Հանրապետականը դրական է գնահատում կառավարության մեկ տարվա գործունեությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ու ոչ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ի ձևավորած կառավարությունն է, և ՀՀԿ-ն է քաղաքական պատասխանատվություն կրում դրա համար:

Որովհետև, եթե այդ կառավարությունը հաջողեր, արդյունքը ՀՀԿ-ի համար ամենևին չէր թողնելու դրական գնահատականի տեղիք, որովհետև կառավարության հաջողության արդյունքը պետք է լիներ ՀՀԿ-ի, այսպես ասած, էական վերափոխումը, այլ ՀՀԿ-ի առկայությունը կամ ձևավորումը: Որևէ այլ կերպ «նոր ոգին» պատկերացնելը հնարավոր չէ, իսկ Կարեն Կարապետյանի կառավարության առաջ դրվել է հենց այդ խնդիրը:

Եվ եթե այսօր շարունակվող ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարապետյանի կառավարության աշխատանքը, դա նշանակում է, որ այդ աշխատանքում չկա որևէ դրական բան պետության և հանրության համար, կամ չկա այնքան, որ այդ աշխատանքը դրական գնահատվի այդ տեսանկյունից: Որովհետև չի կարող այն դրական լինել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ հանրության տեսանկյունից: Ըստ այդմ, ՀՀԿ-ի գնահատականը վկայում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությանն այդպես էլ չի հաջողվել դրված խնդիրը՝ լինել փոփոխության խորհրդանիշ և «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին:

ՀՀԿ-ն ներկայումս ունի կառավարությունից գոհ լինելու բոլոր հիմքերը, որովհետև այդ կառավարությունն իր գործունեության մեկ տարվա ընթացքում չկարողացավ հասնել այն իրավիճակին, երբ դրա ֆոնին ուղղակի ակնառու կլիներ ՀՀԿ-ի «հնացածությունը»: Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ որակական հնացածության մասին է, Հայաստանի տնտեսական, քաղաքական, հանրային կյանքի մարտահրավերներին այդ քաղաքական միավորի անհամարժեքության մասին: Հայաստանում որևէ արդյունավետ կառավարության աշխատանքի առաջնային արդյունքը պետք է լինի դա, ընդ որում՝ ոչ թե նպատակը, այլ արդյունքը՝ ինքնաբերաբար ստացվող արդյունքը, որովհետև եթե կառավարությունը հաջողի, ապա դա ինքնըստինքյան նշանակելու է ՀՀԿ-ի հնացածության ընդգծում:

Մինչդեռ ներկայիս իրավիճակում տեղի է ունեցել լիովին հակառակը, և ՀՀԿ-ն է ստացել ներկայիս կառավարության միջոցով իր, այսպես ասած, «այժմեականությունը» ցույց տալու հնարավորություն, ինչն անում է՝ «համեստորեն» խոսելով միայն, իհարկե, իր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» մասին: Բայց Սերժ Սարգսյանի «անփոխարինելիությունը» հենց ՀՀԿ ներկայիս «ոգու» անփոխարինելիությունն է, ինչն էլ ըստ էության պահանջվում էր «ապացուցել» նոր կառավարությանը:

Հնարավո՞ր էր այդ հարցում այլ արդյունք մեկ տարվա ընթացքում: Օբյեկտիվորեն՝ գուցե ոչ, բայց խնդիրն այն է, որ նոր կառավարությունը՝ իր ղեկավար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ամենևին չէր ընդդիմանում այն գերսպասումների գեներացիային, որ կատարում էր ՀՀԿ-ն կառավարության շուրջ գործունեության առաջին ամիսներին:

Խնդիրը ներկայումս փոխվել է, և այլևս առկա է ոչ թե ՀՀԿ-ին, այլ կառավարությանը «նոր ոգի» հաղորդելու հարցը: Մեկ տարվա ընթացքում դա է ամենանշանակալից փոփոխությունը, որ հաջողվել է կառավարությանը՝ կամա թե ակամա: Ընդ որում, դա ամենևին չի նշանակում, որ 2018-ին կառավարությունը կստանա այդ «նոր ոգին», և առավել ևս դա կլինի վարչապետի տեսքով: Խնդիրը այն է, որ ՀՀԿ-ին հաջողվել է փոխել խնդիրը: Դա ավելի երկարաժամկետ ձեռքբերում է այդ ուժի համար, այդ ուժի ներկայիս մեծամասնության համար, քան որևէ վարչապետի կամ նախարարի պաշտոն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •