Այսօր մեկնարկում է խիստ վերահսկելի խորհրդարանի ոչ այնքան կանխատեսելի նստաշրջանը

- in Հրապարակ
96
AJ

Այսօր Հայաստանում, կարելի է ասել, պաշտոնապես ավարտվում է քաղաքական արձակուրդն` ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկով: Սա նոր խորհրդարանի, ըստ էության, առաջին լիարժեք նստաշրջանն է, որովհետև մայիս-հունիս ամիսներին անցկացված մի քանի հերթական և արտահերթ նիստերը հիմնականում արարողակարգային բնույթ են կրել:

Ավելորդ է ասել, որ խորհրդարանական աշունն ընթանալու է համակարգային տրանսֆորմացիայի տրամաբանության թելադրանքով, որովհետև պատգամավորներին մի փոքր թերևս ավելի, քան` հասարակությանը, հետաքրքրում է այն հարցը, թե ի վերջո ո՞վ է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ի ապրիլից հետո: Եթե մենք լինենք դասական խորհրդարանական երկիր, պատգամավորների անորոշությունն առնվազն անհասկանալի կլիներ, որովհետև հասարակությունը հենց նրանցից ու հատկապես` խորհրդարանական մեծամասնությունից կամ կոալիցիայից պետք է ատանար ապագա կառավարության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

Բայց Հայաստանում խորհրդարանական մեծամասնությունը հաստատ որոշիչ դերակատարություն չունի իշխանության ձևավորման գործընթացում և սպասում է Սերժ Սարգսյանի որոշմանը, ով 2018-ի հարցը, հայկական քաղաքական ավանդույթների համաձայն, քննարկում է ոչ լեգալ հարթակներում: Պատգամավորներից շատերը Սերժ Սարգսյանին տեսնել չեն կարող, այ, Կարեն Կարապետյանը նրանց հասանելի է լինելու` ակամայից հայտնվելով ինտրիգների կիզակետում:

Ընդ որում, առաջին ինտրիգը Կարեն Կարապետյանին սպասվում է երկու օր հետո` սեպտեմբերի 13-ին, երբ լրանում է նրա վարչապետության մեկ տարին և ճակատագրի բերումով` նա հենց այդ օրն առերեսվելու է պատգամավորների հետ` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ձևաչափով:

Ենթադրել կարելի է, թե ինչպիսի ճնշում է լինելու Կարապետյանի նկատմամբ ընդդիմության կողմից` մեծամասնության անտարբերության ֆոնին: Նույն վիճակը կրկնվելու է տարեվերջին, երբ խորհրդարանում քննարկման կդրվի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Խորհրդարանական մեծամասնությունն իր աջակցության կոճակն, իհարկե, կսեղմի, սակայն 2018-ի ուրվականը պահպանելու է անորոշությունը և դժվար է այդ պարագայում ակնկալել, որ ՀՀԿ կամ ՀՅԴ պատգամավորները կրծքով պահելու են Կարապետյանին:

Այս նստաշրջանում քաղաքական «սեռի» առումով կողմնորոշվելու խնդիր ունի նաև «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն նրանց վարքագիծն ավելի կանխատեսելի է, որովհետև Կարեն Կարապետյանին ու կառավարությանը քննադատելը հենց «անշառ» ընդդիմության ժանրից է:

Նստաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ քաղաքական օրակարգ ձևակերպելու լուրջ հայտ է ներկայացրել «Ելք» խմբակցությունը` շրջանառության մեջ դնելով ԵՏՄ-ում Հայաստանի անդամությունը չեղարկող նախաձեռնությունը: Չափազանց մեծ է հավանականությունը, որ խորհրդարանական մեծամասնությունը «կացնային» տարբերակով փորձելու է «ջրել» այս նախաձեռնության քննարկումը` «Ելքին» ներքաշելով Սարգսյան-Կարապետյան երկընտրանքի կեղծ դիսկուսիայի միջավայր:

«Ելքը» պետք է կարողանա հասարակության գոնե ակտիվ մասին անուղղակի մասնակից դարձնել խորհրդարանական գործընթացներին` սեփական օրակարգի շուրջ հանրային կոնսոլիդացիա, իսկ ԱԺ-ի նկատմանբ ճնշում գործադրելու նպատակով: Սակայն խորհրդարանում նույնպես` ավելի մեծ տեղ է զբաղեցնելու գործընթացների ստվերային, չերևացող հատվածը: Այս առումով` անչափ ուշագրավ են հատկապես այն ներքին խմորումները, որոնք գրեթե անխուսափելի են ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցություններում:

Ի վերջո, ֆորմալ կամ ոչ ֆորմալ առումով, պետք է անբողջանա այն իրական մեծամասնությունն, որի հիման վրա ձևավորվելու է ապագա իշխանությունը: Այս համատեքստում ուշագրավ են մեծամասնության նետկայացուցիչների հնարավոր ինտրիգային նախաձեռնություններն, որոնք բխելու են ներհամակարգային հակասություններից կամ ուղղված են լինելու ներիշխանական նոր զարգացումներին: Ամռանը նման մի նախաձեռնության մասին հայտարարել էր հանրապետական Սամվել Ֆարմանյանը` խոստանալով ժողովրդագրական խնդիրներով զբաղվող խումբ ձևավորել խորհրդարանում:

Արդյո՞ք այդ նախաձեռնությունն արդեն հասունացել է, թե՞ համակարգի ներսում դեռ կան բաժանարար գծերի կամ կոմպրոմիսների այլ թեմաներ: Կանխատեսելը դժվար է, որովհետև այսօր մեկնարկում է խիստ վերահսկելի խորհրդարանի ոչ այնքան կանխատեսելի նստաշրջանը: Կարելի է ասել, որ այսօր մեկնարկում է նստաշրջան` համակարգային հրաբխի ֆոնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20