27 տարի առաջ Հայաստանում տապալվեց կոմունիստական իշխանությունը

- in Վերլուծական
108
Levon Ter-Petrosyan

Այսօր պատմական օր է Հայաստանի նորագույն պատմության մեջ, ինչ-որ իմաստով` մեր հանրապետության ծննդյան օրն է: 27 տարի առաջ այս օրը Հայաստանում տապալվեց կոմունիստական իշխանությունը:

Ընդ որում, դա տեղի ունեցավ միանգամայն լեգալ, լեգիտիմ ճանապարհով, երբ մրցակցային ընտրություններում ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀՇ ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը` պարտության մատնելով կոմկուսի թեկնածուին: Սա Հայաստանի անկախության և ժողովրդավարացման գործընթացի մեկնարկն էր և հիրավի օգոստոսի 4-ը պատմական օր է`անկախ Տեր-Պետրոսյանի հանդեպ արագ փոփոխվող հանրային տրամադրություններից ու քաղաքական կոնյուկտուրայից:

Օրվա պատմականությունը չի ստվերում դրա ահռելի քաղաքական նշանակությունը, որն արդիական է նաև այսօր, որովհետև ազատության և ժողովրդավարության համար պայքարն առաջնահերթություն է նաև այսօր: 88-ի շարժման ամենամեծ արժանիքն այն է, որ նա կայսրությանը պարտության մատնեց նրա օրենքներով` բացառապես քաղաքական և խաղաղ ճանապարհով: Սա առաջին դասն է բոլոր այն ուժերի համար, որոնք այսօր իրենց քաղաքական անտաղանդությունը փորձում են քողարկել զինված պայքարի կոչերով: 88-ի շարժման օրակարգում անկախության և ժողովրդավարության հարցերը փոխկապակցված էին, նույնը հրատապ է նաև այսօր, որովհետև Հայաստանը փաստացի օկուպացված է Ռուսաստանի կողմից, իսկ օկուպացված տարածքներում լինում են ոչ թե քաղաքական համակարգեր, այլ մարիոնետ ռեժիմներ, որոնք կայսերականության և ավտորիտարիզմի սիմբիոզ են:

Եթե Հայաստանում կան ուժեր, որոնք անդադար քննադատում են Սերժ Սարգսյանին, սակայն չեն բարձրացնում Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու պահանջը, ապա նրանք ընդամենը պայքարում են Պուտինի «դաբրոյի» համար` օրակարգում չունենալով որակական փոփոխությունների տեսլականը: Նույն կերպ հնարավոր չէ օկուպացիային վերջ տալ` խրախուսելով բռնությունն ու ահաբեկչությունը: Անկախությունն ու ժողովրդավարությունն ապագաղութացման օրակարգի ամենակարևոր ու փոխկապակցված բաղադրիչներն են: Այդ բանը հասկացել էին 88-ի շարժման առաջնորդները, սակայն այս աքսիոմին անհաղորդ է քաղաքական այսօրվա համակարգը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20