ԱՄՆ-ը կօգնի փրկել Արցախում բնակվող մարդկանց կյանքեր

- in Վերլուծական
252
Petdepartament

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր:

Կոնգրեսի որոշմամբ՝ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան:

Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաև ԱՄՆ հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջ խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարևորագույն աշխատանքը: «Լեռնային Ղարաբաղի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարևորությունն անհերքելի է»,- ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն:

ԱՄՆ-ի խորհրդարանական այս նախաձեռնությունն ուղղակի կապ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա միջնորդական մանդատի, առաքելության հետ, սակայն ամբողջացնում է Վաշինգտոնի խաղաղարար, հաշտարար գործունեությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Միջնորդական առաքելությունը ենթադրում է ոչ միայն դիվանագիտական ջանքեր, այլ նաև գործունեության հումանիտար ասպեկտ, պատերազմի հետևանքների վերացում, ինչն ամբողջությամբ գիտակցվում է Վաշինգտոնում:

Սրան հակառակ՝ Մոսկվան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ըստ էության, միջնորդական առաքելություն չի իրականացնում՝ փորձելով կառավարել հակամարտությունը, ինչպես դա անում է Արևելյան Ուկրաինայում: Այդ նպատակով Ռուսաստանը սպառազինում է հակամարտության կողմերին, հատկապես Ադրբեջանին՝ ըստ անհրաժեշտության հող նախապատրաստելով նոր կառավարելի պատերազմի համար, որը ճանապարհ կբացի հակամարտության գոտում ռուսական ռազմական ներկայության համար: Այս նպատակին է ծառայեցվում նաև Մոսկվայի դիվանագիտական գործունեությունը Մինսկի խմբում:

Հատկանշական է, որ հենց այն օրը, երբ Վաշինգտոնում քննարկվում է Արցախում կյանքեր փրկելու նախաձեռնությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում։ Այս մասին նա ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը: Այսինքն՝ Մոսկվան մտադիր է շարունակել Ադրբեջանի սպառազինումը: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20