Քոչարյան-Սարգսյան առանցքային դիմակայությանը փոխարինելու է գալիս Սարգսյան-Կարապետյանը

- in Կեղտոտ լվացք
195
serzh-robert

Անկախ հարցադրման և նախաձեռնության քաղաքական կամ ներիշխանական մոտիվներից՝ դեմոգրաֆիական վիճակի վերաբերյալ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի նախաձեռնության մեջ էական ուշադրության է արժանի կառավարության գործունեությունը հենց դեմոգրաֆիական ցուցանիշներով չափելու առաջարկը կամ մոտեցումը:

Բանն այն է, որ Հայաստանի իրականությունը կառավարության առաջ դնում է շատ ավելի խիստ պահանջներ, քան կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները: Դա ստեղծում է մի վիճակ, երբ կառավարության փոփոխությունը լիովին կախված է արդեն ոչ թե ապահոված արդյունքից, այլ դրա իշխանական մեկնաբանությունից, ինչն էլ իր հերթին պայմանավորված է լինելու իշխանության ներսում առկա ստատուս քվոյից կամ ներքին հարաբերությունների աստիճանից:

Այլ կերպ ասած՝ հարկ եղած դեպքում 6 տոկոս աճը կլինի հիանալի ու սպասվածից ավելի, իսկ հարկ չեղած դեպքում դա կհայտարարվի անբավարար: Ըստ այդմ, անհրաժեշտ է առավել հստակ և իրականության հանդեպ չափելի ինդիկատոր: Այդ առումով էլ կարող է իբրև հնարավոր տարբերակներից մեկը լինել դեմոգրաֆիական ցուցանիշի դինամիկան: Դա թույլ կտա կառավարության գործունեության բուն գնահատականի հարցը դուրս բերել ներիշխանական կուլիսների շրջանակից և դրան մասնակից դարձնել նաև հանրությանը, որովհետև դեմոգրաֆիական ցուցիչի դեպքում, այսպես ասած, լեզուն ոսկոր չունենալու հանգամանքը էապես նվազում է, և իշխանությունը զրկվում է թվերն ըստ իրավիճակի գնահատելու հնարավորությունից:

Եթե անգամ ՀՀԿ պատգամավորի նախաձեռնությունը թելադրված է իշխանության մեջ տեղի ունեցող պայքարով՝ կապված 2018 թվականի կառավարության, վարչապետի և ընդհանրապես իշխանության ստատուս քվոյի խնդիրներով, միևնույն է՝ այդ նախաձեռնության մեջ նկատելի է հանրության սուբյեկտության հնարավորություն: Մեծ հաշվով ներիշխանական հակասությունների և մրցակցության միակ, գուցե ոչ բավարար, սակայն գոնե նվազագույն էֆեկտը հանրության համար պետք է լինի այն, որ այդ խմբերը միմյանց հետ դիրքային պայքարում որպես գործիքակազմ պետք է դիմեն նաև հանրային ռեսուրսի օգնությանը, խաղան նաև հանրության վրա: Եվ այստեղ անկասկած հանրությանն էլ մնում է կարողանալ խաղալ հենց այդ իրողության վրա և իր շահի համար կարողանալ օգտագործել ներիշխանական հակասությունները, բաժանարար գծերը կամ մրցակցությունը:

Ընդ որում, հանրությունն ունեցել է այդպիսի մի շարք շանսեր՝ սկսած դեռևս հենց 2008 թվականից, երբ ձևավորվում էր Քոչարյան-Սարգսյան, այսպես ասած, առանցքային դիմակայությունը: Հանրությունն անկարող եղավ օգտագործել այդ դիմակայությունն իր շահի համար: Բավական մոտ էր դրան 2011 թվականին, երբ սկսվեց նաև Կոնգրես-ՀՀԿ երկխոսությունը, սակայն այդ գործընթացը արագորեն դուրս եկավ հանրային տիրույթից և հայտնվեց Հայաստանի համար բնորոշ կուլիսային քաղաքականության տիրույթում:

Արդյունքը եղավ այն, որ գործնականում հենց այդ ժամանակաշրջանից ի վեր ներքաղաքական կյանքում չեզոքացավ 2008-ից բավականին ակտիվացած հանրային քաղաքացիական-քաղաքական ռեսուրսը՝ վերածվելով ընդամենը «բուրժուադեմոկրատական» միֆականության:

Ներկայումս իշխանության ներսում Քոչարյան-Սարգսյան առանցքային դիմակայությանը փոխարինելու է գալիս Սարգսյան-Կարապետյան՝ գուցե զգալիորեն պայմանական, ընդհանրական, բայց այդ շրջանակով բնորոշվող դիմակայությունը:

Ինչպե՞ս կկարողանա հասարակությունն իր շահի համար օգտագործել և հմտորեն խաղալ այդ դիմակայության վրա, և դա կկարողանա հանրությո՞ւնը, թե՞ հանրության անունից դարձյալ որոշակի քաղաքական խմբեր միայն՝ լուծելով շատ ավելի նեղ հարցեր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20