Ամաչեք հայ քաղաքական մտքի տկարության և ստորաքարշության համար

- in Կեղտոտ լվացք
Eduard Nalbandyan

Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում հատկապես «փայլել» է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով խոսել է Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարման թեմայով:

«Փող ունեն՝ գնում են։ Այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրենց միջև, թե ում գտնեն, որ իրենցից զենք առնեն: Իսկ Ադրբեջանը փող ունի»,- անտարբեր սառնասրտությամբ ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ կարծես զրույցի թեման Մյանմարի իրադարձություններն են:

Այստեղ առաջանում են ուշագրավ հարցեր: Եթե Մոսկվայում ամեն բան չափվում է փողով, ապա ի՞նչ գործ ունի Հայաստանը ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, ինչո՞ւ ենք մենք զոհաբերում մեր ինքնիշխանությունը «ռազմավարական» կոչվող հարաբերություններում, եթե Մոսկվայում գերակայությունը տրվում է ոչ թե գործընկերությանը, այլ ֆինանսներին:

Սակայն ավելի խորքային խնդիր կա. եթե Էդուարդ Նալբանդյանն Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը մոտիվացնելու է նույն ձևակերպումներով, ինչ Ռուսաստանի ադրբեջանամետ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ապա ի՞նչ կարիք կա հարկատուներիս հաշվին ԱԳՆ պահել և վճարել Նալբանդյանի չընդհատվող օտարերկրյա ծախսերի համար:

Ուշադրություն դարձրեք՝ Նալբանդյանի խոսքում չկա անգամ երկչոտ քննադատություն Ռուսաստանի հասցեին առ այն, որ ռազմավարական գործընկերոջ կամ կարգավորման միջնորդի այսօրվա վարքագիծը մտահոգություններ է ծնում Հայաստանի հասարակության մեջ: Մնում է՝ Հայաստանի իշխանությունները Հայաստան-Սփյուռք համաժողովին առաջարկեն հատուկ բանաձև ընդունել, որով կարձանագրվի, թե համայն հայությունը ողջունում է Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարումը, որովհետև դա բխում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հրամայականից:

Հետո անտեղի հույսեր ենք փայփայում, թե «Ելքի» նախաձեռնությունը կարող է ուժեղացնել Երևանի դիրքերը հայ-ռուսական բանակցություններում: Այս իշխանության պարագայում չի կարող լինել նման բան, ավելին՝ Մոսկվային հաճոյանալու համար «Ելքը» չի հրավիրվել անգամ համաժողովի աշխատանքներին:

Եթե ստորաքարշությունը Հայաստանի իշխանության քաղաքականության հիմնական հատկանիշն է, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ ռուսահայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն իրեն կարող է թույլ տալ Սերժ Սարգսյանի անունից արդարացնելու ռուսական սպառազինությունների մատակարարումն Ադրբեջան: «Կա միջազգային շուկա, որտեղ կարելի է ամեն տեսակի զենք վաճառել, եթե ՌԴ-ն չվաճառի, դա կանեն Թուրքիան, Պակիստանը և այլ երկրներ, որոնք հնարավորություն ունեն զենք վաճառելու: Մի անգամ այդ հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանն ինձ իմաստնորեն ասաց, որ մենք դեմ չենք, որ ՌԴ-ն վաճառի Ադրբեջանին զենք, բայց ուզում ենք մեզ էլ վաճառվի կամ տրվի, որ բալանսը չխախտվի այս տարածաշրջանում, դա է կարևորը»,- tert.am-ին ասել է քաղաքագետը:

Միհրանյանի խոսքն ամբողջովին մանիպուլյատիվ է, որովհետև հիմնված է կեղծիքի վրա: Թուրքիան և Պակիստանը Հայաստանի հանդեպ չունեն որևէ պարտավորություն՝ ոչ դաշնակցային և ոչ էլ ԼՂ հարցում, ավելին՝ այն սակավաթիվ պետություններից են, որոնք թշնամական հարաբերությունների մեջ են Հայաստանի հետ՝ վերջինիս հետ չհաստատելով անգամ դիվանագիտական հարաբերություններ: Թերևս Միհրանյանի ցանկությունն այն է, որ Հայաստանի հասարակությունը Ռուսաստանի հանդեպ ունենա նույն վերաբերմունքը, ինչ ունի Պակիստանի և Թուրքիայի հանդեպ. երկար սպասել պետք չէ, հենց այդպես էլ կլինի, եթե Մոսկվան շարունակի իր այսօրվա քաղաքականությունը, իսկ նրա էմիսարները հանդես գան նման «աշխարհացունց» հարցազրույցներով:

Եթե Սերժ Սարգսյանի աշխատակազմը պաշտոնապես չարձագանքի Միհրանյանի հարցազրույցին, ապա կարող ենք փաստել, որ նախագահը կիսում է ռուսահպատակ քաղաքագետի դիրքորոշումը: Թե՛ Նալբանդյանը և թե՛ Միհրանյանը «նրբանկատորեն» շրջանցում են այն հանգամանքը, որ եթե մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր թշնամուն, ապա նրան տալիս է նաև պատերազմ սանձազերծելու քաղաքական քարտ-բլանշ:

Իրապես ամաչել կարելի է հայ քաղաքական մտքի տկարության և ստորաքարշության համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20