանություն, որը, նույն տրամաբանությանբ, նոր է լինելու հարաբերականորեն:

Ավարտվող ամառն, այնուամենայնիվ, բացահայտեց, ավելի ճիշտ վերահաստատեց այն չկայացվածությունն ու անհեռանկարայնությունն, որոնք բնորոշ են մեր քաղաքական համակարգին: Չնայած անցնցում ընտրություններին և ընդդիմության, ըստ էության, բացակայությանը, մեր քաղաքական համակարգը բնույթով անտագոնիստական և ոչ ռացիոնալ է մնում:

Իշխանությունը շարունակում է կոնսոլիդացվել ուժային ռեսուրսի միջոցով, ինչը բնական հակազդեցություն է ծնում «ծռության» դեմքով: Քաղաքական անտագոնիզմի այդ դրսևորումներն են ընթացող դատավարությունները, որոնցում կա ամեն բան` բացի իրավական բաղադրիչից: Անտագոնիատական համակարգերում, ըստ էության, բացառվում են քաղաքական բանավեճերը, որովհետև չկա դրա պոտենցիալը, ռեսուրսը: Ամռանն առնվազն երեք առիթ եղավ, և մենք համոզվեցինք դրանում:

Արտաքուստ այնպիսի տպավորություն էր, օրինակ, որ ԵՏՄ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցը դարձել է քաղաքական կամ հանրային քննարկման թեմա: Բայց այդ տպավորությունը խաբուսիկ է, որովհետև աշնանը մոտենալուն զուգահեռ համոզվեցինք, որ խնդրի նույնիսկ քաղաքական ձևակերպման, այսպես կոչված, օրակարգայնացման հեռանկարը խիստ մշուշոտ է, էլ չասենք` բանավեճերի մասին:

Նույնը վերաբերում է Սամվել Ֆարմանյանի ձևակերպած ժողովրդագրական խնդրին: Բոլորն իրենց պարտքն են համարում բարձրաձայնել արտագաղթի թեման, սակայն հենց հնչում է կոնկրետ առաջարկ, քաղաքական ադեկվատ արձագանքներ չեն լինում, որովհետև ակնհայտ է` ժողովրդագրական աղետը հնարավոր չէ կանխել գեղեցիկ կարգախոսներով, իսկ բովանդակային լուծումներ չունեն ոչ միայն կառավարությունն, այլ նաև` քաղաքական ուժերը:

Հոգլանդի հայտարարությունը ևս մեկ անգամ բացահայտեց, որ ղարաբաղյան հարցի քննարկումները մեր քաղաքական համակարգում, լավագույն դեպքում, գտնվում են 90-ականների վերջի մակարդակի վրա և նոր ասելիք կամ կրեատիվ լուծումներ չունեն անգամ փորձառու գործիչները: Քաղաքական աշունը անբովանդակ և միապաղաղ է լինելու, որը 2008-ի համատեքստում ավելի շատ ճահճի, քան` կայունության դրսևորում է: Հայաստանում առաջիկա տարիներին անխուսափելի է համակարգային ինստիտուցիոնալ ճգնաժամը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20