Արդյո՞ք կատարվող փոփոխությունները բանակի դժգոհության հետևանք են

- in Հրապարակ
86
Vigen Sargsyan

Հայկական մամուլն արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ է հրապարակում, որ պաշտպանության նախարարությունում մշակվում է օրինագիծ, որով, ըստ էության, նվազեցվելու են անվտանգության և պաշտպանության ոլորտում վարչապետի լիազորությունները:

Առայժմ հայտնի է այդքանը, իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին հաստատել է այդպիսի օրինագծի մշակումը, սակայն հրաժարվել է ներկայացնել մանրամասներ՝ ասելով, թե դա չի մտնում արդարադատության նախարարության գործունեության ամփոփիչ ասուլիսի շրջանակի մեջ:

Այդպիսով, վարչապետի անվտանգության և պաշտպանության հարցերի առնչությամբ լիազորությունների սահմանափակումը հիմք է տալիս ենթադրելու, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը, գոնե այս փուլում, դուրս է գալիս օրակարգից: Հարց է առաջանում՝ դուրս է գալիս, բայց ո՞ւր է գնում, այդ լիազորությունները գնալու են մեկ կոնկրե՞տ տեղ, թե՞ ցրվելու են իշխանության տարբեր տեղերով: Սա էլ հնարավորություն կտա եզրակացնելու, թե արդյոք Սերժ Սարգսյանը պլանավորո՞ւմ է հայտնվել դե յուրե իշխանության այլ տեղում, թե՞ նա պարզապես առավելագույնս փորձում է հավասարակշռել իշխանությունը տարբեր թևերի միջև, այսպես ասած՝ հնարավորինս հավասար բաժանել, հնարավորինս ավելի տիրելու համար:

Միևնույն ժամանակ, այս լիազորությունների վերաբաշխման մասին տեղեկությունները հիշեցնում են սահմանադրական մշակումների շրջանը, երբ խոսվում էր, որ բանակին, զինված ուժերին հուզում է, այսպես ասած, գերագույն գլխավոր հրամանատարի խնդիրը, թե ով է լինելու բանակին հրաման տվողը, ում է ենթարկվելու բանակը: Այդ առումով որոշակի քննարկումներից հետո հայտարարվեց, թե խնդիրը լուծված է, և զինված ուժերն այլևս չունեն մտահոգություն: Թե ինչպես էր լուծվել խնդիրը, պարզ չէր: Պարզ էր միայն, որ խաղաղ ժամանակ Հայաստանը չուներ գերագույն գլխավոր հրամանատար, իսկ պատերազմական ժամանակաշրջանում գերագույն գլխավոր հրամանատար լինելու էր վարչապետը:

Ներկայումս լիազորությունների վերաբաշխումը հարց է առաջացնում, թե ի՞նչ է փոխվել այդ առումով: Արդյո՞ք կատարվող փոփոխությունները բանակի դժգոհության հետևանք են, հետևաբար՝ ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, որ կա այդ դժգոհությունը: Թե՞ պաշտպանության նախարարի փոփոխությունը բերեց նոր իրավիճակի, պարզապես Սերժ Սարգսյանին ժամանակ էր պետք կառավարման մոդելը այդ նոր իրավիճակին համապատասխանեցնելու համար, և նա այժմ է գտել դրա ժամանակը կամ հնարավորությունը: Կամ՝ արդյո՞ք մինչ այդ հավաստիացվել է, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետ, իսկ այժմ դրա հեռանկարը չկա, և բանակը չի ցանկանում այլ վարչապետի ենթարկվել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20