«Անելիք» բանկի պաշտոնյայի սպանության գործով կարևոր վկաները արտագաղթել են

- in Իրավունք
37
Hracan

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվում է «Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետի սպանության գործի քննությունը:

54-ամյա Մկրտիչ Պողոսյանը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքում կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Երևանի Վարդանանց փողոցում:

Տաքսու վարորդ Մկրտիչ Պողոսյանը իր մեքենայի միջից հանել է որսորդական հրացանը ու, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, սպանելու դիտավորությամբ մեկ կրակոց է արձակել «Անելիք» բանկի իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի աջ թիկունքային շրջանին և տեղում սպանել է նրան:

Սպանվածը ծնունդով Շիրակի մարզից էր, նախկին դատավոր Լեռնիկ Աթանյանի որդին, երկու անչափահաս երեխաների հայր:

Ըստ գործի նյութերի՝ Մկրտիչ Պողոսյանը մի քանի տարի շարունակ գույքային վեճ է ունեցել «Անելիք» բանկի հետ: Նա մի քանի հանդիպում է ունեցել տուժող Հ. Աթանյանի հետ: Հերթական մերժողական պատասխանը ստանալով բանկի իրավաբանական ու խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետից՝ Մկրտիչ Պողոսյանը վճռել է կյանքից զրկել նրան: Մի քանի ժամ անց նա որսորդական հրացանից կրակել ու սպանել է Հ. Աթանյանին:

Դեռ 2012 թվականին Մկրտիչ Պողոսյանը վաճառել է իրենց ընտանիքին պատկանող «Անգելինա» ռեստորանը:

Ռեստորանի ներսում եղած գույքը պայմանագրով անհատույց օգտագործման է հանձնվել ռեստորանի նոր սեփականատիրոջը: Վերջինս ռեստորանը գրավադրել է «Անելիք» բանկում ու դրա դիմաց ստացել է 1 միլիոն 300 հազար դոլար վարկ: Հետագայում նա վարկային պարտավորությունները չի կատարել, գրավադրված գույքը դարձել է բանկի սեփականությունը:

Մկրտիչ Պողոսյանը դիմել է բանկին՝ ռեստորանում մնացած շարժական գույքի դիմաց բանկից պահանջելով 300 հազար դոլար: Բանկը մերժել է Մկրտիչ Պողոսյանին՝ պատճառաբանելով, որ անշարժ գույքի հետ միասին գրավադրված է եղել նաև ռեստորանում առկա շարժական գույքը, որի վրա նույնպես բռնագանձում է տարածվել, այն նույնպես դարձել է բանկի սեփականությունը և չի կարող վերադարձվել:

Մկրտիչ Պողոսյանը այդ հարցով դիմել է բանկի իրավաբան, ապա և վարչության պետ Հովհաննես Աթանյանին, բայց միշտ մերժում է ստացել: Նա դիմել է նաև դատարան, բայց քաղաքացիական գործի քննությունը դեռ չավարտված՝ իմացել է, որ «Անգելինա» ռեստորանը ներսում առկա գույքով հանդերձ շահագործվում է: Այդ հանգամանքը Պողոսյանին հանել է հունից…

Նախաքննության սկզբում Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել պարզապես դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սակայն երբ քննության ընթացքում պարզվել է, որ սպանությունը կապված է տուժողի ծառայողական գործունեության կատարման հետ, Մկրտիչ Պողոսյանին առաջադրված մեղադրանքը ծանրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել հոդվածի ավելի ծանր մասով, որով նաև ցմահ ազատազրկում է նախատեսվում՝ 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դատական քննությունը դեռևս վկաների հարցաքննության փուլում է: Կային մի քանի վկաներ, որոնց ներկայությունը դատարանում ապահովելու ուղղությամբ դատարանը օրենքով նախատեսված քայլերի է դիմել, բայց հաջողության չի հասել:

Այդպիսի երկու վկաների՝ Գրիգորյանի ու Գևորգյանի վերաբերյալ ՍԷԿՏ համակարգով հարցմանը  դատարանը պատասխաններ էր ստացել, որ հիշյալ անձինք դեռ անցած տարի հատել են ՀՀ սահմանն ու մեկնել են ՀՀ-ից:

Դատարանը քննարկման դրեց այդ երկու վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելու հարցը:

Ամբաստանյալ Պողոսյանն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Դավիթ Մնացականյանն առարկեցին հատկապես վկա Հայկ Գրիգորյանի ցուցմունքների հրապարակման դեմ՝ կոչ անելով դեռ միջոցներ ձեռնարկել այդ վկայի հարցաքննությունը դատարանում կազմակերպելու համար: Սակայն դատարանն արձանագրեց, որ բոլոր միջոցները գործադրել է, ներկայումս էլ պաշտոնական պատասխան է ստացել, որ նշված անձինք Հայաստանի Հանրապետությունից դուրս են եկել:

Մեղադրողը հրապարակեց հիշյալ երկու վկաների նախաքննական ցուցմունքները:

Վկա Հայկ Գրիգորյանն աշխատել է «Անելիք» բանկում՝ որպես խնդրահարույց վարկերի վերադարձման դեպարտամենտի պետ: Նա հայտնել է, որ 2012 թվականից համատեղ աշխատանքի բերումով ընկերացել էր գործով տուժող Հովհաննես Աթանյանի հետ: Ըստ վկայի՝ իրենք «համագործակցում էին, նույն հարթության մեջ էին գործում»»:

Գրիգորյանը նշել է, որ յուրաքանչյուր խնդրահարույց վարկառուի հետ բանկը, մասնավորապես ինքը աշխատել է անհատական մոտեցմամբ: Նման վարկառուների կողմից գրավադրված  գույքի իրացումը կատարվել է այնպես, որ բանկը հնարավորինս մինիմալ վնասներ կրի: Միևնույն ժամանակ՝ բանկին անցած գույքի իրացման դեպքում բոլոր հնարավորությունները ստեղծել են, որ գույքի նախկին տերը կարողանա հետ գնել գույքը:

Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ Մկրտիչ Պողոսյանին ճանաչել է աշխատանքի բերումով: Մկրտիչ Պողոսյանն ու նրա որդին բանկից պահանջում էին «Անգելինա» հարսանյաց սրահում եղած շարժական գույքը: Սակայն հարսանյաց սրահը գրավադրվել էր ոչ թե որպես անշարժ գույք, այլ որպես գործող բիզնես՝որպես ռեստորան, ու այն գնահատվել էր իր շարժական գույքով հանդերձ, այլապես միայն տարածքի արժեքը ավելի ցածր կլիներ:

Մկրտիչ Պողսյանը բանկի դեմ հայց էր ներկայացրել քաղաքացիական դատավարության կարգով, բայց դատարանը մերժել է Պողոսյանի հայցը:

Հայր և որդի Պողոսյանները դիմել են բանկ՝ նոր վարկ ստանալու, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրը գնելու նպատակով: Ընդ որում, ըստ վկայի՝ Մկրտիչ Պողոսյանն ասել է, թե այդ վարկը տրամադրելու դեպքում իրենք կհրաժարվեն բանկ դեմ ունեցած իրենց գույքային պահանջներից:

«Անելիք» բանկի վարկային կոմիտեն քննել է Պողոսյանի վարկային գործն ու մերժել է վարկի տրամադրումը՝ այն համարելով ռիսկային: Պողոսյանները մինչ այդ բանկում գրավադրել էին նաև Աշտարակում գտնվող իրենց տունը, ստացել էին 21 հազար դոլար վարկ, սակայն ժամանակին այն մարել չէին կարողացել, տունը ևս անցել էր բանկին, բանկը թույլատրել էր, որ ընտանիքը որոշ ժամանակ բնակվի տանը, մինչև լուծի իր բնակարանային խնդիրը: Հետագայում տվյալ տան վերաբերյալ բանկը սկսել էր վտարման գործընթաց…

Ըստ վկա Հայկ Գրիգորյանի՝ «Անգելինա» հարսանյաց սրահի գրավադրմամբ վերցված վարկի չվերադարձման պայմաններում բանկը մեծ վնասներ էր կրել: Ինքն ու Հովհաննես Աթանյանը խորհրդակցել ու որոշում են կայացրել երկուսով ստեղծել իրավաբանական անձ՝ ընկերություն, որը հիշյալ հարսանյաց սրահը կարգի կբերի, կաշխատեցնի, կդարձնի գործող բիզնես, ապա կվաճառի ավելի բարձր գնով, ինչի շնորհիվ բանկը այս սրահի հետ կապված՝ վնասներ չի կրի:

Այս առաջարկը ներկայացրել են բանկի ղեկավարությանը, ստացել են համաձայնություն և հիմնել ու գրանցել են «Նաիրյան » ՍՊԸ-ն: Որոշել են ընկերության աշխատանքները հանձնել իրենց հարազատներին՝ վստահելի մարդկանց՝ հետագա բարդություններից խուսափելու համար: ՍՊԸ-ի ղեկավարումը Գրիգորյանը հանձնել էր աներոջը, իսկ կոնկրետ հարսանյաց սրահի գործունեությունը ղեկավարել էր Աթանյանի բարեկամը, ով տեղյակ է եղել ռեստորանային բիզնեսից:

Այս բիզնես ծրագիրը ներկայացնելով բանկին՝ իրենք ստացել են 1 միլիոն դոլար վարկ՝ 10 տարի ժամկետով: Գումարը ծախսել են հարսանյաց սրահի հետ կապված պարտքերը մարելու, ինչպես նաև սրահի գույքը նորոգելու, սրահը աշխատեցնելու համար: Սրահը վերանվանել են «Նաիրյան»:

Ըստ Հայկ Գրիգորյանի՝ նմանատիպ պրակտիկա գոյություն ունի համաշխարհային բանկերում, իրենք ինչ-որ արտառոց քայլի չեն դիմել: Քանի որ չգործող հարսանյաց սրահի արժեքը ցածր էր, իրենք ՍՊԸ են ստեղծել, վարկ են վերցրել, խնդրահարույց սրահը ոտքի են կանգնեցրել, դարձրել են գործող բիզնես, որպեսզի կարողանան հատուցել բանկի կրած վնասները: Ստացվում է՝ գործել են միայն ի շահ բանկի, իրենք, ըստ Հայկ Գրիգորյանի, շահ չեն հետապնդել…

Ըստ Հայկ Գրիգորյանի՝ 2015 թվականի նոյեմբերի 20-ին իրեն զանգել է Մկրտիչ Պողոսյանի որդին, ասել է, թե ցանկանում է հանդիպել: Ո՛չ այդ, ո՛չ հաջորդ օրն իրենց հանդիպումը չի կայացել:

Նոյեմբերի 24-ին սովորական աշխատանքային օր է եղել: Ինքն ու Հովհաննես Աթանյանը բանկում մասնակցել են նիստի, ապա երկուսով գնացել են իր աշխատասենյակ՝ աշխատանքային հարցեր քննարկելու: Այնուհետև, բանկի աշխատանքի ավարտին ինքը դուրս է եկել բանկից՝ Հովհաննեսի հետ պայմանավորվելով երեկոյան անհրաժեշտության դեպքում հանդիպել:

Ինքը մեքենայով դեռ շատ չէր հեռացել բանկից, երբ իրեն զանգել է գործընկերն ու ասել է, թե Հովհաննես Աթանյանի վրա կրակել է ինչ-որ տաքսու վարորդ: Ինքն անմիջապես վերադարձել է բանկ: Հետագայում իմացել է, որ Հովհաննես Աթանյանի վրա կրակել է իրենց բանկի խնդրահարույց վարկառու Մկրտիչ Պողոսյանը:

Հայկ Գրիգորյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ՝ դեպքի օրը Պողոսյանը հանդիպե՞լ է Հովհաննես Աթանյանին, թե՞ ոչ, կարծում է՝ նրանք չեն հանդիպել, այլապես Հովհաննեսն իրեն տեղյակ կպահեր: Հովհաննեսը երբևէ չի ասել, որ իրեն հետապնդում են:

Ըստ Հայկ Գրիգորյանի՝ «Նաիրյան» ՍՊԸ-ն Հովհաննես Աթանյանի հետ ստեղծելով՝ իրենք ի սկզբանե մտադրություն չեն ունեցել սրահը իրենց բիզնեսը դարձնել: Իրենք երկուսն էլ ցանկանում էին իրենց կարիերան շարունակել բանկային ասպարեզում. «Մենք այդ սրահից շահ չենք ունեցել, սրահը մենք չէինք պահելու, հետագայում վաճառելու էինք ավելի բարձր գնով»,- նշել է Գրիգորյանը: Իրենց նպատակը եղել է սրահի արժեքը բարձրացնելը՝ այն գործող բիզնես դարձնելով, և ստացված եկամուտի շնորհիվ բանկի վնասները մինիմումի հասցնելը…

Հայկ Գրիգորյանը, պատասխանելով քննիչի հարցին, ասել է, որ գաղափար չունի, թե որն է եղել Մկրտիչ Պողոսյանի կողմից Հովհաննես Աթանյանին սպանելու դրդապատճառը:

Վկա Գևորգյանը դեպքի պահին բանկում աշխատել է որպես պահնորդ: Դեպքը տեղի է ունեցել նրա հերթապահության օրը:

2015 թվականի նոյեմբերի 24-ին, ինչպես սովորաբար, բանկը հաճախորդների համար բաց է եղել մինչև 16-ն անց 45 րոպե: Բայց երբ բանկը պիտի փակվեր հաճախորդների համար, բանկ է մտել Մկրտիչ Պողոսյանը: Գևորգյանը նրան ճանաչել է որպես բանկի խնդրահարույց վարկառուի:

Պողոսյանն ասել է, թե ցանկանում է հանդիպել խնդրահարույց վարկերի վերադարձման դեպարտամենտի պետ Հայկ Գրիգորյանի հետ: Պահնորդ Գևորգյանը ներքին հեռախոսով զանգել է Հայկ Գրիգորյանին, բայց վերջինս չի պատասխանել: Պողոսյանը ցանկություն չի հայտնել Հովհաննես Աթանյանի հետ հանդիպելու, նա դուրս է եկել բանկից՝ ասելով, թե դրսում կսպասի Հայկ Գրիգորյանի դուրս գալուն:

Նրա գնալուց մոտ երկու ժամ անց բանկից դուրս է եկել Հայկ Գրիգորյանը: 20-ն անց 15-ին բանկից դուրս է եկել Հովհաննես Աթանյանը: 15-20 րոպե անց Գևորգյանին զանգել ու ասել են, որ Հովհաննես Աթանյանի վրա կրակել է ինչ-որ տաքսու վարորդ:

Նիստի ավարտին ամբաստանյալ Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Մնացականյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը հարցում կատարի «Անելիք» բանկին՝ «Նաիրյան» ՍՊԸ-ի ստեղծման հիմքերի, ՍՊԸ-ին վարկի տրամադրման վերաբերյալ՝ բանկի գործողությունների իրավաչափությունը հասկանալու նպատակով:

Նախագահողը պարզաբանեց՝ քանի որ փաստաբանի բարձրացրած հարցերը վերաբերում են նաև բանկային գաղտնիքի,  դատարանը ոչ թե պիտի պարզապես հարցում կատարի բանկին, այլ՝ համապատասխան որոշում պիտի կայացնի, մինչդեռ  հիշյալ հարցի վերաբերյալ գործում եղած փաստաթղթերը դատարանը դեռ չի հետազոտել, ինչպես նաև դեռ չի լսել ամբաստանյալի ցուցմունքը: Այդ գործողությունները կատարելուց հետո միայն դատարանը կանդրադառնա փաստաբանի միջնորդությանը, որը տվյալ պահին թողնվեց առանց քննության:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20