Աբրահամյանը չի էլ թաքցնում, որ ռուսական էմիսար է և առիթ-անառիթ երդվում է Պուտինի արևով

- in Տնտեսական
340
Gagik Carukyan Ara Abrahamyan

Այնպիսի տպավորություն է, որ ռուսահայ մեծահարուստները Հայաստանն ու նրա խնդիրներն օգտագործում են ռուսական քարոզչության, մեր երկրի և Ռուսաստանի իշխանությունների հետ իրենց խնդիրները լուծելու համար:

Ռուսատանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր համար անցյալ հոկտեմբերից նոր պաշտոն է գտել` Եվրասիական համագործակցության միջազգային համաժողովի նախագահ ու այդ կարգավիճակով այս օրերին Հայաստանում է` ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գլեբ Նիկիտինի ընկերակցությամբ: Նրանք «Մարիոթ» հյուրանոցում հայաստանցի և ռուսաստանցի գործարարների մասնակցությամբ հանդիպումներ են անցկացնում` իբրև թե գործարար կապերը խթանելու նպատակով:

 

Զարմանալի է, որ Հայաստանում իրարից անկախ գործում են ռուսահայերի երկու հարթակներ` Արա Աբրահամյանի ձևավորածն ու Սամվել Կարապետյանի «Ներդրողների ակումբը», երկուսն էլ խոստանում են «գոլեր» խփել, բայց Հայաստանում այս տարի առայժմ կատարվել է ընդամենը 40 միլիոն դոլարի ներդրում:

Մյուս կողմից` զարմանալի ոչինչ չկա, որովհետև եթե ուշադիր հետևենք այս կառույցների գործունեությանը, ապա կնկատենք, որ Հայաստանն ու նրա տնտեսությունը նրանց հետաքրքրում են ամենավերջին տեղում: Աբրահամյանը չի էլ թաքցնում, որ ռուսական էմիսար է և առիթ-անառիթ երդվում է Պուտինի արևով` այն անթաքույց հույսով, որ իր ծառայությունները Կրեմլում կգնահատվեն, և նրան կտրվի Հայաստանի «կուռացիան» ինչ-որ կարգավիճակով: Ըստ երևույթին, Արա Աբրահամյանը դասեր է քաղել անցյալի սեփական փորձից և գերադասում է Հայաստանում ազդեցություն ձեռք բերել ոչ թե քաղաքական գործընթացին ուղիղ միջամտելու ձևով, այլ ռուսական «դեսանտի» կարգավիճակով: «Ներդրողների ակումբը» միայն անվանապես կապ ունի ներդրումների հետ, իրականում կորպորատիվ PR հարթակ է, որի խնդիրը Կարեն Կարապետյանին «Մոսկվայի մարդ» ներկայացնելն է:

 

Այս ֆոնին շատ տխուր է խոստովանել, որ Մոսկվայում Կարապետյանին կամ նրա վարչապետական հեռանկարը գնահատել են ընդամենը 40 միլիոն դոլար: Այս գումարով ոչ միայն վարչապետի, այլ նույնիսկ` մարզպետի պաշտոն հնարավոր չէ «գնել» (հատուկ օգտագործում ենք նրանց մենթալիտետին բնորոշ ձևակերպումներ): Հեռու չէ այն օրը, երբ «Ներդրողների ակումբը» կվերածվի Կարապետյանի հակա-PR-ի ու դրա նախանշաներն արդեն կան: Արա Աբրահամյանն ու Կարապետյանները Հայաստանում իրական ներդրումներ չեն ապահովել և չեն ապահովելու, փոխարենը` նրանք Հայաստանում «ներդրել» են իրենց մոսկովյան հակասություններն ու գզվռտոցը: Դրանք Հայաստանի համար օտար ու խորթ խաղեր են, որոնց նպատակը Կրեմլից հայ-ռուսական հարաբերությունների «կուրացիայի» իրավունքը ստանալն է: Ռուսահայերը պայքարում են Կրեմլի ռեսուրսի համար` նրա քաղաքականության դեսպանը, կայսրության «լիազորը» Հայաստանում լինելու նպատակով: Նրանց համար Հայաստանը ոչ թե հայրենիք է, այլ ազդեցության տարածք, որտեղ պարզում են իրենց հին ու նոր հաշիվները: Նրանք Կրեմլի էմիսարներն են, ովքեր գործում են ընդդեմ Հայաստանի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20