Serzh Gagik

Էջմիածնի, հատկապես Երևանի քրեական արյունոտ միջադեպերից հետո բոլորն են խոսում Վլադիմիր Գասպարյանի մասին: Ալարող-չալարողը դատողություններ է անում ոստիկանության և նրա ղեվավարի գործունեության մասին:

Մի կողմից` սա բնական է, որովհետև եթե քրեական խաժամուժն այնքան է լկտիացել, որ օրը ցերեկով «Սիցիլիա» է բեմականացնում Երևանի սրտում` կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր այն կողմ, ապա քննադատության թիրախում առաջին հերթին պետք է հայտնվեն իրավապահները, որոնց բյուջետային հատկացումներն, ի դեպ, տարեցտարի աճում են` ի տարբերություն կրթության և առողջապահության ոլորտների: Մյուս կողմից` երբ համակարգը ամբողջովին քրեականացված է, չի կարող տրամագծորեն այլ տրամաբանությամբ, փիլիսոփայությամբ գործել ոստիկանությունը, մանավանդ, երբ տարիներ շարունակ այս ծառայությունում մասնագիտական, լեգալ գործառույթը ստորադասվել է քաղաքական ֆունկցիային, ըստ այդմ` փոխվել են ոստիկանության գործունեության թիրախները: Եթե առաջանում է քաղաքական պատասխանատվության խնդիր, ապա Վլադիմիր Գասպարյանի հետ միասին կամ նույնիսկ նրանից ավելի շուտ` այդ գործընթացով պետք է անցնեն իշխանության առաջին դեմքերը, որոնց հանցավոր գործունեությունը կամ նույնքան հանցավոր անգործությունը հասցրել է քրեածին նման վիճակի: Մինչև վերջերս ոստիկանությունը նույնիսկ «շտապ օգնության» դեր էր կատարում, երբ պետական այլ մարմինների անգործության հետևանքով քաղաքացիներն, օրինակ, ճանապարհ էին փակում կամ բողոքի այլ ակցիաներ էին կազմակերպում: Այսօր, երբ պետական համակարգը չի կարողանում վերահսկել իրավիճակը` ներհամակարգային դիսբալանսի կամ ներքին կրիմինալիզացիայի հետևանքով, քրեական բումի փլատակների տակ հայտնվում է ամբողջ երկիրը, այդ թվում` ոստիկանությունը:

Սակայն մասնագիտական կամ սոցցանցային սիրողական քննադատությունից զատ` շատ էական է, թե Վլադիմիր Գասպարյանի անձի շուրջ ինչպիսի քաղաքական համատեքստ է ձևավորվում, որովհետև նա, ըստ էության, հանդիսանում է Սերժ Սարգսյանի իշխանության կայունության հիմնական խորհրդանիշներից մեկը և, օրինակ, 2014-16թթ-ին եղել է Սերժ Սարգսյանի իրականացրած համակարգային ֆիլտրումների հիմնական դերակատարը, մեծ հաշվով` խաղից դուրս թողնելով Գագիկ Ծառուկյանին, Հովիկ Աբրահամյանին, այն առանցքը, որը կարող էր խոչընդոտ հանդիսանալ Սերժ Սարգսյանի 2018-ի պլանների իրագործման համար:

Իհարկե ժամանակները փոխվել են. Հովիկ Աբրահամյանն այսօր չի կարողանում լուծել անգամ Արտաշատի քաղաքապետի հարցը, իսկ Գագիկ Ծառուկյանը դարձել է «խաղաղության աղավնի»` հաշտ ու խաղաղ գոյակցելով Սերժ Սարգսյանի հետ, չմոռանալով նաև իր և Կարեն Կարապետյանի «վաղեմի ընկերության» մասին:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի «հաշտեցման պակտը» տարածվում է նաև Վլադիմիր Գասպարյանի վրա, թե՞ ոստիկանապետի հետ կապված Սարգսյանը 2018-ին ծրագրեր չունի և ամեն ինչ թողնված է հանգամանքներին և Գասպարյանի ապարատային տաղանդին: Հարցին, թե վերջին օրերի իրադարձությունների ֆոնին նրանք չեն ուզում արդյոք պահանջել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիեջյանն այսօրվա ճեպազրույցում պատասխանել է. «Եթե իրավիճակը հսկողությունից դուրս գա, դառնա անկառավարելի, այն ժամանակ մենք, իհարկե, կարող ենք նման պահանջ դնել»:

Ակնհայտ է, որ Ծառուկյանի թիմի համար իրավիճակը «հսկողությունից դուրս գալ» կամ «անկառավարելի» դառնալ, մեղմ ասած, չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ համակարգային կոնսենսուսը Սերժ Սարգսյանն է կամ առնվազն մինչև այն պահը, քանի դեռ խախտված չեն Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունները: Մենք, անշուշտ, ընդամենը կարող ենք ընդհանուր ենթադրություններ անել այդ պայմանավորվածությունների մասին` առանց որոշակի պնդումների, սակայն այն հանգամանքը, որ նույնիսկ պատեհ առիթի պարագայում «Ծառուկյան» դաշինքը չի բացում Ծառուկյան-Գասպարյան հակամարտության «փակված գիրքը»` հուշում է, որ Վլադիմիր Գասպարյանը դեռևս չավարտված առաքելություն ունի: Խոսքն ավելի տարողունակ առաքելության մասին է, քան` նրա ֆորմալ լիազորությունները: Համակարգային ֆիլտրումների գործընթացում որևէ մեկը չի կարող Սերժ Սարգսյանի համար ավելի էֆեկտիվ լինել, քան Վլադիմիր Գասպարյանը, իսկ համակարգի տրանսֆորմացիան դեռ չի մոտեցել անգամ ավարտական հանգրվանին:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •