Անկախության տոն եւ խամրած երազանքներ

- in Վերլուծական
Hayastan

Այսօր Հայաստանը նշում է Անկախության տոնը. լրացավ անկախության հռչակման 26-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ձայների գերակշռող մեծամասնությամբ, քվեարկեցին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ստեղծելու օգտին:

Ոգեւորությունը մեծ էր, հույսն ու հավատը՝ անչափելի, դժվարությունները՝ հաղթահարելի. վերակերտվում էր հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը գնում էր իր երազանքի ետեւից:

Սկսված ղարաբաղյան պատերազմի, 88-ի ավերիչ երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի ու շրջափակման բերած դժվարությունները, իրոք, ժողովրդի հոգեբանության ու ընկալման մեջ հաղթահարվեցին. երազանքի իրականացումը մոտ էր թվում: Ունեինք անկախ պետականություն, հաղթած ժողովուրդ ու բանակ եւ թվում էր, թե դժվարությունները մնացին ետեւում ու կառուցվելու է ժողովրդի երազած պետությունը:

Բայց այդպես չեղավ. ժողովրդի երազանքը բախվեց իշխանության՝ երկիրը թալանելու անհագուրդ ախորժակին, սոցիալական շերտավորման դաժան իրողությանը, ճչացող անարդարությունների ու անօրինականությունների տխուր իրականությանը, աղքատության ու արտագաղթի ահագնացող պատկերին: Տարիների ընթացքում այդ երազանքը խամրեց, մանրացավ, մնաց անկատար:

Յուրաքանչյուր տարի, անկախության օրը, ժողովրդի երազանքը փուռը տված իշխանության ներկայացուցիչները շնորհավորական ուղերձներ են հղում, պաթոսախեղդ ու ճռճռան խոսքեր ասում, նշում նվաճումների ու ձեռբերումների մասին. ժողովուրդը ոչ միայն անհաղորդ է մնում այդ փքուն խոսքերին, այլեւ զզվանք է տածում այդ փուչիկ ուղերձների ու շնորհավորանքների հանդեպ:

Անկախության ու պետականության մասին խոսում են այն մարդիկ, ովքեր տարեցտարի դժգունել են ժողովրդի երազանքը, հանձնել անկախությունը, պետականությունը: Այսօր էլ հանձնում են այդ պետականության խորհրդանիշներից մեկը՝ հայոց լեզուն՝ ռուսերենին տալով հատուկ կարգավիճակ, մշակելով ռուսերենի տարածման հայեցակարգ, որը հանրային մեծ դժգոհություն է առաջացրել:

ՀԳ. Հատկանշական է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ռուսաց լեզվի հայեցակարգն իր հանձնարարականով չի եղել:  Լրագրողների այն հարցին, թե կարո՞ղ էր դա լինել կրթության եւ գիտության նախարարի որոշումը, վարչապետը նույն պատասխանն է տվել, փաստորեն ժխտելով նաեւ, թե դա նախարարի ինքնագլուխ որոշումն է:

Հայտնի է, որ հայեցակարգը մշակել է կրթության ու գիտության նախարարությունը: Ընդ որում, նշվում է, թե դրա ընդունման անհրաժեշտությունը «պայմանավորված է վարչապետի հանձնարարականով»: Վարչապետն էլ ասում է, թե ոչ ինքն է հանձնարարել, ոչ էլ նախարարն է ինքնագլուխ որոշել: Այդ դեպքում հարց է ծագում. բա որտեղի՞ց է գալիս այդ տխրահռչակ հայեցակարգի ընդունման հանձնարարականը. նախագահականի՞ց, թե՞, այնուամենայնիվ … Մոսկվայից:

Համլետ Կիրակոսյան

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20